«Մեր հարևանները լարվածություն ստեղծելով՝ փորձում են դրանով իսկ ազդել առաջին հերթին միջազգային կառույցների վրա, որպեսզի ավելի մեծ զիջումների գնանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ չհասկանալով, որ երկխոսությունն է այն միակ ձևը, որը կարող է բերել է խաղաղ քաղաքական պայմաններով հարցի լուծման»: Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանի լարվածությանը, նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Փոխադարձ համաձայնություններն են, վստահության մթնոլորտի ստեղծումն է, որը հնարավորություն կտա նաև խոսել բանակցել, տեսնել, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը»,- նշեց Սեյրան Օհանյանը:

 

Ինչ վերաբերում է վստահության մթնոլորին՝ նախարարը նկատեց. «Վստահության մթնոլորտի ձևավորումը հիմնականում կախված է մեզնից, որն իրականացվում է առաջին գծում: Այսինքն՝ ստեղծել խաղաղ պայմաններ, հրադադարի պայմանի կատարում, և դիպուկահարներին հետ քաշել, դիվերսիոն հետախուզական գործողություններից զերծ մնալ, միջազգային հետաքննության մեխանիզմներ գտնել: Այդ ամենից մեր հարևանները, ցավոք սրտի, հրաժարվում են՝ փորձելով միակողմանի ազդել հայկական կողմի վրա»:

 

Հակառակորդի՝ լարվածություն ստեղծելու պատճառներից մեկն էլ, ըստ նախարարի, հակառակորդի ներքաղաքական դրությունն է.

 

«Ունի նաև ներքաղաքական նպատակներ, որոնք արտահայտում են թե՛ տնտեսության ոլորտում փոփոխությունները, թե՛ մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ազգային փոքրամասնությունների հետ վերաբերմունքը, այդ ամբողջ մթնոլորտը շեղել դեպի առաջին գիծ: Լարվածությունն օրըստօրե ավելի է սաստկանում, բայց հայկական Զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը լիարժեք վերահսկում են իրադրությունը և արժանի հակահարվածներ տալիս բոլոր ոտնձգություններին: Շատ դեպքերում նաև մենք տեղեկացնում ենք մեր հասարակությանը, որոհետև մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, բացի այն խնդիրներից, որոնք գաղտնիություն են պարունակում՝ հաշվի առնելով իմ ենթակա կառույցի առանձնահատկությունները: Ըստ էության, մենք պատժիչ, կանխարգելիչ, պարտադրող գործողություններ ենք ձեռնարկում, որովհետև այդ լեզուն է հակառակորդը միայն հասկանում,- եզրափակեց նախարարը: