Mediamall.am-ը ներկայացնում է օրվա կարևորագույն իրադարձությունների ծաղկաքաղը.


Լևոն Հայրապետյանին, ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթից կտեղափոխեն հիվանդանոց. Մացակ Փոլադյան

 

Հայազգի գործարար և բարերար, Մոսկվայում ձերբակալված Լևոն Հայրապետյանի և աղջկա հանդիպումը շատ կարճ է տևել, սակայն այդ հանդիպումից գործարարն իրեն լավ է զգացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի վստահված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը նշեց, որ Հայրապետյանի գործի վերաբերյալ շատ մանրամասներ չկան: Նրա առողջական վիճակը մի քիչ լավացել է, իսկ դստերը հանդիպելուց հետո, հոգեպես ուրախացել է: Փոլադյանը հավելեց, որ անընդհատ կապի մեջ է Հայրապետյանի Մոսկվայի ընկերների հետ և նրանք իրեն հավաստիացրել են, որ Հայրապետյանին անպայման կտեղափոխեն հիվանդանոց:

«Ամենաուշը՝ մեկ շաբաթից Հայրապետյանն անպայման հիվանդանոց կտեղափոխվի: Իսկ մինչ այդ, փաստաբանը զբաղվում է գործով և ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարությունը վերահաստատվի և Լևոնն ազատ արձակվի»,- ասաց Փոլադյանը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լևոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

 

***

 

Դոնեցկի աշխարհազորայինները Boeing-ի «սև արկղերը» փոխանցել են Մալայզիայի փորձագետներին

 

Դոնեցկի աշխարհազորայինները կործանված Boeing օդանավի «սև արկղերը» փոխանցել են Մալայզիան ներկայացնող փորձագետներին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Սև արկղերը» փոխանցել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը, և երկու կողմն էլ ստորագրել է այդ գործընթացի մասին արձանագրությունը:

Մալայզիայի ներկայացուցիչ և երկրի ազգային անվտանգության խորհրդի անդամ գնդապետ Մոհամեդ Սակրին հայտնել է, որ «սև արկղերը» վնասված չեն, և Մալայզիայի ներկայացուցիչներն ամենամոտ ժամանակներում «սև արկղերը» կտեղափոխեն Մալայզիա:

 

***

 

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

 

Պաղեստինի Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան հակամարտ ուժերի բախումների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի հիշատակին նվիրված եռօրյա սուգ է հայտարարվել Թուրքիայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը:

«Մենք դատապարտում ենք Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Իսրայելի ռազմական գործողությունները, որոնց հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել: Թուրքիայի կառավարությունը որոշել է պաղեստինյան ժողովրդի հետ իր համերաշխությունը ցուցադրելու համար եռօրյա սուգ հայտարարել:

Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի դեմ սկսած ռազմական գործողությունները: Մենք աջակցում ենք հրադադարի հետ կապված միջազգային հանրության բոլոր ջանքերին», -ասել է թուրք փոխվարչապետը:

 

***

 

Զինծառայողին սպանելու գործով ձերբակալված զինվորը կալանավորվել է

 

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած Գևորգ Ավագյանի գործով ձերբակալված Արմեն Սարգսյանը կալանավորվել է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Հանցանքի համար պատիժ է սահմանվում ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով:

 

***

 

Թուրքիայի ՆԳՆ հետախուզական վարչության նախկին պետը խոստովանել է Հրանտ Դինքի սպանության ապացույցների ոչնչացվելը

 

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում Թուրքիայի ՆԳՆ հետախուզական վարչության պետ Սաբրի Ուզունը խոստովանել է, որ փորձ է արվել պոլսահայ խմբագրի սպանությունը թաքցնել արդարադատությունից, ինչի համար հանցագործության մասին ապացույցները ոչնչացվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, այս մասին թուրք նախկին պաշտոնյան հայտնել է Դինքի սպանության գործով որպես «կասկածյալ» մայիսի 8-ին Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Յուսուֆ Դողանի կողմից 8 ժամ տեւած հարցաքննության ենթարկվելու ժամանակ, որի վերաբերյալ 11-էջանոց արձանագրությունը կցվել է Դինքի դատական գործին:

Նա հայտարարել է, որ Դինքի սպանության վերաբերյալ ստացված հետախուզական տվյալները ոստիկանության որոշ պաշտոնյաներ իրենից թաքցրել են: Նրա խոսքով, դա արել է այն ժամանակ հետախուզական վարչության C բաժնի տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը: Նրա խոսքով, հետախուզության գործակալ Էրհան Թունջելի տված տեղեկությունների հիման վրա պատրաստված F4 զեկույցը, որտեղ նշվում էր, որ Հրանտ Դինքի նկատմամբ մահափորձ է պատրաստվում, իրենից թաքցվել է, եւ ոստիկանության որոշ պաշտոնյաներ աչք են փակել Դինքի սպանության վրա: Սաբրի Ուզունը հարցաքննության ժամանակ հայտնել է բոլոր այ ն պատասխանատուների անունները, որոնք իրեն պետք է տեղեկացնեին Դինքի սպանությունը նախապատրաստվելու մասին:

Թուրք նախկին պաշտոնյան նշել է, որ այդ զեկույցին առնչվող բոլոր փաստերն ու ձայնագրությունները միտումնավոր ջնջվել են: «Եթե դրանք ջնջվել կամ փոփոխվել են, ապա դա արվել է էլեկտրոնային համակարգի 6-7 համակարգիչներից: Դա նշանակում է, որ փորձ է արվել արդարադատությունից թաքցնել իրականությունը: Հանցանքի վերաբերյալ ապացույցները ոչնչացվել են», -խոստովանել է նա:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի Վճռաբեկ դատարանի ավելի վաղ ընդունած վճիռը, որով որոշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության գործը արդյունավետ չի հետաքննվել, դատական մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվել նրա ընթացքի մասին, եւ այդ պատճառով ընտանիքի իրավունքները խախտվել են: ՍԴ-ն Թուրքիայի դատախազությանը պարտավորեցրել է նոր հետաքննություն անցկացնել Հրանտ Դինքի սպանության գործով:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանություն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման:

Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակեր պության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել էր Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:

 

***

 

Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ի իր միկրոբլոգում համանախագահը գրել է. «Հենց նոր ժամանեցի Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին' Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Մենք ձգտում ենք կարգավորման' բանակցությունների միջոցով»,- գրել է Ջեյմս Ուորլիքը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կմասնակցի Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Բրյուսելում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Մինչ այդ, Վարշավայում հանդիպել էին ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նրանք քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու առաջարկներ ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համար:

 

***

 

Թուրքիայում բենզատարի պայթյունի հետևանքով 80 մարդ է տուժել

 

Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի նահանգի Լիջե քաղաքին կից Թուզլա գյուղի մոտ գիշերը Բինգյոլից Դիարբեքիր մեկնող բենզատարի վթարի ենթարկվելու պատճառով առաջացած պայթյունից տուժել է 80 մարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալքիը:

Նշվում է, որ վարորդը կորցրել է կառավարումը, բենզատարը շրջվել է' փակելով ճանապարհի երթեւեկելի մասը: Հետեւից եկող ավտոբուսի ուղեւորները շտապել են օգնություն ցուցաբերել վարորդին, այդ պահին հզոր պայթյուն է տեղի ունեցել, կրակն անցել է անգամ քիչ հեռու կանգնած ավտոբուսներ եւ ավտոմքենաներ:

 

***

 

Գլխավոր դատախազությունը խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը. ՄԻՊ

 

Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների և ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:

Այրին՝ Թամամ Միսակյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այնտեղից նյութերն ուղարկվել են նախաքննության մարմնին՝հետագա ընթացքը լուծելու նպատակով: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Կինը բողոք է ներկայացրել դատախազին՝ խնդրելով վերացնել քննիչի որոշումը և անցկացնել փորձաքննություն: Սակայն դատախազը ևս մերժել է կնոջ բողոքը:

Այրին դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել իր իրավունքների պաշտպանության հարցում: Օմբուդսմենը գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ քննիչը լրացուցիչ բացատրություն չի վերցրել ազատամարտիկի այրուց, հարցաքննել է միայն կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ կասկածվող մարդկանց, չի նշանակել դատագենետիկական փորձաքննություն: Պաշտպանը գործում հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ և անտեսված հակասություններ ևս:

Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազությանը' ուշադրություն հրավիրելով օրենսդրական այն պահանջին, որ Դատախազությունը պարտավոր է հսկել հետաքննության և նախաքննության օրինականությունը, լիազորված է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը և հարուցել քրեական գործ:

Այսպիսով, Գլխավոր դատախազության անգործության հետևանքով խախտվել է զոհված ազատամարտիկի այրու իրավական պաշտպանության իրավունքը: Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում:

Կարեն Անդրեասյանը հորդորում է Գլխավոր դատախազությանը բացառել հաճախ կրկնվող թերացումները և պատասխանատվության ենթարկել խախտումը կատարած պաշտոնատար անձանց:

ՄԻՊ գրասենյակ

 

***

 

Պորոշենկոն «Մասնակի զորահավաքի» մասին օրենքի նախագիծը փոխանցել է Գերագույն ռադային

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի հաստատմանն է ուղարկել «Մասնակի զորահավաքի» մասին օրենքի նախագիծ: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը:

Ըստ փաստաթղթի՝ «Մասնակի զորահավաքի» հայտարարությունը կապված է Ուկրաինայի տարածքում ահաբեկչության տարածման հետ, որը հանգեցնում է երկրի արևելյան շրջաններում խաղաղ բնակչության, զինծառայողների, ինչպես նաև ռազմական կառույցների և իրավապահ մարմինների աշխատակիցների վերացման և մահվան:

Ավելի վաղ, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ Ուկրաինայի խորհրդարանի նիստում դիտարկվելիք առաջնահերթ հարցերից մեկն առնչվելու է մասնակի զորահավաքի մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանին: Տուրչինովն ընդգծել է, որ անհրաժեշտ է այդ հրամանը հավանության արժանացնել հնարավորինս սեղմ ժամկետում, որպեսզի այն մտնի ուժի մեջ:

 

***

 

Ուկրաինան ունի փաստեր, որ մալայզիական ինքնաթիռը խփել են Դոնեցկի անջատողականները. դեսպան

 

Դոնեցկի շրջանում մալայզիական ինքնաթիռի վթարի մանրամասների բացահայտումը գտնվում է Ուկրաինայի բարձրագույն իշխանությունների ուշադրության կենտրոնում և Ուկրաինան ունի բազմաթիվ անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են, որ ինքնաթիռը խփել են անջատողականները: Հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կուխտան շեշտեց, որ Ուկրաինան հետաքրքրված է հնարավորության սահմաններում ինքնաթիռի վթարի արագ բացահայտման հարցում և այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են բոլոր հետաքրքրված կողմերն ու միջազգային կառույցները: Կուխտան հավաստիացնում է, որ ընթանալու է օբյեկտիվ հետաքննություն և այդ նպատակով պաշտոնական Կիևը հրավիրել է նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին, որպեսզի մասնակցեն հետաքննությանը:

 

«Ուկրաինայի ներքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններն ունեն անհերքելի փաստեր, համաձայն որի ինքնաթիռը խփել են Դոնեցկում գտնվող անջատողականները: Մենք պատրաստ ենք այդ տեղեկատվությունը տրամադրել թե միջազգային հանրությանը, թե կազմակերպություններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն դրանք»,- ասաց Կուխտան' հավելելով, որ արդեն ստեղծվել է հատուկ շտաբ, որի միջոցով կապ են պահպանում ինքնաթիռի ուղևորների բարեկամների հետ, նրանց տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Լրագրողների դիտարկմանը, որ Ռուսաստանն էլ ինքնաթիռի վթարի այլ վարկած է ներկայացնում, դեսպանն ասաց, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ապացույցները, ՌԴ-ն մի բան է ասում, Ուկրաինան, ԱՄՆ-ն մեկ այլ, միջազգային կազմակերպությունները բոլորովին այլ: Ըստ դեսպանի՝ հենց այդ նպատակով է ստեղծվել հանձնաժողովը, որպեսզի ներկայացվեն բոլոր ապացույցներն ու փաստերը և փորձագետները, ուսումնասիրելով դրանք, գան ընդհանուր եզրակացության:

 

Դեսպանի գնահատմամբ՝ փաստը, որ ինքնաթիռի վթարից հետո Դոնեցկում անջատողականները խոչընդոտում էին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարության մուտքը վթարի գոտի, փաստում է այն մասին, որ նրանք փորձում էին ինչ-որ ապացույցներ թաքցնել, մաքրել: «Այլ նպատակ չեմ տեսնում, քան ապացույցների թաքցնելը»,- ասաց Կուխտան:

 

***

 

 

«Ռամասուն» թայֆունից զոհերի թիվն աճում է Վիետնամում և Չինաստանում

 

«Ռամասուն» թայֆունից զոհերի թիվը Վիետնամում հասել է 26-ի, իսկ Չինաստանում՝ 33-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը: Վերջին 40 տարվա ընթացքում ամենահզոր թայֆունը մոլեգնել է Վիետնամում, Չինաստանում, ինչպես նաև Ֆիլիպիններում, որտեղ քամու պոռթկումները հասել են ժամում 205 կիլոմետրի:

Չինաստանում տարերային այդ աղետին ենթարկվել է 8 միլիոն մարդ, 608 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, իսկ 204 հազար մարդ առաջին անհրաժեշտության իրերի խիստ կարիք ունի:

Փորձագետների տվյալներով՝ Հայնանում և Գուանսիում տարերքի պատճառած վնասը գերազանցել է երկու միլիարդ դոլարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

Բաքվում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի հերթական վետերանը

 

Բաքվի Խազարի շրջանի ոստիկանությունը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ այսօր առավոտյան ինքնահրկիզման է դիմել Բուզովնա ավանի բնակիչ, ղարաբաղյան պատերազմի 53-ամյա վետերան Ջոշգուն Էյվազ օղլու Նուրիեւը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Ազադլըգ» թերթը, վետերանը ազգականների ներկայությամբ բենզին է լցրել իր վրա եւ հրկիզել իրեն: Ազգականները հանգցրել են կրակը, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ստացած այրվածքներից Նուրիեւը 8 ժամ հետո հիվանդանոցում մահացել է: Նրա' ինքնահրկիզման դիմելու պատճառը հայտնի չէ: Կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 12 քաղաքացի, որոնցից 6-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից խախտվելու, իրենցից կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով:

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն' 2014 թ. այդ երկրում արդեն 159 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ը անչափահասներ են եղել, 12 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

***

 

Լևոն Հայրապետյանի մերձավորները գործարարի ձերբակալությունը Ադրբեջանի քաղաքական պատվեր են համարում

 

Մոսկվայում ձերբակալված hայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը պետական ռեկետ է գործարարին սնանկացնելու համար: Նման կարծիք հայտնեց իրավաբան Արթուր Սաֆարյանը, ով այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և գործի կապակցությամբ խորհրդակցում է Հայրապետյանի փաստաբանների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 22-ին' ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի հրավիրված ասուլիսի ժամանակ Սաֆարյանը հեռախոսով հայտնեց, որ Հայրապետյանն այժմ գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» բանտի երրորդ հարկում, նրա առողջական վիճակը լավ չէ: «Հիմա Ռուբեն Մարգարյանի փոխարեն այլ փաստաբանական խումբ է աշխատում գործով: Միջնորդություն են ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան, որ կալանքը որպես խափանման միջոց փոխվի տնային կալանքի, բայց քիչ հավանական է, որ դա տեղի ունենա»,-ասաց ն ա' հավելելով, որ, իր կարծիքով, Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական և տնտեսական պատվեր է' «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերը նրանից խլելու համար:

Նման դիրքորոշում հայտնեց նաև Արցախյան ազատամարտի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: «Տեղի ունեցածը մի անսպասելի իրադարձություն էր: Ցանկացած իրադարձություն նախօրոք պլանավորվում է և ունենում է հեղինակներ ու կատարողներ: Ադրբեջանի հատուկ ուժերը երկար ժամանակ հետևում էին Լևոն Հայրապետյանին: Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն: Ռազմական խնդիրը կայանում է նրանում, որ նա ֆինանսապես աջակցում է արցախյան բանակը, երկրորդ'նրանք ապատեղեկատվույուն են տարածում, իբր, Հայրապետյանը սեփական բանակ է ստեղծում' ի նկատի ունենալով ռազմական ուսումնարանը, որի կառուցմանը ես ևս օժանդակել եմ»,- ասաց Տեր-Թադևոսյանը:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Հայրապետյանի ձերբակալությունը համարում է թյուրիմացություն: «Ոչ մեկի համար դա սպասելի չէր, մենք բոլորս շատ լավ ճանաչում ենք Լևոնին: Նա իր ողջ գործունեության ընացքում ամեն կերպ աջակցել է հայ-ռուսական դաշինքի ամրապնդմանը և Արցախի զարգացմանը, հսկայական ներդրումներ կատարել: Այսօր մենք պետք է խնդրենք պատկան մարմիններին, հաշվի առնելով նրա գործունեությունը և առողջական վիճակը, փոխել խափանման միջոցը: Սա պարզապես թյուրիմացույուն է, որևէ քաղաքական ենթատեքստ ես այստեղ չեմ տեսնում»,- ասաց նա:

Հուլիսի 15-ին ՌԴ անվտանգության ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեծ ավանդ ունի Լեռնային Ղարաբաղում տնտեսության զարգացման և բանակաշինության գործում: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է ձերբակալության որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

 

***

 

ԼՂՀ վարչապետն անդրադարձել է Քարվաճառի դեպքերին

 

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մամուլի ասուլիսում հակիրճ ամփոփել է գործադիր մարմնի վեց ամսվա կատարած աշխատանքը և պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերի: Արա Հարությունյանի խոսքով' ՀՆԱ-ի վեցամսյա տվյալները ցույց են տալիս, որ կառավարությունը կատարելու է իր ստանձնած պարտավորությունները՝ չնայած եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ոչ այնքան գոհացուցիչ արդյունքների: Այդ բացը, ըստ կառավարության ղեկավարի, լրացվելու է արդյունաբերության ոլորտի' մասնավորապես, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության և շինանյութերի արտադրության հաշվին:

Անդրադառնալով կառավարության կողմից իրագործվող տարբեր ծրագրերի ընթացքին՝ վարչապետը կարևորել է 2015 թ. գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, մայրաքաղաքում հանրակացարանային պայմաններում ապրող բնակիչների բնակարանային խնդրի լուծումը և այլն: Գործադիրի ղեկավարի խոսքով' կարճ ժամանակահատվածում լուծում է տրվելու հանրակացարաններում ապրող բնակիչներին հուզող առաջնահերթ հարցին: Ներկայումս բանակցություններ են ընթանում բնակիչների հետ, նրանցից ոմանց կտրվեն բնակարաններ, որոնք կառավարությունը մտադիր է ձեռք բերել երկրորդային շուկայից, իսկ մնացած ընտանիքները կտեղավորվեն հանրակացարանային շենքերում' արդեն բնակարանային բոլոր հարմարություններով վերակառուցված:

Խոսելով հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման մասին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ այն նպաստելու է սոցիալական լարվածության թուլացմանը: Վարչապետի կարծիքով, աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, հանրապետությունում էական գնաճ' հատկապես պարենային ապրանքատեսակների մասով, չի լինի: Իսկ ինչ վերաբերում է պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի գործակիցների հաշվարկմանը, ապա դա պայմանավորված է ՀՀ և ԼՂՀ միջև առկա համաձայնությամբ, որով սոցիալական և աշխատավարձային քաղաքականությունները պետք է նույնական լինեն: Հետևաբար, ՀՀ-ում ընտրված չափորոշիչները ներդրվել են նաև ԼՂՀ-ում:

Պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին' կառավարության ղեկավարն ընդգծել է, որ օգոստոսի 11-ից հանրապետությունում էլեկտրաէներգիայի թանկացումը զգալու են խոշոր սպառողները, մնացած բաժանորդների համար պետությունը սուբսիդավորելու է սակագինը: Խոսելով այդ բարձրացման դրդապատճառներից' Ա. Հարությունյանը պարզաբանել է, որ «Արցախէներգո» ՓԲԸ էլեկտրաէներգիա է գնում տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև ՀՀ մի շարք արտադրողներից: Ըստ նրա՝ Արցախում գործող հիդրոկայաններից և ՀՀ արտադրողներից էլեկտրաէներգիան «Արցախէներգո»-ն գնում է մինչև 25 դրամով (ներառյալ հարկերը), դրան գումարվում են նաև մոտ 5 դրամի չափով կորուստները, ինչպես նաև ընկերության աշխատակիցների աշխատավարձերը' 8 դրամի չափով, ևս 3 դրամ' վթարների ու այլ ծախսերի դիմաց:

«Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ներդրողները պահանջում են կիրառել ՀՀ-ում գործող գները: Հիմնականում սրանով է պայմանավորված առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»,- եզրափակելով իր խոսքը՝ նշել է վարչապետը:

Անդրադառնալով Լևոն Հայրապետյանի կալանավորմանը՝ վարչապետը նշել է, որ շատ է ցավում կատարվածի համար: «Բոլորս գիտենք նրա անցած ճանապարհն ու կյանքի ուղին, և կասկածանքով եմ վերաբերվում կալանավորմանը: Համոզված եմ, որ շուտով ապացուցվելու է նրա անմեղությունը»,- ասել է Ա. Հարությունյանը: Նա ընդգծել է, որ Լևոն Հայրապետյանը ոչ միայն մեծ բարերար է, այլ նաև շատերին է խրախուսել ու համախմբել աջակցելու Արցախի զարգացման գործին: Վարչապետի խոսքով՝ համապատասխան մարմիններն ու անձինք աշխատում են արցախցի բարերարին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի գործն ընթանա արդարադատության սահմաններում: «Այս պահին մեզ ամենաշատը մտահոգում է նրա առողջական վիճակը, որը, կարծես թե, կարգավորվում է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով Վանք գյուղում Լևոն Հայրապետյանի կատարած աշխատանքներին՝ վարչապետը նշել է, որ բարերարը տեղում ստեղծել է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, և գյուղացիներին մնում է օգտագործել այդ ներուժը սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու համար:

«Իմ անձնական ու կուսակցական կարծիքով՝ Արցախում սահմանադրական բարեփոխումների կարիք կա՝ նաև օպտիմալացման հաշվին բարձրացնելով կառավարման համակարգի արդյունավետության մակարդակը»,- շեշտադրել է Ա. Հարությունյանը՝ պատասխանելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ հարցին: Նա կարևորել է խորհրդարանական համակարգի միջոցով կուսակցությունների դերի բարձրացման նշանակությունը կուսակցական համակարգի կայացման ճանապարհին:

Օրեր առաջ տեղի ունեցած քարվաճառյան դիվերսիայի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ վարչապետն ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանցիներին հաջողվել է ներթափանցել Արցախի տարածք՝ միաժամանակ շեշտադրելով, որ նույն չափով էլ հայկական կողմն է ի վիճակի ներթափանցել ադրբեջանական բնակավայրեր: Ցավ հայտնելով գրանցված կորուստների համար՝ Ա. Հարությունյանը բարձր է գնահատել հատուկ ծառայությունների որոնողական և վնասազերծման գործողությունները: Արձագանքելով այլ դիվերսիաների վերաբերյալ բնակչության շրջանում առկա մտահոգություններին՝ գործադիր իշխանության ղեկավարը հայտարարել է, որ անհանգստանալու ոչ մի կարիք չկա, և, բացի նշյալ դեպքից, այլ դեպքեր չեն գրանցվել հանրապետությունում: Նա հորդորել է ժողովրդին սադրանքների ու բամբասանքների չտրվել, մանավանդ, որ հակառակորդի նպատակը հասարակության շրջանում խուճապ ստեղծելն էր: Ա. Հարությունյանը հավելել է, որ Քարվաճառի դիվերսիայից համապատասխան հետևություններ են արվելու, և ամրացվելու է երկրի ներքին ու արտաքին անվտանգության մակարդակը: Նա համոզմունք է հայտնել, որ հայկական կողմի հատուկ գործողություններն իրենց հերթին դաս կլինեն նաև ադրբեջանական արկածախնդիրների համար:

Ասուլիսի ընթացքում վարչապետը պատասխանել է լրագրողների այլ հարցերի ևս, որոնցից մեկը վերաբերում էր Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակառուցմանը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այն գտնվում է նախագծման փուլում, և ավարտելուն պես միջոցներ կհայթայթվեն շինարարական աշխատանքները սկսելու համար:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

***

 

«Ադրբեջանն իր սադրիչ քայլերով ավելի է սրում իրավիճակը». Էդ. Նալբանդյան

 

Հուլիսի 22-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած' Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության ակտիվացման վրա։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլերով ավելի է սրում իրավիճակը՝ ակնհայտորեն հակառակվելով ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու վերաբերյալ միջնորդ երկրների ղեկավարների բազմաթիվ հորդորներին։

«Չնայած միջազգային հանրության արդեն հասցեական դարձող կոչերին' Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իր ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը, շինծու մեղադրանքներով հետապնդելով և բանտարկելով հաշտեցման ու խաղաղության օգտին արտահայտվող ադրբեջանցիներին, ինչը չի նպաստում բանակցություններում դրական մթնոլորտի ձևավորմանը»,-ընդգծեց նախարար Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են երկրի ներսում կուտակած կոռուպցիոն փորձն ու հմտությունները տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ, սեփական հանրային կարծիքը մոլորության մեջ պահելու նպատակով ջանում են որոշ երկրներից կորզել հայտարարություններ, որոնք, գլխիվայր շուռ տալով բանակցային գործընթացի բովանդակությունը, վնասում են դրանց առաջընթացին:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

 

***

 

Հայաստանը համարժեք պատասխան է տալիս հակառակորդին. ՀՀ վարչապետ

 

Հայաստանի պատասխանը հակառակորդին միշտ եղել է համարժեք: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը' պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Հայաստանի վերաբերմունքը ադրբեջանական գործողություններին:

«Ես ինքս եղել եմ Տավուշում, և մեր պատասխանատունները վստահեցնում են, ոÖ € մենք մի քանի անգամ ավելի ուժգին ենք պատասխանում հակառակորդին: Մեր պատասխանը միշտ միշտ եղել է համարժեք, իսկ ներկայումս էլ մշակում ենք ծրագրեր սահմանամերձ գյուղերի օժանդակության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց վարչապետը:

Խոսելով այն մասին, թե ինչպիսին է իր վերաբերմունքն այն փաստին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին' ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը չի կարող միջամտել այդ գործընթացին: «Մենք գտնում ենք, որ երբ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում հակառակորդին, հանդուրժելի չէ, սակայն մյուս կողմից' կա առևտուր և շահեր, և մենք չենք կարող միջամտել»,- ասաց նա:

Ռուսական լրատվամիջոցներով հունիսի 18-ին տեղեկություններ են տարածվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակով տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ ու այլ սպառազինություն վաճառելու մասին, որոնց ընդհանուր արժեքը 1 միլիարդ դոլար է: Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունեն:

 

***

 

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց 17 տարվա ազատազրկման դատապարտել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին: Հունիսի 22-ին կայացած դատական նիստի ընթացքում, պետմեղադրողներ Կարեն Գաբրիելյանն ու Արմեն Շիրոյանը մեղադրական ճառով 22 տարվա ազատազրկում էին պահանջել:

Մինչ դատավճիռը, հուլիսի 22-ին, պաշտպանական ճառով հանդես էր եկել նաև դատապաշտպանը:Վահե Ղուկասյանը մեղադրվում էր ՀՀ քրեկան օրենսգրքի 34/104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով:

Ներկայացնելով դատավաճիռը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Մանուկյանը նշեց. «Դատարանը որոշեց՝ Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեկան օրենսգրքի 34/104 հոդվածր 2-րդ մասի 6-րդ կենտով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով:

ՀՀ քրեական օրենսգրքի 34/104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով, ՀՀ քրեկ ան օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով դատապարտել ազատազրկման' 11 տարի ժամկետով, ՀՀ քրեկան օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով' դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկտով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի համակցությամբ՝ պատիժները մասնակի գումարելու սկզբունքով, Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 17 տարի ժամկետով: Նա պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան քրեկատարողական հաստատությունում:

Պատիժը կրելու սկիզբը հաշվել նրա ձերբակալման օրվանից՝ 2013 թվականի ապրիլի 24-ից: Նրա նկատմաբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը օրինական կարգով կարող է բողոքարկվել ՀՀ քրական վերաքննիչ դատարան՝ վճիռի հրապարակումից հետո 1 ամիս ժամկետում»,-ներկայացված էր դատավճում:Վահե Ղուկասյանը 2013 թվականի ապրիլի 23-ին առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվեղ հրազենով, հասարակական վայրում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին /Շեկո/ և ծանր վիրավորել Հարություն Խաչատրյանին /քավոր Հարութ/:

Արմենուհի Մխոյան

 

***

 

Երևանում վթարի է ենթարկվել երթուղային ավտոբուս. 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

 

Հուլիսի 22-ին' ժամը 19.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Բոգդան» մակնիշի, 3489L պետհամարանիշի N 267 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է «Մերսեդեսին» E 320 մակնիշի 34 AS 555 (վարորդ՝ Տիգրան Վարդապետյան), ավտոմեքենային, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակի սյանը, ինչից Ս. Մ.-ը' ծնվ. 1963թ., Ա. Խ.-ը' ծնվ. 1998թ., Լ. Հ.-ը' ծնվ. 1959թ., Ա. Հ.-ը՝ ծնվ. 1959թ., տեղափոխվել են 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 5 ուղևոր տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

***

 

Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի 2015 թվականի հունվարի 1-ից. ՀՀ վարչապետ

 

Հայաստանը մինչ հոկտեմբեր կավարտի Եվրասիական տնտեսական միության անդամակցության շուրջ բանակցությունները և հաջորդ տարվա հունվարի 1-ից կանդամակցի միությանը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք մինչև հոկտեմբերի վերջ կստորագրենք պայմանագիրը: Ես համոզված եմ, որ 2015 թվականի հունվարից արդեն լիովին կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց վարչապետը:

 

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված գործընթացի ձգձգումը' վարչապետը նշեց, որ կան տեխնիկական հարցեր, որ արդեն վերացվել են, և խանգարող որևէ հանգամանք չկա: «Ես վստահեցնում են որ մենք հոկտեմբերին կավարտենք գործընթացը և հունվարից կանդամակցենք միությանը»,- հավելեց նա:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը: