Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության սրացումները պարբերաբար կրկնվում են, սակայն հայկական կողմը վերահսկում է իրավիճակը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք առաջին գծում անմիջական շփման մեջ ենք գտնվում հակառակորդի հետ և պետք է հասկանանք, որ նման իրավիճակները պարբերաբար կարող են կրկնվել»,- ասաց նա:

 

Անդրադառնալով մայիսի 26-ին ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողի վիրավորման դեպքին՝ նախարարն ընդգծեց, որ հակառակորդի արձակած գնդակը դիպել է պատին, այնուհետև անդրադարձել է դիպել է զինվորի ձեռքին: «Թեթև վիրավորվածություն է զինվորի մոտ»,- ասաց նա:

 

Նախարարը հիշեցրեց նաև, որ հակառակորդի կողմից դիվերսիոն հարձակման փորձ է եղել, սակայն հայ դիրքապահները կանխել են այն՝ խիստ կերպով պատժելով հակառակորդին:

 

Դիտարկմանը, թե սահմանին լարվածությունն այն բանի հետևանք է, որ Ադրբեջանը առավել գերակա է դառնում իր սպառազինությամբ, նախարարն ընդգծեց. «Մենք պետք է հասկանանք, որ բանակները չեն գնահատվում իրենց սպառազինության մակարդակով: Այդ սպառազինությունը պետք է նախ յուրացնել, պետք է պահել, շահագործել, և նաև պետք են մարդիկ, ովքեր կարող են այդ զենքերը օգտագործել»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ այդ առումով ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ-ն կարողանում են հավասարակշռությունը պահել՝ առանց երրորդ ուժի միջամտության՝ զինծառայողների որակական պատրաստվածության և մարտական ոգու հաշվին: