Վերջին շրջանում քաղաքացիական հասարակության «սորոսական» հատվածը սկսել է բացահայտ թիրախավորել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և նրա կողմից ղեկավարած կառույցը։ Ակնառու է, որ քարոզչա-քաղաքական և ֆինանսական մի շարք խմբեր օգտագործում են առիթը թե՛ իշխանությանն ընդհանրապես, թե՛ ԱԱԾ-ին մասնավորապես հարվածելու համար: Վանեցյանի դեմ գրոհի առաջին ալիքը եղավ հայտնի ձայնագրությունների հրապարակումից անմիջապես հետո, երկրորդ ալիքը համընկավ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ հարուցելու հետ: Այժմ կարծես թե թևակոխել ենք սորոսականների «գրոհի» երրորդ փուլ, որն արտահայտվում է հրապարակումների շարքով, որով «սորոսականները» փորձում են Վանեցյանի մասին հասարակության շրջանում բացասական ֆոն ապահովել։ Դրան զուգահեռ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պնդելով, որ ԱԱԾ-ում տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում։  Բացի այդ, Իոաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Վանեցյանի «մութ պատմությունների մասին» շատ բան գիտի և որ չի պատրաստվում լռել:
 
Հրապարակումներին զուգահեռ տեղեկություն տարածվեց, որ ՔՊ սորոսական թևը Փաշինյանի առջև շատ կոշտ կերպով դրել է Վանեցյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Ըստ երևույթին, այս հարցում ևս սորոսականները լուրջ հաջողություն արձանագրել չեն կարողացել, քանի որ ԱԱԾ պետը շարունակում է պաշտոնավարել և կատարել իր պարտականությունները: Այս փուլում ձախողվելուց հետո սորոսականների արշավի «էստաֆետը» Իոանիսյանից փոխանցվեց Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին, ով ևս հայտնի է Բաց հասարակության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ ունեցած սերտ կապերով: Բարսեղյանը հեռակա երկխոսություն էր սկսել Վանեցյանի հետ՝ ԱԱԾ-ին մեղադրելով ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը լինելու մեջ: Սա, ի դեպ, Բարսեղյանի առաջին «հարձակումը» չէր: Բարսեղյանը առաջինն էր, ով արձագանքեց մամուլում տարածվող տեղեկությանը, թե Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնը պատրաստվում է վստահել հենց Վանեցյանին: Բարսեղյանը հայտարարեց, որ «բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը»:
 
Ի վերջո, ինչո՞ւ է ԱԱԾ պետը դարձել սորոսականների «աչքի փուշը»: Արթուր Վանեցյանը ԱԱԾ պետ նշանակվեց դրսից, ոչ հեղափոխականների միջից, և պետականությանը նվիրված անձ է: Բացի այդ, ինչպես ցույց տվեց կյանքը, բավականին աչալուրջ է պետության բյուջեի նկատմամբ և կարողանում է տեղում կանխել «հեղափոխականների» ախորժակի ժայթքումները: Ընդ որում, բոլոր հարձակումները պայմանավորված են ԱԱԾ-ի կողմից օրենքով սահմանված իր լիազորությունները իրականացնելու ընթացքում բացահայտված հնչեղ դեպքերի հետ, որոնք այս կամ այլ կերպ առնչվում են հենց «սորոսականների» շահերի հետ:
 
Մյուս կողմից. բոլորովին չի բացառվում, որ այստեղ գործ ունենք այլ՝ չափազանց խորքային խաղի հետ՝ նաև արտաքին շերտեր ընդգրկող: ԱԱԾ-ն «բարեփոխված» (պարզ չէ, թե ինչ նկատի ունի սորոսական թևը «բարեփոխում» եզրի տակ) տեսնելու այս թևի ցանկությունը կարող է պայմանավորված լինել առավելապես Հայաստանի անվտանգային համակարգն Արևմուտքի տիրույթ տեղափոխելու ինչ-որ ուժերի ցանկությամբ՝ կտրելու այն ռուսական անվտանգային համակարգից: Գաղտնիք չէ, որ կոնկրետ ՀՀ Ազգային անվտանության ծառայությունը ամենասերտ համագործակցության մեջ է գնվում ռուսական հատուկ ծառայությունների հետ, ինչը, թերևս, պատմականորեն ձևավորված ավանդույթների արդյունք է, որը, խոստովանենք, իրեն արդարացրել է: Մինչդեռ որոշ սորոսականներ, ովքեր, իրենց համոզմամբ, կարևոր ներդրում են ունեցել հեղափոխության գործում, այժմ փորձում են ստանալ դրանից առավելագույնը՝ նույն Իոանիսյանի և Բարսեղյանի շուրթերով հնչեցնելով հայտարարություններ, որոնց քողարկված թիրախը հենց վերոհիշյալ խնդրի իրագործումն է: Նշենք, որ ԱԱԾ պետին մինչ օրս հաջողվել է չներքաշվել այդ խաղի մեջ, ԱԱԾ-ն սորոսականների մեղադրանքներին պատասխանում է հազվադեպ, իսկ ինքը՝ Վանեցյանը, ընդամենը մեկ անգամ է խոսել իր դեմ տարվող արշավի մասին՝ հստակ ընդգծելով, որ նման արշավը ձեռնտու է մարդկանց այն խմբին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում որպեսզի Հայաստանը ունենա ուժեղ ԱԱԾ:
 
Ինչ վերաբերվում է սորոսականների՝ հեղափոխության գործում ունեցած ներդրումին, դժվար է ասել, թե որն է այն: Գուցե համասեռամոլության քարոզը, գուցե Ստամբուլյան կոնվենցիան, որը նրանք ջանում են առաջ տանել՝ աչք փակելով հանրության լայն շերտերի բացասական դիրքորոշման վրա, գուցե դրսի ուժերի շահերը սպասարկելն ու դրսի պատվերներ կատարելն է: Մի բան ակնհայտ է, որ այս թևը որևէ այլ գործով դեռևս աչքի չի ընկել, հետևաբար անգամ բարոյական իրավունք չունի թիրախավորելու պետականության գլխավոր հենասյուներից մեկը հանդիսացող կառույցը և նրա ղեկավարին, հատկապես երբ թիրախավորումը արվում է ինչ-ինչ շահերի սպասարկման համատեքստում…