Եվրոխաղերի անցկացումն իր վրա վերցնելով' Ադրբեջանի կառավարությունն աշխատում է աշխարհին երեւալ ժամանակակից վարկանիշով, սակայն հետնաբեմում իրականությունը բոլորովին այլ է: Եվրոխաղերն անցկացվում են 1991 թվականից անկախացած Ադրբեջանում ամենավատ բռնաճնշումներ տեղի ունեցած տարում:

 

Այս մասին, իչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, International Business Times պարբերականում հրապարկված հոդվածում գրում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Ադրբեջանի գծով հետազոտող Նատալիա Նոզաձեն:

 

«Ադրբեջանն իր մարդկանց բանտերում փտեցնում, աշխարհին հյուր է ընդունում: Այդ երկրում 22 խղճի բանտարկյալ ձերբակալվել են կեղծ մեղադրանքներով: Մյուսներն էլ ստիպված են եղել փախչել երկրից կամ ազատվել աշխատանքից», -գրել է նա:

 

Հոդվածի հեղինակը նշել է, որ հազարավոր մարզիկների ու հյուրերի ընդունել պատրաստվող Բաքվի բնակիչներին արգելվել է խաղաղ հավաքներ անցկացնել: Միջազգային հյուրերի համար հսկա մարզադաշտեր, հյուրանոցներ, մամուլի սրահներ են կառուցվում, սակայն, տեղացի ակտիվիստները հանդիպելու եւ աշխատելու տեղ են որոնում:

 

«Ադրբեջանը ատլետների համար կարող է անվտանգ երկիր լինել, սակայն այստեղ մարդու իրավունքներն ու ազատ խոսքի պաշտպանությունը վտանգավոր խաղ են: Այս գործում առաջին տեղերում հայտնվողները հետապնդվում են, եւ մեդալի փոխարեն բանտային պատժի ենթարկվում: Ձերբակալություններն ու բռնաճնշումները քայքայել են ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը, վերջ դրել քննարկումներին եւ բանավեճերին», -համոզմունք է հայտնել Ն. Նոզաձեն:

 

Amnesty International-ի Ադրբեջանի գծով փորձագետի խոսքով' Ադրբեջանի կառավարությունն ապագային նայելիս կորցնում է բանականությունը, քանի որ նավթային եկամուտները կշարունակվեն եւս 20, իսկ գազը' 50 տարի, իսկ դրանից հետո նրանք չգիտեն ինչ է լինելու:

 

«Երիտասարդ ակտվիստ Թուրգութի կարծիքով «Բաքու-2015»-ը կարող է փոփոխություններ բերել: Ադրբեջանցի ակտիվիստն ասում է, որ այս խաղերը վերջին հնարավորությունն է իրենց ձայնը լսելի դարձնելու, աշխարհի ուշադրությունն իրենց պայքարին ուղղելու համար, քանի որ վաղը կարող է շատ ուշ լինել», -նշել է փորձագետը:

 

Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին հետեւելու, ձերբակալված մոտ 100 քաղբանտարկյալին ազատ արձակելու կոչերով դիմել են աշխարհի տարբեր միջազգային իրավապաշտպան, այդ թվում Amnesti International եւ Human Rights Watch կազմակերպությունները:

 

Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության եւ պետականաշինության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին, ի պատասխան այդ կոչերին, yap.org.az կայքի հետ զրույցում հայտարարել է, որ հիշյալ միջազգային կազմակերպությունները «կեղտոտ արշավ» են սկսել Ադրբեջանի դեմ: Նրա խոսքով' «այժմ Ադրբեջանի համար կարեւոր է ոչ թե այն, թե ինչ են մտածում այդ կազմակերպություններն իր մասին, այլ այն, թե ինչ է մտածում Բաքուն նրանց մասին»: