«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.
Երեւանի և Անկարայի միջև առկա միակ խոչընդոտը Բաքուն է. քաղաքագետ
«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի համար զարմանալի չէ, որ Հայաստանի նախագահը ՀՀ Ազգային ժողովից հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները: Ըստ նրա, հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ, նման քայլը սպասելի էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանը շեշտում է, որ անկախ հանգամանքից, որ հայ-թուրքական արձանագրությունները համարվում են «մեռած»' երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը դեռ շնչում է:
«Պետք է փաստենք, որ հարաբերությունների կարգավորումն այլեւս կախված չէ հայ-թուրքական արձանագրություններից: Գտնվելով բեմի հետնամասում, այնուամենայնիվ, կա հնարավորություն վերսկսելու բանակցություններն առանց արձանագրությունների վավերացման: Հարգանքներս արձանագրություններին, բայց նրանք արդեն մահացած են»,- ասաց Կիրակոսյանը' հավելելով, որ հարաբերությունների վերսկսման հույս միշտ էլ կա:
«Գոյություն ունի հարաբերությունների նորմալացման համար ընդամենը մեկ խոչընդոտ: Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա խոչընդոտը Բաքուն է եւ շատ առումներով դա վիրավորանք է թուրքական կառավարության համար, քանի որ Բաքուն է սահմանափակումներ դնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասաց Կիրակոսյանը: Փետրվարի 16-ին Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
***
Իշխանությունը չի հաղթել. սա պյուռոսյան հաղթանակ է. Ռուբիկ Հակոբյան
«Ժառանգություն» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Մենք այս պահին հրավեր չենք ստացել ԲՀԿ համագումարին մասնակցելու, սակայն չգիտեմ՝ ընդհանրապես նրանք այլ քաղաքական ուժերի հրավիրելու են, թե ոչ»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ համագումարին ընդամենը մեկ շաբաթ է մնացել, այնպես որ շտապել պետք չէ. «Սպասենք և կիմանաք, թե ինչ որոշում կկայացնի ԲՀԿ-ն»,- ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին Հակոբյանն ասաց. «Իշխանությունը չի հաղթել. sա պյուռոսյան հաղթանակ է»:
Հարցին, թե «Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ կուսակցության վարչության անդամները մարտի 1-ին լինելու են Տավուշի մարզում, բարձրանալու են դիրքեր:
***
Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը ոչ ժողովրդավարական, բայց լավագույն լուծումն էր. Արմեն Ռուստամյան
ԱԺ-ում այսօր՝ ճեպազրույցների ժամին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին, Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանն ասաց. «Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը ոչ ժողովրդավարական, բայց լավագույն լուծումն էր»:
Մանրամասներն' այստեղ:
***
Շատ ունեցողից շատ են պահանջում, քչից՝ քիչ. Ռուստամյանը Սերժ Սարգսյանի՝ Ծառուկյանից պահանջած գնի մասին
Շատ ունեցողից շատ են պահանջում, քչից՝ քիչ: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանը շատ թանկ չվճարե՞ց Սերժ Սարգսյանի հետ հանդպման համար, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ծանր վճարեց, թե չէ, հարցրեք Գագիկ Ծառուկյանին: Ասում են՝ շատ ունեցողից շատ են պահանջում, քչից՝ քիչ: Չգիտեմ՝ Գագիկ Ծառուկյանն ինչպես է գնահատում' ինչքան է վճարել, ես համարում եմ՝ ամենավտանգավորը, որ կարող է տեղի ունենալ, մտածելն է՝ ինչ-որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել»,- ասաց Ռուստամյանը:
***
ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց խորհրդարանական ավանդական ճեպազրույցներին
Աժ ԲՀԿ խմբակցությունն այսօր չմասնակցեց խորհրդարանական ավանդական ճեպազրույցներին:
Հիշեցնենք, որ քառօրյայի մեկնարկին Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ քառօրյան:
«ԲՀԿ-ն շուտով հանդես կգա պարզաբանումներով ու կներկայացնի իր հետագա քայլերն ու ռազմավարությունը»,- ասել էր Զոհրաբյանը:
***
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը հանրությանը «շատ լուրջ խոսք ունի ասելու». Լևոն Զուրաբյան
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը հանրությանը «շատ լուրջ խոսք ունի ասելու»: Այս մասին այսօր ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ մարտի մեկին կայանալիք հանրահավաքը ստուգատես է՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարողներին հրապարակ դուրս գալու համար:
***
Վալերի Պերմյակովին զինվորական ծառայությանը պիտանի ճանաչած 50-ից ավելի անձինք պատասխանատվության կենթարկվեն
Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած, Անդրբայկալյան շրջանի տարբեր ատյաններում աշխատող 52 անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին Անդրբայկալյան շրջանի ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի ժամանակ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելևը: «Պատասխանատվության են ենթարկվելու Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած բոլոր անձիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է zabmedia.ru-ն ։
Նա նշեց, որ Վալերի Պերմյակովի մոտ ոչ մի շեղում չհայտնաբերած Չիտայի 321-րդ ռազմական հոսպիտալի բժիշկների դեմ երեք քրեական գործ է հարուցվել։ «Բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»,- տեղեկացրեց Կիսելևը։
Վալերի Պերմյակովին բանակ էին զորակոչել Բալեյ քաղաքից։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Չիտայում ծառայության ընթացքում նա մեկ ամսից ավելի բուժվել է տեղի ռազմական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում՟ վարքում լուրջ շեղումների պատճառով, սակայն ի վերջո պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայությանը և ծառայության ուղարկվել արտասահման: