«Դեռևս այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին միջազգային որակավարում ունեցող տեղեկատվության անվտանգության մասնագետներն իրականացրել են իմ հեռախոսի զննում-փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է տխրահռչակ Pegasus ծրագիրը, բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերություններից, չուզեցի այդ մասին բարձրաձայնել, երեկ, երբ ստացա նամակը, որոշեցի բարձրաձայնել այդ մասին և հանրայնացնել տեղեկությունները, որ մեզ հասու էր դեռ սեպտեմբերին». Այս մասին այսօր նոյեմբերի 25-ին, ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Pegasus-ը վնասակար է և անթույլատրելի։ Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե կան համապատասխան հիմքեր, դատարանի որոշման հիման վրա, պետությունը իրավունք ունի, այո′ , գաղտնալսել և հետևել՝ իրականացնելով միջոցառումներ, բայց տարբերությունը շատ էական է: Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։
Այդ ծրագիրը NSO Group ընկերությունը ոչ թե վաճառում է երկրների հատուկ ծառայություններին, որպեսզի իրականացնեն իրենց գործառույթները, այլ ընկերությունը որոշակի գումարի դիմաց՝ 7 միլիոնից 10 միլիոն դոլարի շրջանակներում բաժանորդագրվում են ծրագրին և ասում են՝ այ մեր երկրից խնդրում ենք հսկողության վերցնել էսինչ-էսինչ անձին, և հնարավորություն են տալիս այդ ընկերությանը առանց խոչընդոտելու նրանց մուտքը բջջային օպերատորների համակարգ, մուտք գործել և վարակել ցանկացած հեռախոս»,- նշեց պատգամավորը:
Վանեցյանը շեշտեց, որ այդ տվյալները ստացվում և պահպանվում են ոչ թե ՀՀ իրավապահ մարմիններում, այլ ընկերության կենտրոնական գրասենյակ, որից հետո դա տրամադրվում է պատվիրատուին։
«NSO Group ընկերությունը հայտարարել էր, որ համագործակցում են պետությունների հետ՝ թույլատրություն ստանալով մուտք գործել երկրի բջջային օպերատորների համակարգ։ Թույլատրողը պետության ներկայացուցիչն է՝ նա է, ում վրա պետությունը դնում է պարտականությունը՝ կլինի դատախազությունը, կլինի ԱԱԾ-ն»,- ասաց պատգամավորը:
Վանեցյանը տեղեկացրեց, որ Pegasus-ը օգտագործելու համար դատական որոշում պետք չէ, ինչը հաստատում է, որ գաղտնալսումը ապօրինի է։
«Եթե նկատել եք, երբևիցե այս ծրագրով ստացված տեղեկությունները չեն հանրայնացվում, չեն օգտագործվում քրեական գործերի քննության ժամանակ, որովհետև այդ տեղեկությունները ապօրինի են ստացվում և իշխանությունը դա օգտագործում է բացառապես իրենց ոչ հաճո լրագրողներին, իրավապաշտպաններին, քաղհասարակության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին հետևելու և հետապնդելու համար»։
Ծրագրի շնորհիվ հեռավար հնարավոր է հասանելիություն ստանալ անձի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատիրոջ իմացության։