Հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումներն օժտված են համապատասխան բարոյահոգեբանական վիճակով և իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են պատշաճ մակարդակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Սահմանին որոշակի լարվածություն կա, կրակոցների թիվն է ավելացել, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում: Վերջին օրերին խոշոր տարամաչափի ականանետերից է կրակել: Իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, թե՛ ՀՀ սահմաններում վերահսկվում է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Նա նշեց, որ եթե խոսք հղելու լիներ հայ ժողովրդին, ապա դա կլիներ այսպես. «Հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը՝ մեր ժողովրդի, մեր հարազատների խաղաղությունն ապահովել է և ապահովելու է»:

 

Իսկ թե ինչով է պայմանավորված լարվածությունը, ապա ըստ նախարարի' դրա պատճառը կարող են լինել ինչպես Ադրբեջանի ներքաղաքական ու տնտեսական խնդիրները, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները: