Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է ուղարկել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ ԱԻՆ-ում անսպասելի հյուրեր էին հայտնվել՝ ԱԱԾ աշխատակիցները, որոնք հարցաքննել են շուրջ 150 աշխատակցի, այդ թվում նախարարին: Քիչ առաջ էլ լրատվամիջոցները հայտնեցին, որ Փիլոյանը ձերբակալվել է:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ ԱԱԾ-ն հիշեց Անդրանիկ Փիլոյանին: Գաղտնիք չէ, որ Փիլոյանը շարքային զինվորական չէ, 44-օրյա պատերազմի ընթացքում նա զբաղեցրել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը և նույնիսկ հանրությանը մինչ օրս անհայտ սխրագործությունների համար պատերազմի ամենաթեժ օրերին արժանացել է բարձրագույն՝ ՀՀ Ազգային հերոսի կոչումի:
Այսօր, սակայն, Փաշինյանը, կարծես թե, որոշել է զոհաբերել ևս մեկ բարձաստիճան սպայի. պատճառն էլ հասկանալի է՝ ամեն գնով պատերազմում պարտության մեղքը բանակի և բանակի ղեկավարության վրա բարդելու և քաղաքական իշխանություններին մաքուր հանելու ցանկությունն է, որով էլ Փաշինյանը և թիմը առաջնորդվում են վերջին 1.5 տարիների ընթացքում: Փիլոյանն այս առումով ընդամենը Փաշինյանի հերթական թիրախն է, որին մեղադրանք առաջադրելու միջոցով հնարավոր կլինի իրագործել վերը նշված ծրագիրը: 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը այսօր թեև պարապորդի է մատնված, սակայն, եթե այսպես շարունակվի' շատ շուտով կունենա բոլոր հիմքերն իր եզրակացության պարտության սլաքները ուղղել դեպի գեներալիտետ' այդպիսով մաքրազերծելով օրվա իշխանություններին: