«Mediamall.am»-ն առանձնացրել է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.
Ավտովթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. ավտոմեքենան կողաշրջվել է, կա 2 տուժած
Օգոստոսի 8-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Իջևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Ռենջ Ռովեր» մակնիշի (վարորդ' Ս. Պ., ծնվ. 1990թ.) 34SQ554 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից ուղևոր Վ. Ս.-ը (ծնվ. 1991թ.) հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրջեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան:
***
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 8-ին կքննարկի Ուկրաինայի իրադրությունը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 8-ի առավոտյան (Երեւանի ժամանակով երեկոյան) կքննարկի Ուկրաինայի իրադրությունը, ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել են համաշխարհային կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչության մամուլի ծառայությունում:
Մեծ Բրիտանիան օգոստոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահն Է, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:
Ըստ Ռուսաստանի մշտական ներկայացուցչության տվյալների՝ հանդիպումը կլինի դռնբաց եւ այնտեղ կքննարկվի Ուկրաինայում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչի հերթական զեկույցը: «Վաղն այնտեղ կքննարկվի Շիմոնովիչի զեկույցը»,- հավաստել են ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում:
Խորվաթ Իվան Շիմոնովիչը համակարգում Է Ուկրաինայում մարդու իրավունքների դիտորդների աշխատանքը:
***
Հրդեհ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի առաջին հարկում
Օգոստոսի 8-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 շենքում' «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի առաջին հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.23-ին, մարվել' 10.40–ին: «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակին պատկանող օժանդակ շինությունում այրվել է փրփրապլաստ, պաստառներ (15 քմ):
***
Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանական կեղծիքը բացահայտում է մի քանի փաստարկներով
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մոլորված հայ գյուղացուն որպես դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական կեղծիքը բացահայտում է մի քանի փաստարկներով: «Ինչպես միշտ հագցրել են իրենց համազգեստը, համազգեստը մերը չէ: Կամ ցույց են տալիս «Նոկիա» մի հին և «թույլ» հեռախոս, որով հնարավոր չէ նման նկարներ անել, իսկ ֆոտոներում 2003-2004-ի համազգեստներից է: Զենքերի մասով՝ մի հետ զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, եթե ասում են «դիվերսանտներից» են վերցրել, ինչպես մեր դեպքում էր: Դրանք լրիվ մաքուր, նոր զենքեր էին: Այս ամենը վատ սարքած շոու է»,- Times.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները' հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: «Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել»,-ասաց Սաղոյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել էին, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է: «Արմենպրես»-ի ճշգրտող հարցին' Չինարիի գյուղապետը հստակ նշեց, որ գերեվարվածը Արտուշ Պետրոսյանի որդին է' Կարենը, ով 31 տարեկան է:
Երեկ նախ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին իբր գյուղացիները տեղեկացրել են, թե բռնված Չինարիի բնակիչը պատմել է, որ երեքով են եղել, սակայն, երկուսն ականի վրա պայթել են սահմանը հատելիս և միայն ինքն է կենդանի մնացել: Ավելի ուշ 31-ամյա գյուղացին ներկայացվեց 1989 թվականին ծնված «դիվերսանտ»՝ ասելով, որ խմբի մնացած արդեն 4 անդամը ոչնչացված են:
Այս ամենն ըստ էության, արվում է Քարվաճառ ներթափանցած իրենց հանցագործներին հետ ստանալու համար, քանի որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ նրանք գերի չեն կարող համարվել, ուստի փոխանակման կամ հանձնման մասին խոսք լինել չի կարող, նրանք ԼՂՀ և միջազգային օրենքների համաձայն պետք է խստորեն դատապարտվեն:
***
Ավտովթար Սպիտակ-Երևան ճանապարհին. վարորդը և ուղևորը մահացել են
Օգոստոսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1980թ. ծնված Օնիկ Եսայանը, և ուղևորը՝ 1957թ. ծնված Լորիկ Կարապետյանը, տեղում մահացել են:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
***
Ադրբեջանական բանակի երեք զինծառայողներ վիրավորվել են
Երեկ գիշեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գոտուց ուղղաթիռով զինվորական հոսպիտալ են տեղափոխվել վիրավոր երեք զինծառայող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով axar.az լրատվական կայքը, նրանք վիրավորվել են ճակատային գոտում վառելիք տեղափոխող ավտոմեքենայում «անզգուշություն» թույլ տալու պատճառով հրդեհ առաջանալու հետեւանքով: Արդյունքում ավտոմեքենան պայթել է , եւ նրա մեջ գտնվող երեք զինծառայողները ծանր վնասվածքներ են ստացել:
Վնասվածք ստացածներից մեկը Բարդայի զինկոմիսարիատից զինծառայության կանչված Էլմադդին Աբդուլլաեւն է, մյուս երկուսի անունները դեռեւս ճշտվում են:
Զինվորական հոսպիտալից կայքին հայտնել են, որ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանց ծնողները հրավիրվել են հոսպիտալ:
Ադրբեջանը առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
***
Կրեմլը Սոչիում նախագահների սպասվող հանդիպման օրակարգի մանրամասներ է ներկայացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 9-ին առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը'վկայակոչելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, հանդիպմանը Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն երկու երկրների հետագա քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանատար համագործակցության զարգացման հարցերը: Նախագահները հատուկ ուշադրություն կդարձնեն Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցին:
ՌԴ նախագահի կայքի համաձայն' Ադրբեջանի նախագահի հետ առանձին հանդիպմանը կողմերը կքննարկեն ռուս-ադրբեջանական համագործակցությունը, կհամաձայնեցվեն մի քանի նախաձեռնություններում համատեղ գործողությունների ծրագիրը, որոնք կվերաբերվեն էներգետիկային, ներդրումային եւ միջտարածաշրջանային համագործակցությանը:
***
Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը մահացել է.Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մահացել է երեկ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը:
Ըստ հաղորդագրության' նախնական տվյալներով՝ Պետորսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական և պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները իբր պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը երեկ հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել:
Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից:
Կարեն Պետրոսյանին Ադրբեջանում ներկայացնում էին որպես դիվերսանտ:
***
Իրադրությունն առաջնագծում
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 420 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
***
Թուրքահայերը Էրդողանից պահանջել են ներողություն խնդրել. բողոքի ակցիա Ստամբուլում
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտ' այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջելով ներողություն խնդրել նախօրեին հայերի հասցեին հերթական վիրավորական արտահայտությունը թույլ տալու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ակցիայի մասնակիցները պարզել են Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված են եղել' «Ատելության գլուխը Էրդողանն է», «Ներողություն խնդրիր հայերից, Էրդողան», «Ուս ուսի' ընդդեմ ռասիզմի» եւ այլն: Ակցիայի կազմակերպիչ «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպության համանախագահ Սայաթ Թեքիրը լրագրողներին ասել է, որ Էրդողանի հայատյաց արտահայտությունները նորություն չեն իրենց համար: Նրա խոսքով, Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների նման ռասիստական հայտարարությունները նպաստում են ոչ մահմեդական համայնքների, եկեղեցիների եւ սինագոգների դեմ հարձակումներին:
Թեքիրն ասել է, թե ինքը չի ցանկանում, որ Թուրքիայի նախագահ դառնա նման մտածելակերպով Էրդողանը:
«Մենք' հայերս, որպես Թուրքիայում բնակվող ազգերից մեկը, նախընտրական հաշվարկներում գործիք չենք ուզում դառնալ եւ մերժում ենք մեր ազգայնական զգացմունքների շահագործումը», -ասել է Թեքիրը: Նա նաեւ նշել է, որ եթե Էրդողանը ներողություն չխնդրի, ապա հայերը դատի կտան նրան:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Էրդողանին դատի տալու մասին հայտարարել է նաեւ ԺՀԿ Քոջաելիից ընտրված պատգամավոր Հուրշիթ Գյունեշը: Ըստ CNNTurk-ի' նա պնդել է, որ NTV-ում հայերին վիրավորելու փաստը վարչապետ Էրդողանի կողմից կատարված «լեզվական վրիպում չէ»: «Դա թշնամական պահվածք է», -ասել է նա եւ նշել, որ Թուրքիայի քրեական օրենսգրքով Էրդողանի այդ արտահայտությունը հանցագործություն է, եւ վարչապետը ատելություն դրսեւորելու հանցանք է կատարել: Թուրք պատգամավորը հայտարարել է, որ դատական հայց են ներկայացնելու Էրդողանի դեմ:
Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությունն առաջացրել է թուրքական հասարակության որոշ շրջանակների զայրույթ ընդդեմ վարչապետի: Վերջիններս Էրդողանի խոսքը բնութագրել են ռասիզմ եւ վիրավորանք' Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հասցեին: Իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները բազմիցս մեղադրել են Էրդողանին ռասիստական արտահայտություններ անելու եւ հասարակությանը միջէթնիկական եւ միջկրոնական բախումների հրահրելու մեջ:
Թուրքական NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» ծրագրի ուղիղ եթերում ելույթում Էրդողանը հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ները բազմիցս իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել' իրեն անվանելով հույն, վրացի, քուրդ եւ այլն: Ուղիղ եթերում նա ասել է, որ մի ժամանակ իրեն անգամ «հայ» են անվանել: Նշելով, որ ինքը թուրք է, Էրդողանն ասել է. «Մի քանիսն ինձ վրացի անվանեցին, նույնիսկ, ավելի կեղտոտ բաներ ասողներ եղան. ինձ հայ անվանեցին, ես հորս եւ պապիս կողմից թուրք եմ: Ծագումով Ռիզեից եմ, ծնվել եÖ ‚ մեծացել եմ Ստամբուլում»:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանի հայրը ծագումով չերքեզ է, մայրը' հրեական խառնուրդով թուրք, նրա կնոջ հայրը ազգությամբ թուրք է, իսկ մայրը' արաբ:
***
ԱՄՆ-ն ավիացիոն հարվածներ հասցրեց ԻԼԻՊ-ի ուժերին
Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր լազերային կառավարվող ռումբեր է գցել Իրաքի և Լևանտի իսլամական պետության խմբավորման հրետանու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NBC news-ը, Պենտագոնը հայտարարել է, որ օդային հարվածների մեկնարկի վերաբերյալ երեկ հայտարարել էր նախագահ Բարաք Օբաման:
Ռումբերից յուրաքանչյուրը կշռում է 500 ֆունտ: Դրանք նետվել են երկու ռազմածովային նավատորմի F-18 կործանիչնների միջոցով՝ Էրբիլի մոտ, որը ռազմավարական կարևոր քաղաք է և ծառայում է քրդական մայրաքաղաքին, և որտեղ ԱՄՆ-ը ունի հյուպատոսություն:
Իրաքի և Լևանտի իսլամական պետության խմբավորումն օգտագործում էր հրետանի՝ կրակահերթի ենթարկելու Էրբիլը պաշտպանող քրդական ուժերին, նշել է Պենտագոնը:
Օբաման հինգշաբթի Սպիտակ տնից իր ելույթում նշել է, որ լիազորում է օդային հարվածները, որպեսզի պաշտպանի ամերիկյան շահերն Իրաքում և ջրի ու սննդի մնցորդները տասնյակ հազարավոր փախստականների համար, որոնք բռնությունների են ենթարկվել Իրաքի և Լևանտի իսլամական պետության խմբավորման կողմից:
***
Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցում նա կրկին ռազմական, սադրիչ հռետորաբանություն է կիրառել, մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը մասնավորապես հայտարարել է. «Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում։
Իր վրեժը Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից՝ էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Նա շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին։
Այսպիսի մթնոլորտում են ձևավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետևանքներով հանդերձ: Միջագզային հանրությանը դեռ ուշ չէ նրան կանգնեցնել և իրականության դաշտ հետ բերել։ Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին, այլև շարունակելու ենք ակտիվ մասնակցությունն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում»։