«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Վթար Վերին Բազմաբերդի մոտակայքում. կան տուժածներ

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին' ժամը 01.19-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհին' Վերին Բազմաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34VD906 պ/հ (վարորդ Գ. Դ. ծնվ. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարերին: Գ.Դ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

 

***

 

 

Բաթումում այրվել է գլխավոր ամանորյա տոնածառը

 

 

Դեկտեմբերի 25-ի ուշ երեկոյան այրվել է Բաթումի գլխավոր ամանորյա տոնածառը, որը տեղադրված էր Արգոնավորդների հրապարակում՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության շենքից ոչ հեռու:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, ըստ նախնական վարկածի, հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումն արհեստական եղեւնու վրա տեղակայված ամանորյա լուսավորման համակարգում:

 

Բռնկումը վերացնելուց հետո Բաթումի քաղաքապետարանի աշխատակիցներն օպերատիվ ռեժիմով ձեռնամուխ են եղել եղեւնու՝ կրակից տուժած հատվածների վերականգնմանը:

 

Բաթումի Արգոնավորդների հրապարակում այս տարի պետք է անցկացնեն քաղաքի հիմնական տոնական միջոցառումները: Այստեղ տեղակայված են վրաններ, որտեղ վաճառում են ամանորյա հուշանվերներ, զարդարանքներ եւ երեխաների համար նախատեսված քաղցրավենիք: Գործում են նաեւ ատրակցիոններ, բեմահարթակ է տեղադրված ամանորյա համերգի համար:

 

 

***

 

 

Սպանություն' Վանաձորում

 

 

Շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում դեկտեմբերի 25-ին' ժամը 12.10-ին, հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Թամանցիների փողոցի 2/Բ տան բակում կնոջ դիակ կա:

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված տան բակում հայտնաբերել է 1965թ. ծնված Նատալիա Սերգեևնայի դիակը' գլխի պատռված վնասվածքների հետքերով:

 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը' ժամը 18.20-ին, ձերբակալվել է 1951թ. ծնված Մուշեղ Մ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

 

 

***
 
 
 
 
Բաքվում այրվել է Նոր տարվա տոնածառը
 
 
 
Բաքվի Բիլաջարի շրջանի զբոսայգում տեղադրված Ամանորի հսկա տոնածառն այրվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը:
 

Տոնածառի հրդեհվելու պատճառը հայտնի չէ: Ականատեսները չեն բացառում հրդեհելու վարկածը:

Ադրբեջանցի լրագրող Մուրադ Ազիմզադեն այդ առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Բիլաջարում Նոր տարվա տոնածառն այրվում է: 2014 թ. հաջող չեղավ նաեւ տոնածառի համար: Հրդեհը վաղուց է սկսվել: Սպասենք, որ Ձմեռ պապը հաղթահարի ձյունապատ սարերը եւ գա հանգցնի այս տոնածառը»:

 

Ամանորի տոնածառը դեկտեմբերի 25-ին այրվել է նաեւ Բաթումում: Նախնական վարկածով' հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումն արհեստական եղեւնու վրա տեղակայված ամանորյա լուսավորման համակարգում:

 

 

***

 

 

Բռնել են ավտոմեքենայից գողություն կատարելիս

 

 

Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և Մաշտոցի բաժնի ծառայողները Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Էդուարդ Լ.-ին և 1989 թ. ծնված Արմեն Փ.-ին:

 

Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի բակում կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողություն կատարել, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:

 

Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է 1955 թ. ծնված Հասմիկ Գ.-ին, որից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն:

 

 

***

 

 

Դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է. Նախագահը' ԶԼՄ ներկայացուցիչներին

 

 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն և հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի:

 

«Հարգելի՛ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

 

Մենք բոլորս միասին ծանրաբեռնված աշխատանքային տարի անցկացրինք: Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին և ի դեմս ձեզ՝ մեր ողջ լրատվական հանրությանը, օգոստոսին առաջին գծում և նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին այն պրոֆեսիոնալ և համախմբված աշխատանքի համար, որը կատարեց մեր լրատվամիջոցների գերակշիռ մասը: Նույնը, փոքր բացառություններով, կարող եմ հայտարարել նաև դրամի արժեզրկման այս վերջին իրադարձությունների հետ կապված, երբ արհեստածին խուճապի նշանները հնարավոր եղավ արագ հարթել այդ թվում նաև ձեր գիտակից աշխատանքի շնորհիվ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

«Ծեծը վատ է, բայց բոլորս պիտի հասկանանք, որ քֆուր տալն ավելի վատ բան է». Մանվել Գրիգորյան shamshyan.com

 

 

Ամանորի նախաշեմին SHAMSHYAN.com-ը զրուցեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ՝ հընթացս ամփոփելով նաև ավարտվող տարվա արդյունքները: Նա, անդրադառնալով ընդդիմադիրների և ազատամարտիկների դեմ բռնությունների դեպքերին, նկատեց, որ բռնությունը վատ բան է:

 

Միաժամանակ ավելացրեց, որ՝ ճիշտ է, ծեծը վատ է, բայց բոլորս էլ պիտի հասկանանք, որ քֆուր տալն ավելի վատ բան է: Ավելին. Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Մանվել Գրիգորյանը իր բոլոր հարազատներին, ընկերներին, մտերիմներին, սանիկներին, ինչպես նաև բոլորին, ովքեր չեն անցել 50 տարեկանի շեմը, կոչ է անում 2015 թվականին զավակ պարգևլ հայ ազգին: Զորավարի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.

 

-Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ն էր 2014-ը Երկրապահի համար: Ի՞նչ ձեռքբերումներ եղան:


-Երկրապահն ընդլայնել է իր գործունեության ոլորտները: Այդ առումով նորանոր նվաճումներ եղան՝ կատարված աշխատանքի տեսքով: Փաստաթղթային տեսքի բերեցինք գործակցությունը պետական գերատեսչությունների հետ: Համագործակցության հուշագրեր ստորագրեցինք պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ: Առավել սերտացրինք համագործակցությունը Մայր եկեղեցու հետ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

ՌԴ նախագահը «Իտերա» հոլդինգի փոխնախագահ Գագիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Պատվո մեդալ»-ով

 

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրով' ռուսական «Իտերա» միջազգային հոլդինգի փոխնախագահ Գագիկ Հմայակի Մարտիրոսյանը պարգևատրվել է ՌԴ պետական պարգևով՝ «Պատվո մեդալ»-ով («Орден почета»)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ' պարգևը Գագիկ Մարտիրոսյանին է տրվել «Սոչի-2014» օլիմպիադայի շինարարական օբյեկտների աշխատանքների կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար:

 

Գագիկ Մարտիրոսյանը Հայաստանում զբաղեցրել է շինարարության, էներգետիկայի նախարարների և պետնախարարի պաշտոնները, իսկ 2008 թվականից զբաղեցնում է «Իտերա» միջազգային հոլդինգի փոխնախագահի պաշտոնը: