2020 թվականի փետրվարի 5-ին ինը տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ստեղծում է կուսակցություն, որը կհամախմբի գործող իշխանություններից դժգոհ, նրանց գործելակերպը չընդունող, սակայն անցյալի վերադարձը չցանկացող հասարակության լայն զանգվածին:

«Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել Հայաստանում, որը կոչվում է հասարակությանը սևերի և սպիտակների բաժանել։ Ես կարծում եմ, դա կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ, քաղաքական օրակարգ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Վերադարձ անցյալին երբեք չի լինելու։ Ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ անցյալին չլինի»,- ասել էր Վանեցյանը:

Մինչդեռ երեկ՝ ապրիլի 29-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ որոշել են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով:

Նշենք, որ ամիսներ առաջ Արթուր Վանեցյանը չէր բացառել, որ քաղաքական հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հետաքրքիր է՝ ի՞նչն է ստիպել Վանեցյանին «համագործակցել» անցյալի իշխանության հետ և ի՞նչ սպասել այս միացումից:

Հավելենք նաև, որ, ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը ևս «Հայրենիքի փրկության շարժման» մաս էին կազմում:

Արփինե Հակոբյան

Կիսվել