Անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ ՝ «Mediamall.am»  լրատվականի.



Թունավորում Լոռու մարզում

 

 

Նոյեմբերի 28-ին, ժամը 23.35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Վանաձորի Բազումի փողոցի թիվ 9 շենքի բնակիչ՝ 1986 թ. ծնված Վ. Ա.-ը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

 

***

 

 

Ավտովթար' Արարատի մարզում. կա տուժած

 

 

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.11-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ԱԳԼՃԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկակարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» 34 VS 791 և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 LQ 446 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Մ. Բ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

 

 

***

 

 

Էբոլա վիրուսից 340 բուժաշխատող Է մահացել

 

 

Էբոլա վիրուսից մահացած բուժաշխատողների թիվը հասել Է 340-ի, դրանով վարակվել են եւս 250-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը:

 

«Մահացությունը կազմում Է 35,7 տոկոս: Վարակման դեպքեր են գրանցվում նաեւ բժշկական անձնակազմի մեջ. Էբոլա տենդից տուժել են 592 բուժաշխատողներ, նրանցից 340-ը մահացել են»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոյեմբերի 23-ի տվյալների՝ Էբոլա տենդի զոհերի թիվը հասել Է 5689-ի, ընդամենը վարակվել Է 15 հազար 935 մարդ: Տուժածների մեծ մասը բաժին Է ընկնում արեւմտաաֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

***

 

 

Հոսպիտալացվել էր 54 երեխա. կասեցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի գործունեությունը

 

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին' ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:

 

Ահազանգից անիմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ' անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը):

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզում առկա պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու թունավորման աղբյուրը։

Քննության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 54 երեխա, որոնցից 19-ն արդեն դուրս են գրվել։

 

 

***

 

 

Իրադրությունն առաջնագծում

 

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12 հազար կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 

***

 

 

Երևանում փորձել են հրկիզել «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա 

 

 

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենտլի» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու միջոցով վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան:

 

Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

***

 

 

Սպիտակի բ/կ-ի բժիշկները 40 օրական փոքրիկին բուժօգնություն չեն ցուցաբերել. վերջինս մահացել է

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի ցուցումով հարուցվել է քրեական գործ' մանկահասակ (40 օրական) Ն.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:

 

2014 թվականի նոյեմբերի 16-ին' ժամը 06:10-ի սահմաններում, բուժօգնություն ստանալու նպատակով ծնողների կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մանկահասակ բնակչուհի, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ծնված Նարինե Խաչատրյանը, սակայն բուժսպասարկում իրականացնող բժիշկները վերջինիս բուժօգնություն չեն ցուցաբերել, առաջարկել են նրան տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն։ Այսինքն՝ չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերել, ինչն առաջացրել է երեխայի մահը:

 

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և անզգուշությամբ Նարինե Խաչատրյանի մահն առաջացնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

 

 

***

 

 

Գորիսի նախկին քաղաքապետի գործով նոր դրվագներ են բացահայտվել

 

 

Նոր մանրամասներ են բացահայտվել Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ, որի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Գորիսի մի շարք հողատարածքներ մատչելի գներով իրացվել են տարբեր անձանց՝ համայնքին պատճառելով վնաս:

 

2005 թվականի հոկտեմբերի 7-ին առաջարկությամբ դիմել է Գորիսի համայնքի ավագանուն՝ Գորիսի Մալինցով-Խաչատուր փողոցի 2/1 (նախկինում 2-Ա) հասցեում գտնվող 900 քմ հողատարածքը քաղաքաշինական նպատակներով անհատույց իրեն օտարելու համար։

 

Համայնքի ավագանու որոշման և միայն քաղաքապետի մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքում 2005թ. հոկտեմբերի 25-ին կայացվել է հիշյալ հողատարծքն իրեն օտարելու մասին թիվ 152-Ա որոշումը, իսկ 2005թ. դեկտեմբերի 12-ին' նվիրատվության պայմանագրով ինքն իրեն անհատույց օտարել է 1քմ-ի համար 810 ՀՀ դրամ կադաստրային օտարման գին ունեցող 900 քմ հողամասը։ Համայնքին պատճառված վնասը գնահատվել է 729.000 ՀՀ դրամ:

 

Մեկ այլ դրվագում մատչելի գնով հողատարածքն օտարվել է քաղաքապետի կնոջը։ Ըստ քրեական գործի տվյալների՝ Ն.Ոսկանյանը 2006թ. հունվարի 27-ին Գորիսի համայնքի ավագանուն առաջարկել է օտարել ՝ Գորիսի Գարեգին Նժդեհի 18-րդ հասցեում գտնվող նկուղային հարկի 291,1 քմ տարածքը, որին համայնքի ավագանին 2006թ. հունվարի 27-ի թիվ 8-Ա որոշմամբ տվել է համաձայնություն:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Եղվարդի մանկապարտեզում թունավորվածների թիվը հասել է 67-ի

 

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց հիվանդասենյակներով, ծանոթացավ Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետևանքով Երևան տեղափոխված երեխաների առողջական վիճակին, զրուցեց նրանց հետ:

 

Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ինքը երկուժամյա պարբերականությամբ զեկուցում է իրականացվող աշխատանքների ընթացքի և հիվանդների առողջական վիճակի մասին:

 

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ առկա է 67 հիվանդ, որից 48-ը հոսպիտալացվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 19-ը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային թեթև գանգատներով 21 երեխա, կազմակերպվել է նրանց ամբուլատոր բուժումը: Նախարարը կարևորեց, որ առողջապահական բոլոր օղակներն օպերատիվ արձագանքել են ստեղծված իրավիճակին և նրանց հաջողվել է ժամանակին իրականացնել հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ:

 

Հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նկատվում է լավացման դրական դինամիկա: