«Ակվատեկ»-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության արդյունքները «Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր արգելելու վերաբերյալ տեղեկությունը սոցցանցերում հայտնվելուց հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով՝ պատճառները պարզելու համար:

Փաստական հանգամանքները պարզելու նպատակով կապ է հաստատվել կողմերի հետ։ Ըստ ներկայացված տվյալների՝ «Ակվատեկ» և «Ջրաշխարհ» ժամանցի վայրերը պատկանում են նույն ընկերությանը։ «Ակվատեկ»-ը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձաց կարիքներին: Ստացված տվյալները վկայում են նաև, որ այդ օրը հնարավոր չի եղել ապահովել հաշմանդամություն ունեցող ութ անձանց միաժամանակյա մուտքը տարածք և անվտանգ ժամանցը։ Դրանով պայմանավորված՝ վերջիններիս առաջարկվել է օգտվել «Ջրաշխարհ»-ում տրամադրվող ծառայություններից։

Կողմերի հետ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած հեռախոսազրույցների, ինչպես նաև համացանցում լրատվամիջոցներին կողմերի հայտնած տեղեկությունների վերլուծության արդյունքում պարզվել է. հաշվի առնելով տարածքի բացօթյա լինելը և եղանակային պայմանները՝ Վանաձորից ժամանած խումբը չի օգտվել «Ջրաշխարհ»-ի ծառայություններից։