ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել․
1․ Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։
Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա։
2․ Այս նամակում Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակա են լայն տարածման։ Իմ, հնարավոր է նաև ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը։
Հ․Գ․ Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից»,- գրել է նա։
Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ․com-ը գրել էր, որ Հայաստանում «Պեգասուս» ծրագրով գաղտնալսում են իրականացնում, այդ մասին այս գիշեր 2 հայ նախազգուշացվել է Apple-ից։ Փաստորեն, նրանցից մեկը Արթուր Վանեցյանն է, թե ո՞վ է մյուսը դեռևս հայտնի չէ։