Հայաստանի, Արցախի իշխանական էլիտան ևս գիտակցում է, որ հայրենիքի առջև պարտքը կատարելը բոլորին է վերաբերում: Հենց այդ պատճառով էլ մեր բանակում ոգին առավել ամուր է, մեր բանակն առավել մարտունակ է, քան Ադրբեջանինը, ուր խայտառակ բարքեր են: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Սահմանին տիրող և այլ հարցերի շուրջ նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.

 

-Պարո´ն Գրիգորյան, մինչև սահմանին տիրող իրավիճակին անցնելը խոսենք սպասվելիք իրադարձությունների մասին: Դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ Երկրապահի դիրքորոշումը ինչպիսի՞ն է լինելու:


-Երկրապահը պետության հիմնասյուներից է: Մենք մասնակցել ենք և՛ Արցախի, և՛ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանն ու ազատագրմանը, անմիջականորեն մասնակցել ենք և Հայաստան պետության կայացմանը: Երկրապահն այն մարդն է, որ կանգնած է հայոց պետականության ակունքներում, ուրեմն և չենք կարող անտարբեր լինել պետության համար վճռական նշանակություն ունեցող հարցերում: Ամբողջ երկրապահական եռասերունդ ընտանիքը միանշանակ «այո´» է ասում ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներին: Դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկելու են ավագ սերնդի երկրապահները, երիտասարդ երկրապահներն ու պատանի երկրապահների ծնողները: Ի դեպ, Հանրապետական կուսակցության հետ Երկրապահի համագործակցությունը խորն արմատներ ունի: Հանրապետականի բոլոր ղեկավարներն էլ երկրապահ են եղել: Աշոտ Նավասարդյանը երկրապահ էր, մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանը Երկրապահի հիմնադիրն է և հավերժ նախագահը: Երկրապահ էր Անդրանիկ Մարգարյանը: Ուղնուծուծով, ապրած կյանքով, ողջ էությամբ երկրապահ է նաև ՀՀԿ այսօրվա ղեկավար, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ես Սերժ Սարգսյանին ճանաչել եմ դեռ 1989-ից, երբ նա դեռ շարքային էր: Ես դեռ այն օրերից եմ տեսել այդ մարդու նվիրվածությունը հայ ազգին, Արցախին, անկախ պետականությանը: Սերժ Սարգսյանն անցել է պատերազմական թոհուբոհով, անցել է ամեն ինչի միջով, պատվով ղեկավարել է կարևորագույն ոլորտներ' բոլոր ուժային գերատեսչությունները, նաև եղել է Հայաստանի տնտեսության պատասխանատուն: Այս ամենը տեսնելուց, ծանրութեթև անելուց հետո է նա եկել եզրահանգման, թե սահմանադրական որ կարգն առավել արդյունավետ կլինի Հայաստանում: Երկրապահները անվերապահորեն վստահում են իրենց մարտական ընկերոջը: Մենք մեր վերջին համագումարների բանաձևերում հայտարարել ենք, որ աջակցում ենք նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր հայրենանվեր ձեռնարկներին: Այսօր էլ մեր պարտքն է նախագահին աջակցելը:

 

- Իսկ կարո՞ղ եք փաստարկել, թե ինչու է անհրաժեշտ կառավարման համակարգի փոփոխությունը: Կան կարծիքներ, որ դա արվում է միայն նրա համար, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի մնալ ՀՀ ղեկավար:


- Դրանք պարապ մարդկանց խոսակցություններ են: Գուշակություններով զբաղվելու կարիք չկա: Կգա ժամանակը, և Սերժ Սարգսյանը կբարձրաձայնի, թե ինքը որ ոլորտում, ինչ կարգավիճակով պետք է շարունակի ծառայել հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին: Իսկ Սահմանադրությունը այսօր աշխարհում առկա միտումներին համապատասխանեցնելը մեր երկրի համար պարտադիր է: Չենք կարող հետ մնալ համաշխարհային ժողովրդավարական պրոցեսներից: Այսօր աշխարհն այնպիսին է, որ եթե ներսում ժողովրդավար պետություն չունենանք, չենք կարողանա հասնել համազգային խնդիրների լուծմանը, չենք կարողանա հաջողություններ ունենալ միջազգային ատյաններում: Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ չէ:

 

- Ի՞նչ կարծիքի եք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և մեր բանակի մարտունակության մասին:


-Մեր բանակը հզոր է, մարտունակ: Այսօր սահմանին կանգնած է, բոլորիս անվտանգությունը պաշտպանում է անկախության սերունդը: Իմ անվտանգությունը, իմ երեխաների, թոռների անվտանգությունը երաշխավորում են այն երիտասարդները, ովքեր դեռ չէին էլ ծնվել, երբ ես ու մարտական ընկերներս իրենց ծնողների անվտանգությունն էինք երաշխավորում: Հայկական բանակը վստահորեն վերահսկում է սահմանային իրավիճակը: Եթե թուրքերը ոտնձգությունների փորձ անեն, մեկին՝ տաս կստանան' ինչպես և միշտ է եղել: Ես վստահում եմ մեր երիտասարդությանը, վստահում եմ մեր զինված ուժերին՝ շարքայինից մինչև պաշտպանության նախարար, մինչև գերագույն գլխավոր հրամանատար: Ի դեպ, հենց այսօր սահմանային զորամասում ծառայություն են իրականացնում, մարտական հանձնարարություններ են կատարում Արցախի նախագահ Բակո Սահակյանի որդին, Արցախի անվտանգության ծառայության ղեկավարի որդին: Այսինքն' Հայաստանի, Արցախի իշխանական էլիտան ևս գիտակցում է, որ հայրենիքի առջև պարտքը կատարելը բոլորին է վերաբերում: Հենց այդ պատճառով էլ մեր բանակում ոգին առավել ամուր է, մեր բանակն առավել մարտունակ է, քան Ադրբեջանինը, ուր խայտառակ բարքեր են:

 

- Ֆրանսիայում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներին Դուք համեմատեցիք Արցախի, Հայաստանի նկատմամբ ոտնձգություններ կատարողների հետ: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի աշխարհում բացառվեն նման միջադեպերը:


- Ես հիմա էլ կարող եմ կրկնել, որ ահաբեկիչն ազգություն չունի: Անմեղ մարդկանց սպանողները նույն կենդանին են' լինեն նրանք թուրք ազերի, արաբ, թե մեկ այլ ազգի ներկայացուցիչ: Աշխարհում կան հզոր, գիգանտ պետությունների ղեկավարներ' տաղանդավոր մարդիկ: Իմ ցանկությունն է, որ աշխարհի հզորները ոչ թե կարապի, խեցգետնի և գայլաձկան նման ամեն մեկն իր կողմը քաշեն, այլ համագործակցեն հանուն համաշխարհային անվտանգության համակարգի կայացման: Չի կարելի, որ աշխարհը ղեկավարվի Աթաբեկ Խնկոյանի բնորոշած «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքով: Պետք է բոլոր պետությունների ղեկավարները համագործակցեն հանուն արդար աշխարհակարգի ստեղծման: Թե չէ' որ տան հայրը խռով է լինում, միշտ էլ ընտանիքի անդամներն են տուժում: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում