«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Հայոց ցեղասպանության ճանաչման ավանդի համար օտարազգի գործիչները կպարգևատրվեն Երախտագիտության մեդալով
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում նշանակալի եւ ծանրակշիռ ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին Երախտագիտության մեդալով պարգևատրելու նախագծին: Կառավարության նիստում հաստատվեց «Հայաստա նի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի:
Գործող օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ Երախտագիտության մեդալով պարգեւատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների գործիչները, մինչդեռ կան նաեւ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում, սակայն մինչ այժմ պարգեւի համապատասխան տեսակով' երախտագիտության մեդալով չեն պարգեւատրվել:
Օրինակ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն, Սենատի անդամ Մարկ Քըրքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Հովարդ Բերմանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ. Ռոյսը, պետական-քաղաքական գործիչ Ջիմ Կարիջիաննիսը (ԿԱՆԱԴԱ), Ջորջ Ռադանովիչը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբը եւ հասարակական, պետական-քաղաքական այլ գործիչներ պարգեւատրվել են Մխիթար Գոշի մեդալով, այնինչ՝ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի նման գործիչներին պարգեւատրել Երախտագիտության մեդալով:
***
Մինսկի բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել. Պուտին
«Նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցություններն Ուկրաինայի հարցով ավարտին են հասել: 14 ժամ տևած բանակցություններից հետո համաձայնագիրն ընդունվել է: Այս մասին հաղորդել է BBC-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Պուտինը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ին՝ ժամը 00.00-ին:
Ձեռք բերված համաձայնության համաձայն՝ ուկրաինական բանակը ծանր զենքը դուրս կբերի ներկա սահմանից որոշակի հեռավորության վրա, իսկ անջատողականները՝ մինչև անցյալ տարվա սեպտեմբերին Մինսկի հուշագրով ֆիքսված սահման: Բացի այդ, նրա խոսքով, անջատողականները ենթադրում են, որ ուկրաինական զորքերը Դեբալցևոյի շրջանում վայր կդնեն զենքերը:
***
Զարուհի Փոստանջյանն ապստամբության կոչ արեց
Այսօր կառավարությունը մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը:
Երբ պատգամավորը դուրս եկավ կառավարության շենքից, նրան դիմավորեցին ամեն հինգշաբթի բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները: Նրանցից մեկը բողոքեց իրավական համակարգի անկատարությունից, որի լուծման միակ ուղին, ըստ պատգամավորի, համակարգի փոփոխությունն է:
Պատգամավորը հավաքված կանանց ապստամբության կոչ արեց:
«Անում էինք, ինչի՞ վախեցաք, բոլորն էլ համաձայն են, ձեր հետևից գալիս էինք, ինչի՞ վախեցաք, ինչի՞ չգնացիք առաջ»,- ասաց բողոքող քաղաքացիներից մեկը:
***
Վրաստանի վարչապետը Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել Է հակապետական գործունեության մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության փետրվարի 14-ի նիստում կրկին հայտարարել Է նախկին կառավարող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման», հակապետական գործունեության մասին, որի առաջնորդը հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Այն, ինչ տեղի Է ունենում վերջին ժամանակներս, միտումնավոր գրոհ Է իրավապահ մարմինների վրա: Սկզբում նրանք (Ազգային շարժման անդամները) սկսեցին գրոհել ոստիկանության, հատուկ ծառայությունների վրա, հետո արդեն անցան բանակին: Դա բացահայտ հակապետական գործունեություն Է»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ պաշտպանական գերատեսչությունում պահպանվել են նախկին նախագահ Սահակաշվիլիի թիմի կադրերը:
«Երբ դուք (Մինդիա Ջանելիձե) դարձաք նախարար, սկսեցիք դա փոխել, հենց դրա համար Էլ նման ագրեսիա Է նկատվում «ազգայիններից… Նախարար Ջանելիձեի դեմ սկսված արշավը միանգամայն անընդունելի Է»,-նշել Է Ղարիբաշվիլին:
Վրաստանի պաշտպանության նախարարության գլխավոր տեսչության ղեկավարի տեղակալ Վալերի Զումբաձեն փետրվարի 10-ին զբաղեցրած պաշտոնը թողել Է «Սահակաշվիլիի ռեժիմին պատկանելու» մեղադրանքների պատճառով: Նույն օրը պաշտոնաթող Է եղել պաշտպանության նախարարության ռազմական տեսչության դեպարտամենտի պետի տեղակալ Ռոբերտ Գրիգոլաշվիլին: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, Գրիգոլաշվիլիի պաշտոնաթողության պատճառը նույնպես եղել են Սահակաշվիլիի թիմի հետ նրա ունեցած կապերի վերաբերալ հայտարարությունները:
***
Պատգամավորը ԵՏՄ անդամ Հայաստանում կրթության զարգացման նոր հնարավորություններ է տեսնում
Ազգային ժողովի պատգամավոր, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումից հետո Հայաստանում կրթության ոլորտի զարգացման նոր հնարավորություններ է տեսնում:
Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նախ կարևորեց այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում փոխճանաչման ենթակա կլինեն կրթական փաստաթղթերը: «Այսինքն, այդ փոխչանաչումը կլինի ոչ թե հատուկ ընթացակարգերով, ինչպես նախկինում էր, այլ մեխանիկորեն: Յուրաքանչյուր երկիր կճանաչի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից տրված կրթական փաստաթղթերը, դիպլոմները: Ավտոմատ փոխճանաչումից զերծ կմնան միայն գիտական կոչումները: Կարծում եմ, որ տնտեսության զարգացման ֆոնին կլինեն նաև մասնագիտական որակավորումներ, կլինեն նաև գիտական ծրագրեր, որոնք այդ շրջանակում կունենան զարգացումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մուրադյանը:
Պատգամավորը նշեց, որ ԵՏՄ տարածքում ավտոմատ կերպով չեն ճանաչվի միայն մի քանի մասնագիտությունների՝ մանկարվաժության, իրավագիտության և բշժկության դիպլոմները: Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրն առաջին հերթին տնտեսական պայմանագիր է, սակայն եթե այն մեր երկիրը տանելու է տնտեսության զարգացման ճանապարհով, ապա անպայման հետադարձ կապով դա նաև մասնագիտությունների ընտրության, գիտական ծրագրերի առումով կապահովի նաև կրթության ոլորտի զարգացումը: «Օրինակ, մենք գիտենք, որ կան գիտական ծրագրեր, կլինեն գիտական դրամաշնորհներ, որոն ց իրականացման համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո ավելի լայն հնարավորություններ կտրվեն»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանում ռուսերենը կսկսի գերակայություն ունենալ հայերենի նկատմամբ, պատգամավորն ընդգծեց, որ նման բան լինել չի կարող: «Հայաստանի կրթական համակարգը իր ազգային կրթության բովանդակությունն է ապահովում, իսկ այդտեղ, ինչպես բոլոր մնացած լեզուները, այնպես էլ ռուսերենը, համարվում է օտար լեզու»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորը խորհուրդ տվեց առկա մտավախությունների մեջ տեսնել նաև իրատեսականը: «Ես կրկնում եմ՝ Հայաստանի կրթությունը կազմակերպվում է իր ազգային բովանդակային ծրագրերով: Եվ մեր ազգային բովանդակային ծրագրերը չեն կարող զիջել որևէ երկրի ծրագրերին, որովհետև մենք ունենք հստակ նպատակ: Ինչ խոսք, այսօր մենք մեր ծրագրերում օտար լեզուներին բավական շատ ժամանակ ենք հատկացրել: Այսինքն, օտար լեզվի իմացությունը անհրաժեշտ է, տեղեկատվական տեխնոլոգիաների իմացությունը անհրաժեշտ է: Մենք դրանցից հետ չենք մնում, դա էլ ենք ցանկանում զարգացնել՝ սակայն մեր ազգային կրթական հենքը պահելով»,- եզրափակեց պատգամավորը:
***
Ծառուկյանը 100.000 $ է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր կօգնեն բացահայտել Արտակ Խաչատրյանին առևանգողին ու ծեծի ենթարկողին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանություն, հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: Այս մասին ասված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարության մեջ:
ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները և հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 100.000 ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին»,- ասված է հաղորդագրությունում:
***
Զինծառայողի մահվան գործով ավագ լեյտենանտ է ձերբակալվել
Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը և մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ'ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
***
«Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը». Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում
ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում.
«Բարև ձեզ:
Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին:
Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված խնդիրների շուրջ գործադիր մարմնի նիստում, արտահայտվել են գործադիր մարմնի անխտիր բոլոր անդամները: Դեռ երկուշաբթի ես երկու-երեք օր ժամանակ էի խնդրել իմ գործընկերներից հնչեցված բոլոր տեսակետներն ամփոփելու համար: Այդ ամփոփումները ներկայացրել եմ արդեն այսօր՝ քիչ առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որտեղ էլ որոշում է կայացվել դրանք հնչեցնել խորհրդի նիստում և լսել նաև խորհրդի անդամների կարծիքները: Սա չի նշանակում, որ գործադիր մարմնի անդամներն այսօր այստեղ ելույթ չեն ունենալու:
Ասեմ, որ մեր վերջին քննարկումներն էապես տարբերվել են բոլոր նախորդներից: Հանրապետական կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է, և մեր քննության դիտակետում միշտ եղել են քաղաքական հարցեր, մեր կողմից շրջանառության մեջ դրվող բոլոր նախաձեռնություններին, հայտարարություններին կամ ելույթներին մենք վերաբերել ենք որպես քաղաքական երևույթների, հետևաբար քննարկել ու քաղաքական արձագանքներ ենք տվել դրանց: Այդպես եղել է միշտ:Շարունակությունն՝ այստեղ:
***
Ռումինիայի Սենատը պաշտպանեց սենատոր Վարուժան Ոսկանյանին
Ռումինիայի Սենատը մերժել է ընթացք տալ Վարուժան Ոսկանյանի դեմ առաջադրված մեղադրանքների հիման վրա քրեական գործի հարուցմանը' պաշտպանելով հայ սենատորի անձեռնմխելիությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բուխարեստից, Սենատը որոշումը կայացրել է փետրվարի 12-ին:
Ռումինիայի օրենսդիր մարմինը երկրորդ անգամ անընդմեջ պաշտպանում է Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանին Ռումինիայի ԿՀԱԴՊՎ կողմից առաջադրվող միևնույն մեղադրանքից: ԿՀԱԴՊՎ-ն Վարուժան Ոսկանյանին մեղադրանք էր առաջադրել առ այն, որ վերջինիս կողմից 2006-2008թթ. էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ընդունած մի շարք որոշումներ էական վնաս են հասցրել Ռումինիայի տնտեսությանը: Մասնավորապես, նշված որոշումներով Ռոմգազ ընկերության միջոցով Ինտերագրո/Interagro SA գազային ընկերությանը բնական գազ է մատակարարվել առևտրային զեղչերով, ի նչի արդյունքում Ինտերագրոն մոնոպոլ կարգավիճակ է ստացել շուկայում և դարձել արտոնյալ մատակարար:
Վարուժան Ոսկանյանը, ինչպես և նախորդ անգամ, կտրուկ հերքել է իր դեմ մեղադրանքները' նշելով, որ այդ ընկերությանը տրամադրված զեղչային գները հաստատված են եղել կառավարության կողմից և դրանց կիրառությունը տարածված է ամբողջ Եվրոպայում այն ընկերությունների համար, որոնք կառավարության հավելյալ օժանդակության կարիքն ունեն: Արդյունքում, նշված պետական ընկերությունը փրկվել է սնանկացումից և 6000 մարդ չի կորցրել մշտական աշխատանքը:
Ի դեպ, այս անգամ, ԿՀԱԴՊՎ մեկնաբանել էր գործի կրկնակի վերհանումը իբր թե «նոր հանգամանքների և ապացույցների» առկայությամբ: Այնուամենայնիվ, Վարուժան Ոսկանյանը հրապարակային և Սենատում ունեցած ելույթների ժամանակ ի ցույց է դրել գործում նոր հանգամանքների ի սպառ բացակայությունը և համոզիչ փաստարկներ ներկայացրել իր անմեղության վերաբերյալ:
Հայազգի սենատորը առայժմ միակ բացառությունն է, ում անձեռմխելիությունը ռումինական օրենսդիր մարմինը պաշտպանեց պետական-քաղաքական գործիչների և խորհրդարանականների այն մեծ շարքից, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել վերջին ամիսների ընթացքում: