«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կոթիի բնակչուհին Ադրբեջանից հայրենադարձվեց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-ին Հայաստան հայրենադարձվեց ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանը: Այս մասին պարզ է դառնում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրությունից:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-ին Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը 2015թ. նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում: Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։ Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 8-ին' ժամը12:00-ի սահմաններում, Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ուհետ չի վերադարձել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լուսինե Աբովյան նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է Ղազախի շրջանում:
***
Սերժ Սարգսյանն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Նիստում հանգամանորեն քննարկվել և ամփոփվել են ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը համապետական մասշտաբով անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները՝ զորավարժության սցենարով նախատեսված հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու նկատված բացթողումները, բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ պետական կառավարման համակարգի՝ որպես մեկ միասնական մարմնի, գործողությունների համակարգվածությունն ու գործունեության արդյունավետության աստիճանը:
Զորավարժության շտաբի պետի և տեղակալների զեկույցներից հետո քննարկվել և ամփոփվել են կատարված աշխատանքները, ՀՀ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Մինչ այդ, նիստի սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով.
«Այս տարվա սեպտեմբերի 3-6-ը կայացած հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման տրամաբանությունը շատ պարզ է, և դա հանդիսանում է շարունակությունն այն աշխատանքի, որը վերջին տարիներին մեր երկրում իրականացնում են մեր պետական կառավարման մարմինները՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային կազմակերպված դիմագրավելու ուղղությամբ: Մենք նման զորավարժություններ քիչ ծավալի ենք անցկացրել՝ 2008 և 2013 թվականներին, բայց այս անգամ զորավարժություններն անցկացվեցին ողջ ծավալով և, անշուշտ, աննախադեպ էին: Դուք նաև տեղյակ եք, որ գոյություն ունի կարգադրություն, համաձայն որի, սահմանված է տարբեր տիպի զորավարժությունների անցկացման պարբերականություն, և մենք բոլորս պարտավոր ենք այդ պարբերականությունը պահպանել: Յուրաքանչյուր զորավարժություն առնվազն երեք նպատակ է հետապնդում՝ ստուգել, կատարելագործել և փորձ ձեռք բերել: Յուրաքանչյուր զորավարժություն, անշուշտ, ունի նաև հատուկ նպատակներ, և գոնե նախնական եզրակացություններով՝ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցել է կազմակերպված ու հասել է իր նպատակներին»:
***
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Անանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ձյուն է տեղում Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
***
Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի. Բակո Սահակյան
Արցախը երբեք չի լինի Ադբրեջանի մաս: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Regnum լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված է եղել Մոսկվայում Արցախի օրերին:
«Մի շարք եվրոպական և ամերիկյան քաղաքներ և նահանգներ, այդ թվում' Լոս Անջելեսը, ինչպես նաև ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգն արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի' ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է պետությունների կողմից ճանաչմանը, ապա դա ժամանակի և քրտնաջան աշխատանքի հարց է»,-նշել է ղարաբաղյան պետության ղեկավարը:
Նախագահ Սահակյանի խոսքով' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունը կառուցվում է բազմավեկտորության և կոմպլեմենտար սկզբունքների վրա:
«Մենք ձգտում ենք կայուն և սերտ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ մենք սփյուռք ունենք», - ընդգծել է ղարաբաղյան պետության ղեկավարը:
Խոսելով սահմանում տիրող իրավիճակի մասին, նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ի տարբերություն Ադբրեջանի, ԼՂՀ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի նվազի լարվածությունը և խթանի միջազգային միջնորդների ջանքերին: