Վազգենի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ չափազանց դժվար։ Դժվար է, որովհետև բառերն անզոր են նրա ողջ մեծությունը նկարագրելու համար։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ընդառաջ ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորև.


-Հարգարժան գեներալ, նախ կխնդրեմ բնորոշել Վազգեն Սարգսյանին՝ ո՞վ էր Վազգեն Սարգսյանը, ո՞րն է նրա մեծագույն գործը։

 

-Չեք պատկերացնում, թե ինչ բարդ հարց եք տալիս։ Վազգենի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ չափազանց դժվար։ Դժվար է, որովհետև բառերն անզոր են նրա ողջ մեծությունը նկարագրելու համար։ Վազգեն Սարգսյանը հայոց ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր, ամենանշանակալի դեմքերից է։ Սպարապետն այն մարդն է, որ հարյուրամյակների պարտություններից և կորուստներից հետո հայ ազգին հաղթանակներ բերեց։ Ժողովրդի պահանջով Սպարապետը կարողացավ միավորել երկրապահ ջոկատները, կարողացավ Արցախյան ինքնապաշտպանական պատերազմն այնպես հմտորեն կազմակերպել, որ ոչ միայն հաղթեցինք, ոչ միայն հրադադար պարտադրեցինք մեզ պատերազմ պարտադրած թուրքին, այլև հայրենի տարածքներ ազատագրեցինք երևի Տիգրան Մեծից հետո առաջին անգամ։ Սպարապետը ստեղծել է Երկրապահ կամավորականների միությունն ու հայոց բանակը։ Ուշադրություն դարձրեք՝ մեր պետության մեջ սրանք ամենակայացած կառույցներն են։ Սպարապետը հզոր ազգային, պետական, քաղաքական գործիչ էր։ Նա հրաշալի մարդ էր, հրաշալի ընկեր և բարեկամ, հայ ավանդապաշտ ընտանիքի հրաշալի զավակ։ Սպարապետը մեծ հայ է, բոլոր ժամանակների մեծերից մեկը։


-Պարո՛ն Գրիգորյան, Երկրապահն այս անգամ ինչպե՞ս է նշելու Սպարապետի ծննդյան օրը։

 

-Ունենք ձևավորած ավանդույթ, որ չենք խախտելու։ Վաղ առավոտյան ծաղկեպսակներ կտեղադրենք և կխոնարհվենք ԵԿՄ վարչության շենքում գտնվող Սպարապետի կիսանդրիին։ Այնուհետև երկրապահական երեք սերունդներով կմեկնենք Արարատ՝ Սպարապետի հայրենի օջախում նշելու իր ծննդյան օրը։ Մարտի 5-ին Գրետա մայրիկին շնորհավորելը մեր սրբազան պարտականությունն է։ Գրետա մայրիկը բոլոր երկրապահների մեծ մայրն է, սրբություն է հայ ազգի համար, քանի որ նա է լույս աշխարհ բերել հայոց նորագույն հաղթանակները երաշխավորած Սպարապետին։ Արարատից կվերադառնանք Երևան, կայցելենք Եռաբլուր՝ շնորհավորելու Սպարապետին և մնացյալ մեր քաջերին։ Արդեն յոթերորդ անգամ հենց Սպարապետի ծննդյան օրն ենք անցկացնելու պատանի երկրապահների երդման արարողությունը։ Սակայն այս տարի հաշվի առնելով, որ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն ենք նշում, որոշակի շտկում ենք մտցրել. պատանիների երդման արարողությունը տեղի կունենա Ծիծեռնակաբերդում՝ ցեղասպանության միլիոն ու կես անմեղ զոհերի հուշարձանի հարևանությամբ։ Սա իր խորհուրդն ունի։ Մեր պատանիները, երդվելով դառնալ պետության օրինակելի քաղաքացի, երդվում են լինել նաև պահանջատեր, ինչպես Վազգեն Սարգսյանն էր, երդվում են ամեն ինչ անել, որպեսզի մոտեցնեն ամբողջական հայրենիքին վերատիրանալու օրը։ 10 000-ից ավելի պատանի երկրապահ՝ հայրենասեր տղաներ և աղջիկներ ամբողջ Հանրապետությունից, երդվելու են Ծիծեռնակաբերդում։ Զուգահեռաբար երդման արարողություններ են կազմակերպվելու բոլոր տարածքներում։

 

Պատանի սերնդի հայեցի դաստիարակման մեր ծրագրերն արժանանում են ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանի լիարժեք աջակցությանն, ու նրա մեծ ներդրումը կա, որ այսօր մեր այս պատանիները պետական ճանաչում ունեն։ Պատանիների ուսուցման դասընթացներին աջակցում, մասնակցում են այն կառույցների լավագույն մասնագետները, որոնց հետ Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել՝ պաշտպանության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմիների։ Մեր պատանիների հետ նվիրվածությամբ աշխատում են հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորները։

 

Ի դեպ, այս տարին բացառիկ է նաև այն առումով, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահների օրհնության օր։ Էջմիածնի Մայր տաճարում և բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում անցկացվելու է պատանի երկրապահների օրհնության կարգ։ Այնպես որ՝ Սպարապետի ծննդյան օրը ԵԿՄ տոնացույցի կարևորագույն օրերից է, և մեր Սպարապետի 56-ամյակն էլ մեծ շուքով նշելու ենք։ Հիմնական միջոցառումներից զատ՝ մեր պատվիրակությունները լինելու են բոլոր այն վայրերում, ուր կան Սպարապետի հուշարձաններ։ 

 

Շարունակությունն` այստեղ: