Pegasus լրտեսական ծրագրով փորձել են լրտեսել ՀՀ 13 գործչի, որոնց թվում են լրագրողներ և իրավապաշտպաններ։ Այս մասին հայտնում է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը։
Լրտեսական ծրագիրն օգտագործվել է 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսները։
Pegasus-ով վարակված են եղել «Ազատություն» ռադիոկայանի երկու լրագրողների՝ Կառլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի հեռախոսները, Արցախի նախկին ՄԻՊ-ը, ՄԱԿ-ի աշխատակիցներ, ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարը, քաղհասարակության ևս յոթ ներկայացուցիչներ։
Երկու լրագրողի հեռախոսները վարակել են 2021-ի ապրիլ-մայիս ընկած հատվածում, երբ նրանք լուսաբանում էին ԼՂ հակամարտության հետևանքներն ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամը։ Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հեռախոսը` 2021-ի մայիսին, երբ ակտիվորեն դիտարկում էր խորհրդարանական ընտրությունները։
2021թ. մայիս-հուլիս ամիսներին վարակել են ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը, որը մասնակցել է ԼՂ ճգնաժամի հարցով բանակցություններին։
2021թ. հունիսին վարակել են թյուրքագետ, պատմական գիտությւոնների թեկնածու Վարուժան Գեղամյանի հեռախոսը, որն այդ շրջանում Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսություններ էր կարդում։
2022-ի հունիսին վարակել են ArmNews TV-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հեռախոսը,
2022-ի հոկտեմբեր-նոյեմբերին` Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հեռախոսը:
13 տուժածներից վեցը, որոնց սարքերում հայտնաբերվել է լրտեսող ծրագրեր, և ովքեր մասնակցել են հետաքննությանը, նախընտրել են անանուն մնալ, նրանց թվում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեկ ակտիվիստ, քաղհասարակության մեկ գործիչ և ՄԱԿ-ի երկու աշխատակից:
Ըստ Amnesty International-ի հաղորդագրության՝ սարքերը վարակելը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։