Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքներով առաջին անգամ երկրի մեջլիսում են հայտնվել միանգամից երեք հայ պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նաև, որ մեջլիսում հայտնվում է հայ կին պատգամավոր: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի Ազգային մեծ ժողով է մտել լրագրող Մարգար Եսայանը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունի' Գարո Պայլանը, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից' իրավաբան Սելինա Դողանը:
Թուրքիայի խորհդարանական ընտրությունների քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքները հրապարակված են: Դրանց համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր), Հանրապետական ժողովրդական կուսակցություն' 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը' 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն' 13,11 տոկոսը (80 պատգամավոր):
Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: