ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ժառանգության կրողն է, որ այսօր պատվով շարունակում և զարգացնում է Սպարապետի գործը, 2006 թվականին, 50տարեկան հասակում, նաև Վազգեն անունով զավակ ունեցավ։ Պատանի երկրապահ Վազգեն Գրիգորյանը մեր զրուցակիցն է։

 

- Վազգե՛ն, դու գիտե՞ս, թե ում անունն ես կրում։


- Իհարկե գիտեմ։ Եվ շատ հպարտ եմ։ Իմ ծնողները, որ Արցախյան պատերազմի հերոսներ են, ինձ անվանակոչել են Վազգեն՝ հայոց բանակի հիմնադիր, Երկրապահի հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատվին։

 

- Անունդ ի՞նչ է պարտավորեցնում։


- Դե, ես հասկանում եմ, որ պետք է սիրեմ հայրենիքս, պետք է լավ սովորեմ, որ հետո լավ մասնագետ դառնամ, ազգիս ծառայեմ, ընտանիքիս ծառայեմ։ Հասկանում եմ, որ պետք է փորձեմ նմանվել Սպարապետին և իմ հայրենասեր ծնողներին։ Հայրս լեգենդար զորահրամանատար է եղել, թուրքերին ջարդել է, մեր հողերն ազատել է, մեր Արցախը պաշտպանել է։ Մայրս էլ է, զենքը ձեռքին, հայրենիքի ազատագրմանը մասնակցել։ Ես իրավունք չունեմ վատ արարքներ թույլ տալ, իրավունք չունեմ տգեղ բաներ անել, որ հանկարծ մեկնումեկը չկարողանա ասել՝ Սպարապետի պատվին անվանակոչված Վազգենը վատն է, որ գեներալ Մանվելի որդին լավ մարդ չի, չկարողանան ասել ՝ Նազիկ Ամիրյանի զավակը լավ մարդ չի։

 

- Իսկ ի՞նչ ես անում ծնողներիդ և Սպարապետի պատիվը բարձր պահելու համար։


- Լավ եմ սովորում, օգնում եմ ընկերներիս։ «Պատանի երկրապահ» կառույցի սան եմ։ Հրամանատարասերժանտական դասընթացների եմ մասնակցում, շարային, կրակային պարապմունքներ եմ անցնում, հայոց եկեղեցու պատմություն եմ ուսումնասիրում, Հայաստանի, Արցախի բոլոր տարածքներն եմ այցելում, մեր հերոս նահատակների կենսագրություններն եմ ուսումնասիրում։ Ինչպես հայրս է ասում՝ ես, իմ ընկերները՝ պատանի երկրապահները, վաղվա հզոր Հայաստանն ու պաշտպանված Արցախն ենք։

 

- Ո՞րն է հորդ տված ամենաուսանելի խորհուրդը։


- Պապաս միշտ ասում է՝ հիշի՛ր Վազգե՛ն, վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրդ, առջեւում՝ հայոց անկախ պետականությունը։ Նա այդպես է ապրել, ուզում է, որ ես էլ իր նման լինեմ։