«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.












Ահազանգով մեկնած ոստիկանները Վարդենիսում զինամթերք են հայտնաբերել

 

 

Ոստիկանության Վարդենիսի բաժնում մի քաղաքացուց օրերս ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի աղբանոց չհասած' ցուցանակի մոտ, ռազմամթերք է թողել:

 

Մեկնած օպերատի վ խումբը Վարդենիս-Սոթք ճանապարհի 1.3 կմ հատվածում' «Վարդենիս» ցուցանակի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ՝ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 165 փամփուշտով և ինքնաձիգի 2 դատարկ պահունակով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

 

 

***

 

 

 

Հասարակությունը պետք է իմանա, որ ՀՅԴ-ն միշտ իր կողքին է. Ռուստամյան

 

 

ՀՅԴ-ն մշտապես պահել է ինքնուրույն քաղաքական գիծ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ն իր վարած քաղաքականությամբ տարբերվում է մյուս ոչ իշխանական քաղաքական ուժերից:

 

«Մենք տարբերվում ենք նաև իշխանական քաղաքական ուժից: Մենք միշտ որդեգրել ենք ինքնուրույն քաղաքական գիծ: Դա բոլորին է հայտնի, և բոլոր այն դեպքերում, եթե որևէ տեսակետ համընկնում է այս կամ այն դաշտի կարծիքի հետ, մենք ունենում ենք նույն քվեարկությունը կամ նույն մոտեցումը: Սա է իրականում տեղի ունենում: Որևէ արտառոց բան այստեղ պետք չէ փնտրել»,- նշել է Ռուստամյանը:

 

Դիտարկմանը, թե հասարակությունը չգիտի՝ ՀՅԴ-ն իշխանության, թե ընդդիմության կողքին է, Ռուստամյանը պատասխանեց, որ հասարակությունը պետք է իմանա, որ Դաշնակցությունը միշտ իր կողքին է: «Արդեն 125 տարի դա ապացուցվում է: Մնացածները թող դրա կեսի կեսի չափ ժողովրդի կողքին լինեն, նոր միայն մեզ դասեր տան»,- ընդգծեց Ռուստամյանը:

 

 

 

***

 

 

 

Մարդկանց համբերության բաժակը լցվել է. անկառավարելի հզոր ալիք կարող է բարձրանալ. Գագիկ Ծառուկյան

 

 

 

Ինչպես տեղեկացրել էինք քիչ առաջ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը։

 

Խորհրդաժողովը բացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին՝ հրավերն ընդունելու համար, Գագիկ Ծառուկյանն իր ելույթում մատնանշել է մի շարք խնդիրներ, որոնց լուծումն անհրաժեշտ է Հայաստանը ծանր վիճակից դուրս բերելու համար:

 

«Մարդկանց համբերության բաժակը լցվել է: Անկառավարելի հզոր ալիք կարող է բարձրանալ, առաջիկայում էլ՝ հզոր հանրահավաքներ են լինելու մարզերում և Երևանում: Երկրի խնդիրների նկատմամբ իշխանության անտարբերությունը, խնդիրները չնկատելը դարձել է ընդունված գործելաոճ։ Երկրում հաստատված է անպատասխանատվության մթնոլորտ, ինչը քաղաքացիներին հուսախաբ է անում: Պետք է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ, ոչ մի քաղաքական ուժ չպետք է մենաշնորհ դիրք ունենա»,- ասաց Ծառուկյանը:

 

Վերջինս նշեց, որ դեկտեմբերին, երբ եղան դոլար-դրամ տատանումները, ժողովուրդը և գործարարները խուճապի էին մատնվել: Իսկ դա, ըստ Ծառուկյանի՝ իշխանության հանդեպ վստահության պակասի հետևանքն էր:

«Դա կարելի է ասել վստահության ճգնաժամ էր: Իշխանության ձայնը հստակ և համոզիչ չէր: Ամենակարևորն է հանգստացնել ժողովրդին: Նմանատիպ ցնցումները կարող են վերածվել իշխանության ճգնաժամի»,- ասաց Ծառուկյանը:

Ի դեպ, Ծառուկյանը նշեց նաև, որ Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանությունների դաշտում, բայց ժամանակն անսահման չէ:

 

 

 

***

 

 

 

«Ինձանից գաղտնի վատ ելույթ չունենաք». Գագիկ Բեգլարյանը հորդորեց բողոքող տաքսու վարորդներին

 

 

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ էին հավաքվել մի խումբ տաքսու վարորդներ, ովքեր դժգոհում էին լիցենզավորման նոր կարգից:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց բողոքող քաղաքացիների հետ և բոլորի հարցերին մեկ առ մեկ պատասխանեց: Նախարարը չմասնակցեց կառավարության այսօրվա նիստին և մնաց շենքի դիմաց այնքան ժամանակ, մինչև բոլոր վարորդները հեռանային:

Ըստ Բեգլարյանի՝ օրենքը շատ լավն է, և ինքը զարմանում է, թե ինչու են այդ մի քանի վարորդները բողոքում օրենքից և կասեցում պահանջում:

 

Նա նաև դիմելով քաղաքացիներին՝ ասաց.

«Ինչ խոսեցինք, բոլորը լսեցին, ինձանից հետո, երբ ես գնամ, ինձանից գաղտնի վատ ելույթ չունենաք, որովհետև գալիս եք, հարցնում, պատասխանը լսում եք, հաջորդ օրը կայքերով նայում եմ՝ ձեզանից մեկը պատի տակ ընենց բաներ ա խոսում, չանեք էդպիսի բան: Ձեզ պահեք արժանապատիվ տաքսու վարորդների պես»:

 

 

 

***

 

 

 

Գյումրիի քաղաքապետը հանդիպել է ռուսական 102-րդ բազայի ներկայացուցիչների հետ

 

 

 

Այսօր՝ փետրվարի 5-ին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ: Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

 

Գյումրիի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս հանդիպմանը պատասխանատուները քննարկեցին անցկացված միջոցառումների և տիրող իրավիճակի մասին որոշ հարցեր՝ միաժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում ակտիվ քննարկումների արժանացած Գյումրիում զինտեխնիկայի և զինվորականների տեղաշարժման ճանապարհային քարտեզին:

 

Նախնական պայմանավորվածությամբ մշակված քարտեզը երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշակի ճշտումների է ենթարկվել: Ռուսական կողմը ներկայացրեց ներքին կարգապահական ուժեղացված վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր ևս, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել ցանկացած խնդրի ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործում:

 

 

 

***

 

 

 

Ուշադրություն. որոնվում է Լոռու մարզի Գուգարք գյուղի անհետ կորած բնակիչը

 

 

 

Ոստիկանության Բազումի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 15/36 հասցեի բնակիչ, 1940թ. ծնված Զավեն Շուշանյանը: Քաղաքացին փետրվարի 2-ին' ժամը 10:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից Լոռու մարզի Գուգարք գյուղի հարակից անտառից եղինջ հավաքելու նպատակով, սակայն տուն չի վերադարձել և նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

 

Զավեն Շուշանյանի արտաքին տվյալներն են. հասակը մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, մազերը՝ սպիտակ, ձախ ուսին առկա է կնոջ պատկերով դաջվածք, ձախ ձեռքին՝ ЗАВЕН գրառումով ռուսերեն դաջվածք։ Հագին եղել է զինվորական վերնազգեստ, գլխին՝ սև գույնի գլխարկ, իր հետ ունեցել է բաց դարչնագույն կտորից ուսապարկ։

 

Զավեն Շուշանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողները կարող են զանգահարել ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին՝ հետևյալ հեռախոսահամարով (0322)-5-02-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

 

 

***

 

 

 

Մինչ Գյումրի ուղարկվելը, Վալերի Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում

 

 

19-ամյա Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ, դեռևս Չիտայում ծառայության ժամանակ մեկ ամսից ավել բուժվել է կլինիկական զինվորական հիվանդանոցի հոգեբուժարանում: Այս մասին հայտնել է LifeNews-ը:

 

Բժիշկները նրա վարքագծում լուրջ շեղումներ են հայտնաբերել:

Ռուսաստանի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները պարզում են, թե ինչպես է մշտապես հոգեբույժի հսկողության տակ գտնվող զինծառայողն առաջարկվել Հայաստանում ռուսական ռազմաբազա տեղափոխվելու համար:

 

Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, Վալերի Պերմյակովը զորակոչվել է Չիտայում 2014 թվականի մայիսի 15-ին և ծառայել է այնտեղ մինչև դեկտեմբերի 3-ը: Միայն տարվա վերջում է որոշվել նրան Գյումրի տեղափոխել: Տեղի աշխատակիցները, սակայն, թաքցրել են այն փաստը, որ Պերմյակովը փաստացիորեն զորակոչվելուց անմիջապես հետո ընկել է կլինիկական զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք և այնտեղ մնացել մինչև հունիսի վերջ:

 

Այժմ զինվորականները կասկածվում են անփութության մեջ, որը կարող էր ողբերգության պատճառը դառնալ: Քրեական գործ է հարուցվել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու, ինչպես նաև զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի նկատմամբ: Զինկոմիսարիատը կասկածվում է նրանում, որ ի սկզբանե ընդունել է ծառայության մի զինծառայողի, ով ուներ հոգեկան խնդիրներ, ընդ որում՝ փաստաթղթերն ամրագրելով դրական բնութագրով:

 

 

 

***

 

 

 

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական օրակարգային հարցեր

 

 

 

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը:

 

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ջերմ ընդունելության համար: «Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար:

 

Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առևտրաշրջանառության և ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը և այդ համատեքստում կարևորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նոր նախագծերի իրականացումը: Երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի ԵՏՄ-ին միանալը լայն հնարավորություն կստեղծի առևտրաշրջանառության աճի խթանման, նոր ն երդրումների ներգրավման և նոր շուկաների ձեռքբերման համար:

 

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև անցած տարի Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ կունենա Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպումից հետո վարչապետ Աբրահամյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդրանիկ նիստին: