Ամանորի նախաշեմին SHAMSHYAN.com-ը զրուցեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ՝ հընթացս ամփոփելով նաև ավարտվող տարվա արդյունքները: Նա, անդրադառնալով ընդդիմադիրների և ազատամարտիկների դեմ բռնությունների դեպքերին, նկատեց, որ բռնությունը վատ բան է:
Միաժամանակ ավելացրեց, որ՝ ճիշտ է, ծեծը վատ է, բայց բոլորս էլ պիտի հասկանանք, որ քֆուր տալն ավելի վատ բան է: Ավելին. Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Մանվել Գրիգորյանը իր բոլոր հարազատներին, ընկերներին, մտերիմներին, սանիկներին, ինչպես նաև բոլորին, ովքեր չեն անցել 50 տարեկանի շեմը, կոչ է անում 2015 թվականին զավակ պարգևլ հայ ազգին: Զորավարի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ն էր 2014-ը Երկրապահի համար: Ի՞նչ ձեռքբերումներ եղան:
-Երկրապահն ընդլայնել է իր գործունեության ոլորտները: Այդ առումով նորանոր նվաճումներ եղան՝ կատարված աշխատանքի տեսքով: Փաստաթղթային տեսքի բերեցինք գործակցությունը պետական գերատեսչությունների հետ: Համագործակցության հուշագրեր ստորագրեցինք պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ: Առավել սերտացրինք համագործակցությունը Մայր եկեղեցու հետ:
Պատանի երկրապահների հայրենասիրական դաստիարակության ծրագիրը պետականորեն ընդգրկվեց Հանրապետության բոլոր դպրոցներում: Դրան զուգահեռ մենք Երկրապահում առավել խորացրինք պատանիների հետ տարվող աշխատանքը: Անցկացնում ենք սերժանտահրամանատարական դասընթացներ, որոնց նպատակը պետությանը, ընտանիքին լիարժեք ծառայող, գիտակից մարդիկ պատրաստելն է: Մեր պատանի և երիտասարդ ստորաբաժանումներով անցած տղաներն ու աղջիկները գիտակից հայրենասերներ են, նաև՝ մասնագետներ, որ տիրապետում են զենքին, արվեստներին, սպորտին, գիտության տարբեր բնագավառներում ունեն խորը իմացություն:
Ավարտվող տարում նաև մեր «Երիտասարդ երկրապահ» կառույցի 5-րդ համագումարն անցկացվեց: Կարող ենք փաստել այսպես, որ եռասերունդ երկրապահական ընտանիքը կայացած է, այս ընտանիքի ամեն մի օղակը գիտակցում է իր դերն ու պատասխանատվությունը: Ամենակարևորը վստահությունն է: Երկրապահները՝ պատերազմի մասնակից, երիտասարդ, թե պատանի, գիտակցում են, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, որ հայ ազգը ինքն իր բախտը կարող է տնօրինել:
Երկրապահները ըմբռնում են, որ միասնականությամբ հայությունը կարող է դիմակայել ցանկացած փորձության: Փա՛ռք Աստծո, Սերժ Սարգսյանի նման նախագահ ունենք, որ մեզանից մեկն է, որ անձամբ է հերոսաբար անցել Արցախյան պատերազմը՝ հարձակման, պաշտպանության օպերացիաներ մշակել, հաստատել: Մեր հանրապետության նախագահի շուրջը համախմբվելով՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը ի զորու է ցանկացած խնդիր լուծել:
-Նշեցիք ԵԿՄ-ի հաջողությունները, իսկ Հայաստան պետությո՞ւնն ինչ հաջողություններ և անհաջողություններ ունեցավ:
-Նախ, մենք մեզ պետությունից չենք տարանջատում: Երկրապահը կանգնած է եղել Հայաստան պետության, հայկական Արցախ պետության կայացման ակունքներում: Հայոց բանակի ծնողն էլ երկրապահն է: Եվ այսօր մենք հպարտ ենք, որ ունենք ուժեղ պետություն, հզոր բանակ, որ ունակ է խափանել թշնամու ցանկացած սադրանք:
Ցավոք, միլիարդավոր դոլարների զենք ձեռք բերած ու հաբռգած թուրքի դիվերսիոն ներթափանցման փորձերը կանխելիս նահատակվեցին հայրենասեր քաջեր, զոհեր ունեցանք նաև խաղաղ զորավարժություններ իրականացնելիս: Փա՛ռք ու պատիվ մեր քաջերին, նրանք անմահացան՝ միանալով Արցախյան պատերազմի զոհերին: Հայկական զինուժը, սակայն, ապացուցեց, որ մարտունակ է, որ ընդունակ է իր առջև խնդիրներ դնել և լուծել, միջազգային մակարդակի ժամանակակից օպերացիաներ իրականացնել:
-Պարոն գեներալ, չենք կարող չարձանագրել, որ վերջին շրջանում բռնության դեպքեր արձանագրվեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և ազատամարտիկների նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:
- Ես դեմ եմ բռնությանը, դատապարտում եմ բռնությունը: Ամեն տեսակի բռնությանն եմ դեմ: Բայց մի քանի հարց կա այստեղ: Նախ, պետք է պարզել, թե ովքեր էին բռնություն կիրառողները: Եվ երկրորդ, ծեծը վատ է, բայց բոլորս հասկանանք, որ քֆուր տալն էլ վատ է, որ չի կարելի կանգնել ու մասսայական հայհոյանքներ տալ, անպատիվ խոսքեր ասել, այն էլ՝ հանրապետության նախագահի հասցեին: Երևի էդ քֆուր տվողներն էլ պետք է օրենքի առաջ պատասխան տան:
Իսկ ինչ վերաբերում է ձեր ձևակերպմանը՝ ազատամարտիկ, ապա մի անգամ էլ ասեմ վատ հասկացողների համար՝ ազատամարտիկն ազատամարտիկ է, երբ կանգնած է թշնամու դեմ, երբ կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում: Ազատամարտիկներն այսօր կանգնած են սահմանին, մեր բանակի զինվորներն են ազատամարտիկ: Իսկ ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, թող ասեն՝ քաղաքական գործիչ ենք և պատերազմի մասնակիցների անունն էլ չփորձեն օգտագործել: Քաղաքականությամբ զբաղվելն էլ նորմալ է: Քաղաքական գործիչներ էլ հարկավոր են: Մենակ թե թշնամություն չանեն, թշնամություն չքարոզեն:
Ա՛յ, այդ ներսում թշնամիներ ման գալը շատ տգեղ երևույթ է: Դա աններելի է յուրաքանչյուրի համար: Ներսում իրար թշնամություն անելը մեր հայրենիքի, մեր երկրի կործանումն է: Պետք է հասկանանք, որ իրար թշնամություն անելով, ազգի ներսում պառակտում քարոզելով՝ մեր ազգի թշնամիների ջրաղացին ենք ջուր լցնում: Դա մեր թշնամիների ուզածն է, դա ճակատագրական սխալ է մեզ համար: Իսկ ազատամարտիկների մասին հոգ տանող կառույցը հենց Երկրապահ կամավորականների միությունն է: Մենք հետևողականորեն տեր ենք կանգնում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ և ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական, իրավական, բարոյական իրավունքներին:
Օր ու գիշեր մտածում ենք այս խավին պիտանի լինելու մասին: Ու պատահական չէ, որ եռասերունդ երկրապահական ընտանիքի անդամ են Արցախյան պատերազմի գրեթե բոլոր մասնակիցները՝ չնչին բացառություններով: Կան երևի մի հարյուր հոգի պատերազմի մասնակիցներից, որ ինչ-ինչ պատճառներով Երկրապահին այսօր չեն անդամակցում: Բայց պատերազմի մասնակիցներն էլի մեր հարազատներն են, Երկրապահը ցանկացած պահի պատրաստ է նրանց սատարել, աջակցել:
Պատահական չէ, որ զոհվածների, անհայտ կորածների ընտանիքների անդամները ԵԿՄ անդամ են և ակտիվորեն ներգրավված են մեր բոլոր ծրագրերում: Ընդհանրապես, Երկրապահը հայ մարդու կառույց է և շարունակ մտածում է հայ մարդուն օգտակար լինելու մասին: Դա շատ լավ է հասկանում մեր ժողովուրդը: Հենց այդ պատճառով էլ ինչպես ԵԿՄ վարչությունը, այնպես էլ մարզային խորհուրդները, բոլոր 72 տարածքային բաժանմունքներն ամեն օր բազում դիմումներ, խնդրանքներ են ստանում ամենատարբեր խավերի ներկայացուցիչներից՝ հայ մարդկանցից: Եվ ձգտում ենք օգտակար լինել մեր հնարավորության սահմաններում ծառայել ազգին, հայրենիքին:
-Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ինչպե՞ս եք պատրաստվում:
-Հայ ազգի պատիվն ու պատասխանատվությունն է համազգային միասնականությունն ի ցույց աշխարհի դրսևորելը: Արդարությունը երբևէ հաղթանակելու է: Հետևողականորեն հասնելու ենք այն օրվան, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչեն և դատապարտեն բոլոր պետությունները, որ Թուրքիան էլ ներողամտություն հայցի:
Եվ իմ հորդորն է բոլոր հայ ընտանիքներին, այն ամուսիններին, ովքեր դեռ չեն անցել 50 տարեկանի շեմը, ուղղակի պարտավոր են զավակ ունենալ Ցեղասպանության 100-ամյակի տարում: Սա պետք է հզոր մի համազգային ակցիա լինի: Պետք է հասկացնենք, որ հայը միշտ կա, միշտ ապրելու է, շատանալու և հզորանալու է: Ես իմ բոլոր հարազատներին, ընկերներին, մտերիմներին, սանիկներին արդեն խնդրել եմ, որ պարտադիր 2015 թվականին զավակ պարգևեն հայ ազգին:
Եկեք մի անգամ էլ ասենք՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Իրար շնորհավորելով՝ միմյանց վստահեցնենք, որ 2015-ը հայոց հաղթանակների, հաջողությունների տարի է լինելու: Եվ այդպես էլ կլինի, եթե ազգովի համախումբ լինենք, եթե բոլորս ի սրտե լծվենք համազգային իղձերի իրականացմանը:
Մանրամասն`shamshyan.com-ում: