«Mediamall.am» -ն առաջարկում է ծանոթանալ օրվա առավել ուշագրավ տեղեկություններին.
Ինքնասպանության փորձ Երևանում
Օգոստոսի 17-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ «Նորաշեն» թաղամասի թիվ 45 շենքի 91-րդ բնակարանում քաղաքացին դանակի միջոցով փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ՕԽ-ն:
Բնակարանի ննջասենյակում եղել է 1959թ. ծնված Է. Բ.-ն, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության ներքո:
Հրշեջ-փրկարարները Է.Բ.-ին անվնաս իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Շտապօգնության աշխատակիցները տուժածին հոսպիտալացրել են «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Ստավրոպոլում Երևան-Վոլգոգրադ ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ է տուժել
Ստավրոպոլում 17 մարդ վնասվածք է ստացել ավտոբուսի վթարից, որը Երևանից ուղևորվում էր Ստավրոպոլ: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ճանապարհային ոստիկանության երկրամասային վարչությունից, ավտովթարը տեղի է ունեցել Բուդեննովսկի շրջանում' ժամը 17:05-ին:
«Mercedes Sprinter ավտոբուսի վարորդի խոսքով' շարժման ժամանակ տեղի է ունեցել հետևի ձախ անվադողի պայթյուն: Վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը շրջվել է»,- նշել են ճանապարհային ոստիկանության երկրամասային վարչությունից:
Գերատեսչությունում նշել են, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Սվետլոգրադ-Բլագոդարնի-Բուդյոնովսկ ճանապարհի 10-րդ կիլոմետրի և Կոչուբեյ-Զելենոկումսկ-Միներալնիե Վոդի ավտոճանապարհի միջև: Հայկական պետհամարանիշներով ավտոբուսն իրականակացրել է մասնավոր այց: Ավտոբուսում եղել է 20 ուղևոր և 2 վարորդ: Բուդեննովսկ քաղաքի շրջանային կենտրոնական հիվանդանոց է դիմել 17 մարդ: Հիմնականում ուղևորները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: «Ավտոբուսում չեն եղել անվտանգության ամրագոտիներ, որոնք կարող էին էականորեն քչացնել տուժածների թիվը»,- նշել են գերատեսչությունում:
Ավտովթարի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկաններ և քննչական խմբեր:
***
Իրան-Իրաք սահմանային գոտում 8 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոսի 18-ին, ժամը 10.01-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06.32-ին Իրան-Իրաք սահմանային գոտում' Դեհլորան քաղաքից 38 կմ արևելք, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.690 և արևելյան երկայնության 47.660:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժին հաջորդել է 3.2-5.7 մագնիտուդով 22 հետցնցում:
Երկրաշարժը ՀՀ տարածքում չի գրանցվել:
***
Օբաման ընդհատել է արձակուրդը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդհատել է իր արձակուրդը և վերադարձել Սպիտակ տուն։ Մայրաքաղաքում նա կանցկացնի 2 օր, որտեղ մի շարք գործնական հանդիպումներ իրականացնելուց հետո կվերադառնա իր հանգստին, որն անցկացնում էր Մարտաս Վինյարդ կղզում'իր ընտանիքի հետ, գրում է itar-tass-ը։
Օբաման իր օգնականների հետ կքննարկի Իրաքի, ինչպես նաև Միսուրի նահանգում ստեղծված իրավիճակը. մի քանի օր է ինչ չեն հանդարտվում սևամորթ դեռահասի սպանության հետ կապված բողոքի ակցիաները:
«Նախագահն ու փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կհանդիպեն Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ Իրաքի հարցով նոր տեղեկատվություն ստանալու նպատակով»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Օբաման նաև նամակ է հղել Կոնգրեսի ղեկավարին, որում կարգադրել է ռմբակոծել Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դիրքերը, որն իր երկրի ազգային անվտանգության շահերից է բխում։
***
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները եռակողմ հանդիպում կունենան
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները օգոստոսի 18-ին հանդիպում կունենան Նախիջևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Իրակլի Ալասանիան արդեն ժամանել են Նախիջևան: Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իսմեթ Յըլմազը տեղ կհասնի մի փոքր ավելի ուշ:
Նախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում, որը կտևի մինչև օգոստոսի 19-ը, կողմերն այցելելու են մի քանի զորամասեր, ինչպես նաև Նախիջևանի հուշարձաններ:
***
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել Է 60 մարդ
Իրանի երեք արեւմտյան նահանգներում օգոստոսի 18-ի առավոտյան տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարաժ: Այն ոչնչացրել է Աբադան քաղաքի հաղորդակցական կենտրոնը: Այս պատճառով, նշել է ԻՌՆԱ գործակալությունը, խիստ բարդ է ստույգ տեղեկատվություն ստանալ հասցված վնասի եւ տարերքի հարվածի հնարավոր զոհերի մասին, տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը:
Այս ժամին ստացվել են տեղեկություններ Մուրմուրիի շրջանի 60 բնակիչների մասին, որոնք վնասվածքներ եւ վերքեր են ստացել ստորգետնյա ցնցումների հետեւանքով:
Տուժած նահանգներից մեկի նահանգապետ Մաջիդ Ասգարին ԻՌՆԱ գործակալությանը հայտարարել է, որ Աբադան քաղաքի գյուղատնտեսական շրջաններին հասցվել Է լուրջ վնաս, ընդ որում մի շարք գյուղեր, նրա խոսքով՝ գործնականում ավերվել են: Ականատեսների վկայությամբ՝ աղետի շրջանում գետնի ցնցումներ են զգացվում մինչեւ հիմա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
***
Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Prensa Armenia գործակալությունը, այս մասին հայկական Սուրբ Նարեկ եկեղեցում Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագի ժամանակ հայտնել է Բուենոս Այրեսի արքեպիկոպոս կարդինալ Մարիո Պոլին: «Հռոմի պապը պատասխանել է մեկ տարի առաջ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի միջոցով Հայկական կաթոլիկ եկեղեցու հրավերին' պատարագ մատուցել' հանուն Ցեղասպանության ճանաչման»,- տեղեկացրել է Սուրբ Նարեկ եկեղեցու հովվապետ Պաբլո Հաքիմյանը:
2013 թվականի հունիսին Կիլիկիայի Հայոց թեմի առաջնորդ Ներսես Պետրոս XIX-ի հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապն ընդունել էր նաև Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի դստերը, լսել էր նրան, բռնել էր ձեռքը և ասել. «Դա քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: Հռոմի Ֆրանցիսկոս պապի նման քայլն առաջացրել էր Թուրքիայի հիստերիան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում «բացարձակ անընդունելի» էր համարել Հռոմի պապի նման արտահայտությունը:
***
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակողն ազգությամբ հայ է
Մոսկվայում որսորդական հրացանով Թուրքիայի դեսպանատան վրա կրակ բացած տղամարդն ազգությամբ հայ է: 43-ամյա Արթուր Միրզոյանի թիրախը եղել է Թուրքիայի Հանրապետության գերբը, որի վրա նա երկու անգամ կրակել է, հայտնում է MK-ն:
Երկու կրակոցներն էլ դիպել են հենց թիրախին: Նա հիմա ՆԳՆ Խամովնիկի շրջանի ոստիկանական բաժանմունքում է:
Նշենք, որ կրակոցների արդյունքում տուժողներ չեն եղել: Դեսպանության անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են կրակոցներ արձակած տղամարդուն: Նա անմիջապես տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
Կրակոցի պատճառները նա չի բացահայտել: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
***
Մահվան ելքով պատահար Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում
Օգոստոսի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1977 թ. ծնված Հայկ Պետրոսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 17 հասցեի դիմաց բախվել է ծառերին:
Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
***
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Վրաստանի' Նախիջևանում գտնվող պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Հանդիպման ժամա նակ Հասանովն ընդգծել է Վրաստանի հետ բանակցությունների և անցկացվող հանդիպումների ռազմավարական նշանակությունը: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
Նախիջևանում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով այստեղ է ժամանել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Նախարարները Նախիջևանում կմնան մինչև օգոստոսի 19-ը:
***
Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը լրջորեն անհանգստացել է գերմանական պարբերականներում տարածված այն տեղեկությունից, թե Գերմանիայի հատուկ ծառայությունները գաղտնալսում են Անկարային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլլիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Արտաքին գործերի նախարարությունում քննարկումը դեռ ընթացքի մեջ է:
Ֆրանկֆուրտի կիրակնօրյա պարբերականը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիան ներառվել է գերմանական արտաքին հետախուզական ծառայությունների կողմից հետևվող «գլխավոր երկրների» շրջանակի մեջ, իսկ այդ երկրների նկատմամբ կիրառվող հետախուզական միջոցների թվում են նաև գաղտնալսումները: Այս տեղեկությունը պարբերականին հաստատած' կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյան, ով չի ցանկացել բացահայտվել, հայտնել է, որ Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումները ներքին անվտանգության տեսանկյունից հետաքրքրում են Գերմանիային: Նա հիշեցրել է, որ Թուրքիայից եկող Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները, ծայրահեղ ձախակողմյան և աջակողմյան կազմակերպությունները Գերմանիայում զբաղվում են թմրամոլությամբ և մարդկանց առևանգելով: Պաշտոնյան ընդգծել է նաև, որ թուրքական կառավարությունը Գերմանիայում գործող թուրքական կազմակերպությունների միջոցով աշխատում է տարբեր քաղաքական նպատակներ կյանքի կոչել այդ երկրում:
***
Գերմանիան մտադիր չԷ ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիան մտադիր չԷ ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային: Այս մասին հայտարարել Է Գերմանիայի արտագործանախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարին Շեֆերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դաշնային կառավարությունը ճգնաժամային իրադրությունում կոնկրետ ռազմական սարքավորանք մատակարարելու ոչ մի կարգի պլաններ չունի»,- նշել Է դիվանագետը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն այս կերպ Է մեկնաբանել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի կիրակնօրյա հարցազրույցը Գերմանիայի Deutschlandfunk ռադիոկայանին, որր բովանդակում Էր Կիեւին այդպիսի օգնություն ցույց տալու խնդրանք Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին:
Ինչպես օգոստոսի 18-ին ավելի վաղ Ֆինլանդիայի «Յուլե» հեռուստաընկերության եթերում ասել Է Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն հնարավորություն չունեն ռազմական օգնություն ցույց տալու Ուկրաինային: «Դա (ռազմական օգնության ցուցաբերումը – ծանոթ. խմբ) բնականաբար, անհնար Է:
ՆԱՏՕ-ն նման օգնություն Է ցույց տալիս սոսկ կազմակարեպության անդամներին, եւ դա լավ հայտնի Է: Իսկ ԵՄ-ն միջոցներ չունի նման օգնություն ցույց տալու համար»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
***
«Նաիրիտ»-ի մոտ բռնկված հրդեհը մարվել է չորս մարտական հաշվարկի ուժերով
ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 17-ին' ժամը 14.12-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասում. լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Բագրատունյաց 3-րդ նրբանցքի Հ. Ա.-ին պատկանող թիվ 21/3 տարածքում երկու օջախ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել' 14.46-ին: Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք' բռնկումով, իսկ երկրոդ օջախում այրվել է խոտածածկ տարածք' 400 քմ մակերեսով: