Բերձորի միջադեպի մասնակից ոստիկաններև ենթարկվել են կարգապահական տույժի
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի մարտի 9-ին ստորագրված հրամանով' 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների համար ոստիկանության մի շարք ծառայողներ ենթարկվեցին կարգապահական տույժերի։
Կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գուրգենի Ղահրամանյանին հայտարարվեց նկատողություն:
Խիստ նկատողություն հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արթուր Բենյամինի Հայրապետյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 1 դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Սամվել Իսպանդարի Գրիգորյանին,
ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Բորիս Աշոտի Ջալավյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Էրիկ Հենրիկի Պետրոսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Ալեքսանդր Սերգեյի Հովհաննիսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Ֆելիքս Յաշայի Չոփչյանին։Շարունակությունն՝ այստեղ:
***
«Նախագահականից են առաջարկել, ընդունել ենք». Հովիկ Աբրահամյանին զարմացրին
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որով փոփոխություն է կատարվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» որոշման մեջ:
«ՀՀ կառավարությունում և Հանրապետական գործադիր մարմիններում տեղի ունեցած կառուցվածքային և պաշտոնատար անձանց փոփոխության հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել վերանայել «Սևան» ազգային պարկ ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել:
Ըստ այս փոփոխությունների՝ «ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինվելու են «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերով, «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով, «ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ» բառերով, իսկ «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը հանել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու են մարզպետին փոխարինում տեղակալով. «Որովհետև փոխվարչապետը փոխվեց նախարարով, Նախագահի աշխատակազմից առաջարկություն եղավ, որպեսզի մարզպետի փոփոխությունը կատարվի փոխմարզպետով, առաջարկությունն այդպես էր, ընդունեցինք մենք»,- պատասխանեց նախարարը: «Ի՞նչ կապ ունի մեկը մեկի հետ»,- զարմացավ Հովիկ Աբրահամյանը, ապա նշեց, որ հետո կնայեն:
***
Հովիկ Աբրահամյանի որդին ու «օրենքով գող» Զապը հանդիպել են.
Լավատեղյակ աղբյուրներից armtimes.com-ին հայտնի դարձավ, որ մարտի 6-ի երեկոյան «Նացիոնալ» հյուրանոցում հանդիպում է տեղի ունեցել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի և գյումրեցի օրենքով գող Զապի՝ Անդրանիկ Սողոյանի մասնակցությամբ:
«Մեր տեղեկություններով, հանդիպմանը մասնակցել են մի քանի քրեական հեղինակություններ ևս ու քննարկել են «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Գյումրի ավտոերթը խափանելու հարցերն ու վերջին օրերին քրեական աշխարհում տեղի ունեցած դեպքերը, այդ թվում և՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունը: Հիշեցնենք, որ «Նացիոնալ» հյուրանոցը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է Հովիկ Աբրահամյանին»,- գրում է armtimes.com-ը:
***
Ադրբեջանն իր մարդկանց բանտերում փտեցնում, աշխարհին հյուր է ընդունում
Եվրոխաղերի անցկացումն իր վրա վերցնելով' Ադրբեջանի կառավարությունն աշխատում է աշխարհին երեւալ ժամանակակից վարկանիշով, սակայն հետնաբեմում իրականությունը բոլորովին այլ է: Եվրոխաղերն անցկացվում են 1991 թվականից անկախացած Ադրբեջանում ամենավատ բռնաճնշումներ տեղի ունեցած տարում:
Այս մասին, իչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, International Business Times պարբերականում հրապարկված հոդվածում գրում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Ադրբեջանի գծով հետազոտող Նատալիա Նոզաձեն:
«Ադրբեջանն իր մարդկանց բանտերում փտեցնում, աշխարհին հյուր է ընդունում: Այդ երկրում 22 խղճի բանտարկյալ ձերբակալվել են կեղծ մեղադրանքներով: Մյուսներն էլ ստիպված են եղել փախչել երկրից կամ ազատվել աշխատանքից», -գրել է նա:
Հոդվածի հեղինակը նշել է, որ հազարավոր մարզիկների ու հյուրերի ընդունել պատրաստվող Բաքվի բնակիչներին արգելվել է խաղաղ հավաքներ անցկացնել: Միջազգային հյուրերի համար հսկա մարզադաշտեր, հյուրանոցներ, մամուլի սրահներ են կառուցվում, սակայն, տեղացի ակտիվիստները հանդիպելու եւ աշխատելու տեղ են որոնում:Շարուկանությունն՝ այստեղ:
***
Սյունիքում 19-ամյա աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Սյունիքի մարզի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ Ի.Բալասանյանը համակրել է նույն մարզի 19-ամյա բնակչուհուն: Ընկերություն անելու նպատակով բազմիցս զանգահարել է նրան, սակայն վերջինս մերժել է, արտահայտել իր անձնական հակակրանքը: Մերժում ստանալով՝ Ի.Բալասանյանը որոշել է ամուսնանալու նպատակով փախցնել աղջկան, ինչն իրականացնելու համար նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր և ընկերների հետ։
Զրուցելու պատրվակով, խաբեությամբ 2015 թվականի փետրվարի 24-ին Ի.Բալասանյանի ընկերը աղջկան հրավիրել է այգի, որտեղ ստիպողաբար, բռնություն գործադրելով նրան նստեցրել են ավտոմեքենան, որը վարել է Բալասանյանի եղբայրը, և առևանգել: Սիսիան տանող ճանապարհին փոխել են ավտոմեքենան և աղջկան տեղափոխել Կապան՝ անտեսելով աղջկա օգնության կանչերը, փախուստի փորձերը և իրեն ազատ արձակելու պահանջը:
Նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, առևանգման մասնակից անձանց ինքնությունը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի մարտի 5-ին ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
***
Շիրակի մարզի դատախազը հանցավորության դինամիկան անկանխատեսելի է համարում. 2 օրում՝ 3 դի, 7 վիրավոր
Շիրակի մարզի դատախազը մարզում հանցավորության դինամիկան անկանխատեսելի է համարում: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով վերջին 2 օրում Գյումրիում տեղի ունեցած կրակոցների և սպանությունների դեպքերին. արձանագրվել է 3 դի, 7 վիրավոր:
«Հանցավորության դինամիկան միշտ անկանխատեսելի է, և իրավապահ մարմինների ներկայացուցիչներս չենք կարող երբևէ ասել, թե այդ պահին քանի հանցագործություն կարձանագրվի և ինչ հաջորդականությամբ, կամ ՀՀ որ վարչական տարածքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Րաֆֆի Ասլանյանը:
Մարտի 7-ին' ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմաց տեղի է ունեցել միջադեպ, տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ, ինչի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով:
Մարտի 8-ին« ժամը 13.00-ին, Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դիտահորի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ' կախված վիճակում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը Գյումրիի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Աֆյանի դիակն է' մետաղալարով կախված և սառած վիճակում: Արթուր Աֆյանը փետրվարի 21-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:
Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի հարակից ձորակ գլորված մեքենայից հայտնաբերվել էր Գյումրու բնակիչ« 31-ամյա Քրիստ Վարդանյանի դին: Նույն օրը մեկ այլ դի հայտնաբերվել է նաև Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում գտնվող մատուռում: Մարտի 9-ին' ժամը 03:15-ին, սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով, «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 31 շենքի 11 բնակարանի բնակիչ' 1992 թվականին ծնված Լեւոն Վահրամի Ժամակոչյանը: Վերջինիս առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Լեւոն Ժամակոչյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Արմենուհի Մխոյան