«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Մերկելը հավաստել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը
Եվրամիության կողմից 19 ֆիզիկական եւ 9 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից, ընդունված պատժամիջոցները, ինչպես եւ պլանավորվում էր, ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ից, չնայած Մինսկի նոր պայմանավորվածություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրյուսելում պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, կարճ ասել է՝ «Այո»:
Նա չի բացառել, որ Ռուսաստանի նկատմամբ կարող են սահմանվել նաեւ այլ պատժամիջոցներ, եթե Մինսկի նոր պայմանավորվածությունների իրագործումը վատ ընթանա:
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա մենք ուրախությամբ կուղեկցենք այդ գործընթացը, եթե լինեն բարդություններ, ապա մենք չենք բացառում հետագա պատժամիջոցները»,- ասել է Մերկելը:
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի լրացուցիչ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին, չնայած փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված համաձայնություններին:
***
Ծառուկյանը նախընտրական պայքարը շուտ սկսեց. քաղաքագետ
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական պայքաը սկսեց ֆալստարտով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սերգեյ Մինասյանը նշում է, որ այն, ինչ ԲՀԿ առաջնորդը պետք է աներ 2016-2017թթ, արեց 2015թ. սկզբին: «Հետեւաբար, բնական է, որ դրան եղավ համապատասխան քայլ Հանրապետական թեւից:
Սա կարելի է որոշ առումով անվանել նաեւ նախընտրական նոր փուլ, ֆալստարտ»,- ասաց Սերգեյ Մինասյանը: Որքանով է հնարավոր, որ այս իրավիճակի ետեւում թաքնված է ՀՀ երկրորդ նախագահը եւ նրա վերադարձը քաղաքականությունը, Մինասյանն ասաց, որ դա կերեւա ապագայում, հատկապես, թե ԲՀԿ քաղաքական խորհուրդն այսօր ինչ հայտարարությամբ հանդես կգա:Շարունակությունն՝ այստեղ:
***
Ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է Սերժ Սարգսյանի ելույթին
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը.
«Հարգելի՛ գործընկերներ
Այստեղ են ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները:
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։
Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են մեր որոշումներին: Եվ ամենակարևորը՝ ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին։
Մինչև մեր բուն անելիքները ներկայացնելը, ես ուզում եմ անդրադառնալ երեկ եթերը լցրած հայտնի մարդու ելույթին։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ իմ խոսքը ոչ թե ուղղված է նրան, այլ՝ ժողովրդին։
Սիրելի՛ ժողովուրդ
Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը, Հայաստանի քաղաքացին և ով է այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն։Շարունակությունն այստեղ:
****
Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամներն ու զոհվածների ընտանիքներն անժամկետ բողոքի ակցիա են սկսել
Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամները եւ զոհվածների (շեհիդների) ընտանիքները, որոնք արդեն 20 տարի չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք սոցիալական վճարումները, այսօր անժամկետ բողոքի ակցիա են սկսել Ադրբեջանի նախագահի նստավայրի առաջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով faktxeber.com լրատվական կայքը: Ակցիայի մասնակիցները պահանջում են վճարել ապահովագրական փոխհատուցումները:
Նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանից դեռեւս ոչ ոք չի ընդունել նրանց: Բողոքողները հայտարարել են, որ ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ չլուծվեն իրենց խնդիրները: Ակցիային մասնակցում են 200-ից ավելի հաշմանդամներ եւ զոհվածների հարազատներ:
Ադրբեջանի կառավարությունը պետք է վճարի 13500 զոհվածի ընտանիքի 11 հազարական մանաթ, իսկ ղարաբաղյան պատերազմի 11 հազար հաշմանդամներից առաջին կարգի հաշմանդամներին 8800-ական մանաթ, երկրորդ կարգի հաշմանդամներին' 6600-ական մանաթ եւ երրորդ կարգի հաշմանդամներին' 4400-ական մանաթ: 1994 թվականից սկսած նրանք այդ ապահովագրական վճարները դեռեւս չեն ստացել:Շարունակությունն՝ այստեղ:
***
Պորոշենկոն վստահ չԷ Մինսկի համաձայնությունների կատարմանը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները Դոնբասում հակամարտության քաղաքական կարգավորման հույս են ներշնչում, սակայն ինքը վստահ չԷ, որ դրանք կկատարվեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ հաջողվեց հասնել համաձայնությունների, որոնք հույս են ներշնչում, որ Դոնբասի իրադարձությունները թեժ փուլից, վերջապես, կանցնեն քաղաքական կարգավորման փուլ: Ես ցանկանում եմ, որ ոչ մեկի մոտ պատրանքներ չլինեն, եւ որպեսզի չկարծեն, թե պարզամիտ եմ, ասեմ՝ մենք խաղաղությունից դեռ… հեռու ենք, եւ ոչ ոք աներկբա վստահություն չունի, որ Մինսկում ստորագրված խաղաղության պայմանները հաստատապես կկատարվեն»,-ասել Է Պորոշենկոն Ուկրաինայի Ազգային գվարդիայի ուսումնական կենտրոն այցելության ժամանակ:
Նրա խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունների առանձնահատկությունն այն Է, որ բանակցությունները վարվել են ոչ թե եռակողմ շփման խմբի շրջանակներում, այլ անմիջականորեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Գերմանիայի ղեկավարների միջեւ: «Հույս կա, որ այս պահից, այնուամենայնիվ, իրադրությունը կընթանա ապաԷսկալացման, կրակի դադարեցման, սպառազինությունների հետքաշման ճանապարհով, եւ, հուսով եմ, հենց այս ճանապարհը մեզ խաղաղության կտանի»,-նշել Է Պորոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
***
«Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը, իր պաշտոնական դիրքը չարաշահելով, ծածկել, պարտակել է Ծառուկյանի «հանցանքները»». ՀԱԿ
Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում հանդես է եկել ընդարձակ ելույթով, որի բովանդակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր իրավիճակ է ստեղծում։
Ամբողջ ելույթի միակ թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ում մեղադրելով հազար ու մի հանցանքների մեջ, Սերժ Սարգսյանը սպառնալիքներով նրանից, ըստ էության, պահանջում է հեռանալ քաղաքականությունից և զբաղվել միայն գործարարությամբ։ Այսպիսի մի պահանջն, ինքնին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն խախտում է։
Քաղաքականությամբ զբաղվելը յուրաքանչյուր քաղաքացու լիակատար իրավունքն է, ու չկա սահմանադրական որևէ դրույթ կամ լիազորված մարմին, որը սահմանափակի կամ արգելի դա։ Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը նույնքան իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, որքան Սերժ Սարգսյանը։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հաղորդագրությունում:Շարունակությունն՝ այստեղ: