Կառավարության այսօրվա նիստում' մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին:
Վարչապետը անհրաժեշտ համարեց, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանրությանը տեղեկատվություն տա, թե ինչպիսի իրավիճակ է շփման գծում տիրում:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով' թշնամու կողմից կատարված դիվերսիոն գործողությունների ժամանակ, ադրբեջանական կողմը ունեցել է կորուստներ' զոհեր ու վիրավորներ:
Սեյրան Օհանյանը նշեց, որ այժմ դիրքերում լարվածություն կա, որն արտահայտված է կրակոցներով ու խուճապահար քայլերով:
«Որոշակի լարվածություն կա ԼՂՀ-ի շփման գծում, լարվածություն կա նաև Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում: Մենք, սովորության համաձայն, անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին: Որևէ մտավախություն չպետք է լինի մեր ժողովրդի մոտ, մեր զինծառայողներն, ինչպես կատարել են իրենց խնդիրը, այնպես էլ շարունակում են կատարել»,-ասաց Սեյրան Օհանյանը: