«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.












Զինվորականների տեղափոխող «Նիվան» գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ. Shamshyan.com


Երեկ՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում են տեղափոխվել Վայք քաղաքի բնակիչներ, 51-ամյա Հրայր Գևորգյանը, 48-ամյա Միսակ Մարգարյանը և Ջերմուկ քաղաքի բնակիչ, 58-ամյա Սիրակ Գևորգյանը:

 

Հիվանդանոց տեղափոխված Ս. Գևորգյանը ժամեր անց մահացել է:

 

Կայքիի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. Գևորգյանը աշխատում է ՀՀ ՊՆ Վայքի զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժանմունքի սպա, իսկ Մ. Մարգարյանը Վայքի վարժարանում՝ որպես զինղեկ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում


***

 

Ստուգումների արդյունքում Երևանում տուգանվել է 11 գազալցակայան

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում hունիսի 8-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:

 

Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 402 դեպքի: Նախարարին զեկուցվել է հունիսի 2-4-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կազմակերպած «ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողովի ընթացքի մասին:

 

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականին՝ ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցել է Երևան քաղաքի գազալցակայանների ստուգումների արդյունքների մասին: Ներկայացնելով Երևանում կազմակերպված ստուգումների ամփոփ տվյալները՝ Ա. Մկրտչյանը հավելել է, որ ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում և այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացը սկզբից ի վեր 11 գազալցակայան արդեն տուգանվել է: Նախարար Ա. Երիցյանը հորդորել է միայն տուգանքներով չսահմանափակվել և խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:

 

Խորհրդակցությանը ՍՊԾ պետ Հ. Պետրոսյանը հայտնել է, որ նախատեսվում է գործակալության մասնագետների այցը Սյունիք, որտեղ կկազմակերպվեն դասընթացներ: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ՝ գործել է 377 հակակարկտային կայան, իրականցվել է մոտ 227 000 կրակոց:

 

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

 

ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը զեկուցել է հունիսի 9-11-ը հաշմանդամների Հանրապետական մարզական փառատոնին նախարարության 9 սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների մասնակցության մասին: Ս. Մխիթարյանը հայտնել է նաև, որ նախարարության հաշմանդամություն ունեցող 15 աշխատակից հունիսի 13-ին մասնակցություն կունենա նաև կարատե մարզաձևի Հայսատանի բաց առաջնությանը:

 

ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնել է, որ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների համար ձեռքբերված ձայնագրող սարքերը տեղադրվել են և «911» ծառայության ահազանգերը մշտապես վերահսկողության տակ են:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։

 

***

 

Թուրքիայի խորհրդարանն առաջին անգամ ունի երեք հայ պատգամավոր


 

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքներով առաջին անգամ երկրի մեջլիսում են հայտնվել միանգամից երեք հայ պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նաև, որ մեջլիսում հայտնվում է հայ կին պատգամավոր: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի Ազգային մեծ ժողով է մտել լրագրող Մարգար Եսայանը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունի' Գարո Պայլանը, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից' իրավաբան Սելինա Դողանը:

 

Թուրքիայի խորհդարանական ընտրությունների քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքները հրապարակված են: Դրանց համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր), Հանրապետական ժողովրդական կուսակցություն' 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը' 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն' 13,11 տոկոսը (80 պատգամավոր):

 

Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: