Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունը պատվիրատուներ չի ունեցել: Այս մասին հայտնել է Rosbalt-ը' հղում անելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:

 

Վկայակոչելով հետաքննության նախնական եզրակացությունները՝ նա հայտնել է, որ հանցագործությունը ներքին զորքերի «Սևեր» հատուկ գումարտակի նախկին մարտիկներ Զաուր Դադաևի և Բեսլան Շավանովի անձնական նախաձեռնությունն է եղել: Աղբյուրի խոսքով՝ հետաքննությունը նախկինի պես մշակում է պատվիրված սպանության վարկածը, սակայն «ամեն բան տանում է նրան, որ նրանք ամեն ինչ երկուսով են ծրագրել»:

 

Հետաքննության վարկածով' Դադաևն ու Շավանովը, հեռանալով «Սևերից», երկար ժամանակ չեն կարողացել աշխատանք գտնել, ինչի պատճառով շատ ժամանակ են անցկացրել միասին՝ շփվելով կրոնական թեմաներով: Մասնավորապես, նրանք քննարկել են Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներն ու քննադատել են ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը: Իրենց զրույցների ընթացքում նրանք քննարկել են նաև ծաղրանկարիչներին աջակցող հասարակական գործիչներին, այդ թվում՝ Նեմցովին:

 

«Սևերի» նախկին մարտիկները որոշել են պատժել այդ գործիչներից մեկին՝ երկու նպատակ հետապնդելով' վրեժ լուծել քննադատական արտահայտությունների համար և բարձրացնել սեփական հեղինակությունը Հյուսիսային Կովկասի, մասնավորապես' Չեչնիայի և Ինգուշեթիայի բնակիչների շրջանում»,- նշում է Rosbalt-ը: Հանցանքը գործելու համար նրանք ներգրավել են Դադաևի'Մոսկվայում ապրող հարազատներին և նրանց ծանոթներին' Անզոր և Շահիդ Գուբաշևներին, Թամերլան Էսքերհանովին ու Համզադ Բահաևին:

 

Մարտի 8-ին Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է Նեմցովի սպանության գործով 5 կասկածյալի՝ Զաուր Դադաևին, Համզադ Բահաևին, Թամերլան Էսքերհանովին, Անզոր և Շահիդ Գուբաշևներին: Նրանք կալանքի տակ կլինեն մինչև ապրիլի 28-ը: Նշվում է, որ Դադաևն արդեն խոստովանական ցուցմունք է տվել: