Մարտի 5-ը` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, առանձնահատուկ նշանակություն ունի Երկրապահ կամավորականների միության համար: Այդ օրը երկրապահներն այցելում են Արարատ, Սպարապետի հայրական օջախում նշում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Այնուհետև մեծ միջոցառում է անցկացվում Եռաբլուրում: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ' մարտի 5-ը նաև պատանի երկրապահի երդման օր է հայտարարված: Սպարապետի 55-ամյակին արդեն 5-րդ անգամ պատանի երկրապահներն այս կարգով են երդման արարողությունն անցկացնելու:

 

Այսօր Լուրեր.com-ի թղթակիցը Եռաբլուրում ականատես է եղել, թե ինչ ոգևորությամբ են պատանի երկրապահները պատրաստվում վաղվա արարողությանը: Պատանիներն, ի դեպ, ոչ միայն մարտարվեստի, զենքի են տիրապետում, այլև, պարզվում է' լուրջ գաղափարական պատրաստվածություն են անցնում:

 

Մեր զրուցակից երեխաները, իրար հերթ չտալով, պատմում էին, թե ով է Վազգեն Սպարապետը, նաև' շնորհավորանքներ փոխանցում հայ ազգին: «Մարտի 5-ը հարկավոր է ընդգրկել հայոց ազգային տոնացույցում, որովհետև դա ԵԿՄ հիմնադիր, հայոց բանակի հիմնադիր, մեզ հաղթանակներ պարգևած Սպարապետի ծննդյան օրն է: Ես տոնի կապակցությամբ շնորհավորում եմ Սպարապետի ծնողներին, Զորավար Մանվել Գրիգորյանին, բոլոր երկրապահներին, ողջ հայ ազգին»,- ասում է Անահիտ Այդինյանը, որ պատանի երկրապահների ավագի կոչում ունի:

 

Իսկ պատանի երկրապահների նորագիրներից Զարուհի Հարությունյանն ավելացնում է. «Վաղը իմ կյանքի ամենանշանակալի օրերից է լինելու, վաղը երդմամբ եմ ստանձնելու պատանի երկրապահի' Վազգեն Սպարապետի հետնորդի պարտավորությունը»: Պատանիների խոսքն ամբողջացնում է Վարդան Ալեքսանյանը. «Ես հպարտ եմ, որ կրթվում, դաստիարակվում եմ ավագ սերնդի երկրապահների, պատերազմի իսկական հերոսների կողքին: Զորավար Մանվել Գրիգորյանը, մեր մնացյալ ավագ ընկերները մեզ սովորեցնում են սիրել հայրենիքը, մենք լինում ենք բոլոր սահմանամերձ բնակավայրերում, այցելում ենք զոհվածների պատվին կանգնեցված հուշարձաններ:

 

Ողջ կյանքում կհիշեմ, որ Էջմիածնում վեհափառ հայրապետի օրհնանքին արժանացա: ԵԿՄ վարչության նախագահը ինձ և իմ մի քանի ընկերների ևս ընդգրկել էր Էջմիածին մեկնող պատվիրակության մեջ: Մենք ներկա ենք լինում ԵԿՄ վարչության նիստերին: Զորավարն ասում է, որ սերունդների միջև կապի ապահովումն ամենակարևոր խնդիրներից է»: