ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորանքի խոսք է հղել սահմանադրական հանրաքվեի կայացման առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ եռասերունդ Երկրապահ կամավորականների միությանը, երկրապահ հայ ազգին Սահմանադրության փոփոխությունների գործընթացը հաջողությամբ կազմակերպելու և տոնական մթնոլորտում անցկացնելու համար:
Հիրավի կատարվել է լուրջ քայլ' քայլ, որ նպաստելու է հայոց պետականության ամրապնդմանը, հայ ազգի դարավոր իղձերի իրականացմանը, հզոր Հայաստանի և բարեկեցիկ, պաշտպանված Արցախի կայացմանը: Մենք չենք մոռացել, որ 1989-ից մեկնել ենք Արցախ և մինչ օրս էլ Արցախում ենք, սահմանապահ հայ զինվորի կողքին ենք, Արցախի ժողովրդի, Արցախի անկախության կողքին ենք: Դրա համար էլ մենք գիտակցում ենք, որ մեր պարտավորությունները բազմապատիկ անգամ ավելի են: Ես սա բազմիցս ասել ու դարձյալ կրկնում եմ:
Շնորհավորելով' նաև շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին բարձր կազմակերպվածություն ցուցաբերելու համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրապահներին' սկսած ԵԿՄ մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից, արտերկրի ներկայացուցչություններից մինչև անհատ առ անհատ մեր բոլոր անդամներին, ինչպես նաև գործընկեր կառույցներին, հատկապես՝ Երկրապահի հետ հուշագրեր ստորագրած կառույցներին: Երկրապահական եռասերունդ ընտանիքը հերթական անգամ արդարացրեց հույսերն ու սպասումները: Դո´ւք, սիրելի մարտընկերներ, երիտասարդ երկրապահներ, պատանի երկրապահների ծնողներ, արդարացրիք այն վստահությունը, որ ես ունեի ամենքիդ նկատմամբ: Ես հպարտորեն և առանց վարանելու կարող եմ հայտարարել, որ բոլոր երկրապահները' բոլորն անխտիր, կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, սիրելի՛ երկրապահներ, նույնիսկ նրանց, ովքեր, գաղափարական համոզմունքներից ելնելով՝ դեմ են քվեարկել փոփոխություններին։ Հատուկենտ այդպիսի ընկերներ էլ ունենք։ Սակայն, հստակ է, որ ոչ մի երկրապահ անտարբեր չի մնացել՝ բոլորը մասնակցել են համաժողովրդական քվեարկությանը։ Աստված պահապան ձեզ, ձեր ընտանիքներին, հարգելի´ իմ երկրապահներ:
Դեկտեմբերվեցյան նշանակալի իրադարձության կապակցությամբ ես շնորհավորում եմ զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկներին, մեր ծնողներին: Մենք ապագային միտված քայլ ենք կատարել ոչ միայն մեր սերնդի համար:
Ժողովրդավարացման գործընթացին նպաստելով' նաև անցյալ ու գալիք սերունդների փոխարեն և հանուն անցյալ ու գալիք սերունդների ենք քայլ կատարել: Եվ այդ քայլը կատարել ենք ոչ թե որևէ մի անձնավորության, որևէ մի քաղաքական ուժի համար, այլ՝ ինքներս մեզ համար, մեր երկրում օրենքի, իրավունքի իշխանություն ունենալու համար, մեր երեխաների ու թոռների համար, ապագայի համար: Հայ ազգն ապացուցեց, որ միասնական է ու վճռական: Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը հզոր ուժ է: Հայ ազգի նմանօրինակ միասնականությունը հետագա հաջողությունների գրավականն է: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության ջանքերի մեկտեղմամբ հասնելու ենք բոլոր համազգային խնդիրների հայանպաստ լուծմանը։
Փա´ռք իմաստուն հայ ազգին:
Փա´ռք մեր հերոս նահատակներին և բախտորոշ պատերազմից հաղթանակով վերադարձածներին:
Փա´ռք հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին:
Երիցս փա´ռք աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին:
Կեցցե´ հայոց պետականությունը, հավերժ փա´ռք Հայաստանի անկախ Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը»: