«Mediamall.am» լրատվականըներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ նորությունները.


Կալիֆորնիայի սենատը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' բանաձևը սենատին ներկայացրեց սենատոր Քևին դե-Լեոնը' նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալ ազատ-անկախ հայրենիք' չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշեց սենատորը: Բանաձևի օգտին ելույթ ունեցան նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:

2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին օրինագիծը, որը խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին եւ կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին' սատարել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը: Բանաձևի հեղինակն է ամերիկացի կոնգրեսական Մայք Գատոն:

Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' որպես անկախ և ինքնիշխան պետություն: Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը:

2013 թվականի ապրիլի 10-ին և մայիսի 5-ին ԼՂՀ անկախությունը հատուկ բանաձևով ճանաչել են համապատասխանաբար Մեյն և Լուիզիանա նահանգների օրենսդիր մարմինները' կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին' «աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը, ժողովրդավար անկախությանը եւ միջազգային հանրության կառուցողական ջանքերին' ուղղված ԼՂՀ-ի ներգրավմանը' այդ կարևոր տարածաշրջանում հասնելու տևական հակամարտության արդար եւ երկարաժամկետ լուծմանը»: 2012 թվականի մայիսի 17-ին Ռոդ Այլնդի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև, իսկ 2012 թվականի օգո ստոսի 6-ին նույնանման որոշում էր ընդունել Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը: Մերիլենդ նահանգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ցիտել է իր պաշտոնական բանաձևերից մեկում:

 

***

 

Սիրիայի նորանշանակ կառավարության կազմում հայ նախարար կա

 

Երեկ'օգոստոսի 27-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հրապարակել է 2014 թվականի 273-րդ օրինագիծը' Սիրիայի նոր կառավարության կազմի առնչությամբ՝ վարչապետ վերանշանակելով Դոկտ. Ուաէլ Նատեր Ալ Հալաքին: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան իջից:

Կառավարությունը բաղկացած է 35 նախարարից, որին նախագահական նոր օրինագծով ավելացել է նոր նախարարություն' Վարչական բարեկարգման նախարարություն: Կառավարության մեջ ներառված է մեկ հայ նախարար, հանձին' Նազիրա Սարսգի (Բնապահպանության նախարար):

 

***

 

Հայ դիրքապահների ուղղությամբ մեկ օրում արձակվել է ավելի քան 150 կրակոց. ԼՂՀ ՊՆ

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ' տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

***

 

Ուկրաինայում մեկնարկել Է խորհրդարանական ընտրարշավը

 

Ուկրաինայում օգոստոսի 28-ին մեկնարկել Է ժողովրդական պատգամավորների արտահերթ ընտրությունների արշավը, որոնք նշանակված են հոկտեմբերի 26-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

Նախօրյակին «Ուկրաինայի նաախգահի պաշտոնական բանբերում» հրապարակվել Է «Ուկրաինայի Գերագույն ռադայի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ արտահերթ ընտրությունների նշանակման մասին» պետության ղեկավարի հրամանագիրը: Այդպիսով, փաստաթուղթը համարվում Է պաշտոնապես հրապարակված եւ ուժի մեջ Է մտել օգոստոսի 27-ից:

Ինչպես պարզաբանել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Օխենդովսկին, «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորենրի ընտրությունների մասին» օերինքին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացն սկսվում Է Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ նախագահի հրամանագրի հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Ընդսմին ժողպատգամավորների թեկնածուների առաջադրումն սկսվում Է ընտրական գործընթացի առաջին օրվանից, այսինքն՝ արդեն օգոստոսի 28-ից:

ԿԸՀ-ի հաշվարկների համաձայն՝ ժողովրդական պատգամավորների ընտրությունների կազմակերպման, նախապատրաստման եւ անցկացման համար անհրաժեշտ Է 986 մլն գրիվնա, որը կհատկացվի պետբյուջեի պահուստային ֆոնդից:

 

***

 

Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 11 երկրաշարժ

 

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 21-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 11 երկրաշարժ:

Երկրաշարժերից երեքը' 3 բալ ուժգնությամբ, գրանցվել են Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Օգոստոսի 23-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 28 կմ դ եպի հարավ-արևմուտք և Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում' Լագոդեխի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը 3–4 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Բիթլիս քաղաքից 59 կմ և 72 կմ դեպի հարավ-արևելք և Օլթի քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օգոստոսի 25-ին տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ադրբեջանի Նախիջևան քաղաքից 23 կմ դեպի հյուսիս: Օգոստոսի 25-ին և 26-ին 3 և 4-5 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում' Նինոցմինդա քաղաքից համապատասխանաբար 8 կմ և 18 կմ դեպի հարավ-արևելք: Վերջին երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսում, մասնավորապես, Բավրա գյուղում' 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Օգոստոսի 24-ին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիի Հասեինդա լա Քալերա քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժն զգացվել է Չիլիի հարավում և Արգենտինայի արևմտյան շրջաններում: Երկրաշարժի հետևանքով խաթարվել է հեռահաղորդակցության համակարգը և դադարեցվել էլեկտրամատակարարումը: Նույն օրը Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 10 կմ դեպի հարավ գրանցվել է 6.1 մագնիտոդով երկրաշարժ:

Այն վերջին 25 տարիների ընթացքում ամենահզոր երկրաշարժն է: Երկրաշարժի հետևանքով կա ավելի քան 210 տուժած, նրանցից 6-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Երկրաշարժը շարքից հանել է Նապա քաղաքի ենթակառուցվածքը: Կան ավերածություններ, ամբողջովին քանդվել է 120 շենք և շինություն, ընդհատվել է էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը, խափանվել է հեռահաղորդակցության համակարգը, արձանագրվել է գազի արտահոսքի 50 դեպք: Տարբեր փորձագետների գնահատականներով' Կալիֆորնիայում երկրաշարժի հասցված վնասը կարող է կազմել 1.4-ից մինչև 4 միլիարդ դոլար: Օգոստոսի 25-ին Պերուի Տամբո քաղաքից 40 կմ դեպի արևելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.9 մագնիտուդ: Զոհեր և ավերածություններ չկան:

 

***

 

Միջպետական նշանակության ճանապարհներին սեպտեմբերի 1-ից գործարկվելու են նոր արագաչափեր

 

Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին 2014թ. սեպտեմբերի 1-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարքեր: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ից «Մ-12 Գորիս-ԼՂՀ սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ-ում (Գորիս քաղաքի վարչական տարածք, Արցախյան խճուղի) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

«Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115-րդ կմ-ում (Սպիտակ քաղաքի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Երևան քաղաքի Էրեբունի փողոցում գործարկվելու է 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

2014 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի մի շարք դպրոցներին հարակից ճանապարհահատվածներում ևս կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր: Մանասվորապես, Տիգրան Պետրոսյան փողոցում գործարկվելու է 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ա. Ավետիսյան փողոցում՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ռուբինյանց փողոցում՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Օրբելի փողոցում՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ /ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին' 08:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

 

***

 

Թուրքիայի վարչապետի գրասենյակից և ԱԳ նախարարությունից չեն բացառել Նալբանդյանի հետ հանդիպումների հնարավորությունը

 

Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունն անակնկալի է բերել Թուրքիայի ԱԳՆ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերական ը:

Թուրքիայի վարչապետի գրասենյակից և արտգործնախարարությունից ստացած տվյալների համաձայն' Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Անկարա կատարելիք իր առաջին այցի շրջանակներում:

 

***

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհանգստացած է ԼՂՀ-ում եզդիներին բնակեցնելու հավանականությամբ

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեծապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում եզդիներին բնակեցնելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս փաստի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը:

Նա հայտնել է, որ Ադրբեջանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին «կոշտ դիրքորոշում արտահայտել» Արցախում եզդիների բնակեցման առնչությամբ: Աբդուլլաևի խոսքով' նմանօրինակ գործողությունները միայն վնասում են հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, դատապարտելով Իրաքում եզդի համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող գործողությունները, ասել էր, որ Արցախը պատրաստ է ընդունել և ապաստան տալ եզդիներին:

 

***

 

Ինքնասպանության փորձ Դավթաշենի կամրջից

 

Օգոստոսի 28-ին, ժամը 13.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել' ցած նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են մոտ 45 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը. վերջինիս ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք:

 

***

 

Թուրքիայի Մեջլիսում տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը

 

Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, Ազգային մեծ ժողովում պաշտոնապես երդվելով, ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber գործակալ ությունը:

Թուրքիայի Մեջլիսի նախագահի թույլտվությամբ մոտենալով ամբիոնին' Էրդողանն արտասանել է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված երդման տեքստը: Արարողությունից հետո Թուրքիայի նահանգներում 101 կրակոց է հնչել:

Երդումից հետո Էրդողանն իր շարասյունով կուղևորվի Չանքայայի նախագահական պալատ' արարողակարգի երկրորդ հատվածն իրականացնելու:

 

***

 

Արտավան գյուղի մոտ փշալարերի մեջ արգելափակված արջի քոթոթը տեղափոխվել է անվտանգ տարածք

 

ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 28-ին' ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ. քոթոթին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին թմրեցրել են քոթոթին և տեղափոխել անվտանգ տարածք:

 

***

 

Թուրքիայի ընդդիմադիրները բոյկոտել են Էրդողանի երդմնակալության արարողությունը

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Մեջլիսում բոյկոտել է երկրի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Հանրապետական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը, դժգոհելով այն փաստից, որ մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքն իրեն խոսքի իրավունք չի տվել, դեն է նետել Մեջլիսի ներքին կանոնակարգը: Այնուհետև Ալթայը իր կուսակիցների հետ միասին որոշել են բոյկոտել Թուրքիայի նորընտիր նախագահի երդման արարողությունը և դուրս եկել Մեջլիսից:

Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն, Ազգային մեծ ժողովում պաշտոնապես երդվելով, ստանձնել է երկրի Նախագահի պաշտոնը: Աթաթուրքի դամբարան և վարչապետի նստավայր այցելելուց հետո Էրդողանը կուղևորվի նախագահական նստավայր, որտեղ էլ տեղի կունենա արարողակարգի վերջին հատվածը:

 

***

 

Ադրբեջանում պաշտոնանկ են արել «հայ դիվերսանտ» բռնած ադրբեջանցի չինովնիկին

 

Հայի գերեվարելու մոլուցքով տարված Ադրբեջանի իշխանություններն այդ ճակատում հայտնվել են ծիծաղելի եւ զավեշտալի իրավիճակներում: Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադըգյոզալ Դուրսունովին, ով առաջինն էր հայտարարել, իբր, հայ քաղաքացի գերեվարելու մասին, հեռացրել են պաշտոնից:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը, որն, ի դեպ, ապատեղեկատվության առաջին տարածողն էր: Ըստ թերթի' աշխատանքից ազատել են նաեւ Ադըգյոզալ Դուրսունովի եղբորը (անունը չի նշվում):

 

Օգոստոսի 26-ին չինովնիկը «Ենի Մուսավաթ»-ի թղթակցին հայտնել էր, թե իբր, իր տան բակում Հայաստանի քաղաքացի է «հայտնվել», որին գյուղացիները բռնել եւ հանձնել են զինվորականներին: Հետո նա հայտարարել էր, թե, իբր, հային ոչ թե գյուղացիներն են բռնել, այլ իրենց «հերոս» զինվորականները: Նա անգամ ասել է, որ ինքը «20 րոպե իր առանձնասենյակում զրուցել է հայ գերու հետ», որից հետո ադրբեջանցի զինվորականները նրան տարել են անհայտ ուղղությամբ:

 

Դրա հետ միասին, նա ոչ հայի անունը, ոչ էլ նրա որտեղից լինելը չէր հայտնել: Ավելին, սույն չինովնիկը հորի նել էր, թե իբր հայ գերին իրեն ասել է, որ Հայաստանից շատերն են ցանկանում փախչել Ադրբեջան եւ այլ անհեթեթություններ:

 

Ինչպես երեւում է' տեսնելով, որ հայկական կողմը կտրականապես հերքում է որեւէ հայ քաղաքացու ադրբեջանական կողմում հայտնվելու մասին այդ ապատեղեկատվությունը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակները ընթացք չտվեցին իրենց այդ հերթական սադրանքին:

 

Այժմ էլ իրենց հերթական հորինվածքի ձախողումը քողարկելու համար Քեմերլիի տեղական իշխանության չինովնիկին դարձրեցին «քավության նոխազ»' հեռացնելով աշխատանքից ոչ միայն նրան, նրա եղբորը' եւս: Միանգամայն ադրբեջանական զավեշտ:

 

«Արմենպրես» լրատվական գործակալությանն ընդամենը մեկ-երկու ժամ պահանջվեց' հերքելու ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սադրանքն ու կանխելու դրա տարածումը:

 

 

***

 

Թուրքերը խոստանում են վերականգնել Անիի Մայր տաճարը

 

 

 Հայոց պատմական Անի մայրաքաղաքում թուրքական հետազոտական կենտրոնների կողմից այս տարի անցկացվող պեղումներն ավարտվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:

 

Նա ասել է, որ պեղումները կշարունակվեն եկող տարի եւս: Նրա խոսքով` պեղումների ավարտից հետո (չի նշվում ժամկետը) ձեռնամուխ են լինելու «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիի Մայր տաճարի վերկառուցմանը, որի վերաբերյալ նախագիծը Թուրքիայի հուշարձանների խորհուրդն արդեն ստորագրել է:

 

«Մենք այդ աշխատանքները կսկսենք ամենակարճ ժամանակում», -ասել է Օզդեմիրը, ով չի թաքցրել, որ այդ աշխատանքներն իրենք կատարում են զբոսաշրջիկների հոսքը Անի մեծացնելու նպատակով:

 

Անիի Մայր տաճարը` Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Անիի Մայր տաճարն իր կոթողային ձեւերով եւ հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Այն դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:

 

Տաճարի 3D պատկերը կարելի է դիտել այստեղ: