«Medimall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.

 

 

 

 

2200կմ՝ ոտքով. Երևանից ուղևորված հայ թոշակառուն հասավ Մոսկվա 

 

 

Երևանի Մոսկվա՝ ոտքով. իր մեծ քայլքն ավարտում է հայ թոշակառու Գրիգոր Թեփոյանը: Այս ճամփորդությունը Մեծ հայրենական պատերազմի 70-ամյակի պատվին է, և հոր հիշատակին նվիրված, ով պատերազմի ժամանակ քայլել է նույն ճանապարհով: Այս մասին հայտնել է ՄԻՐ հեռուստաընկերության թղթակից Մաքսիմ Դրագնեվը:

 

 

Թեփոյանը ճանապարհն անցել է 46 օրում՝ անցնելով 2200 կմ ճանապարհ՝ կրկնելով Երևանից Մոսկվա հոր անցած ճանապարհը: Ճանապարհորդին դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները:

 

 

«Ես տեսել եմ շատ ուկրաինացի փախստականների: Անկեղծ եմ ասում, երբ շփվեցի նրանց հետ, սիրտս ցավաց: Այդ պահերին ես հիշում եմ իմ մանկությունը. այն ժամանակ պատերազմ էր ու պատերազմից հետո բոլորիս համար դժվար էր»,- նշել է Գրիգորի Թեպոյանը:

 

 

***

 

ԼՂՀ-ում զինվոր է զոհվել

 

 

Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահությունը կրելու ժամանակ, մայիսի 8-ին, ժամը 15:10-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը:

 

 

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Ղամբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

***

 

Զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն

 

 

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել են նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները։

 

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վայրում հայտնաբերված տարբեր իրերի, այդ թվում' ինքնաձիգի, զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն։

 

 

Այսպես՝ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Ավետիսյանների տանը հայտնաբերված ծխախոտների ծխուկներից անջատված ԴՆԹ-ները համընկել են հիմնականում Սերյոժա Ավետիսյանի, ինչպես նաև՝ Արմեն Ավետիսյանի արյան նմուշներից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրերի հետ՝ 99,99% հավանականությամբ: Իսկ տան գազի վառարանի վրայից հայտնաբերված մեկ «VIP» տեսակի ծխախոտի ծխուկից անջատված արական սեռի մեկ անձից ծագած ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը համընկել է Վալերի Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ՝ 99,99% հավանականությամբ:

 

 

Փորձաքննությունների ընթացքում փորձագետները ԴՆԹ են անջատել քննությանը ներկայացված սվին դանակի պատյանից, բռնակից և գոտուց, սվին դանակի գոտուց, զինվորական համազգեստից, որը նույնպես 99,99% հավանականությամբ համընկել է Վ.Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: Վ.Պերմյակովի գենատիկական բնութագիրն է հայտնաբերվել նաև AKC 74 տեսակի ինքնաձիգի ուսագոտու, պահունակի պայուսակի վրա։

 

 

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

***

 

«Ժողովուրդ». ՀԷՑ-ը ՀԾԿՀ-ին էլէներգիայի սակագինը 16 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը երեկ ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, իսկ գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամում կամ նույն է թե՝ 38 տոկոսով:

 

 

Իհարկե, բացառված չէ, որ ՀԷՑ-ը այդքան մեծ թիվ նշել է այն բանի համար, որպեսզի հայտը քննարկելիս Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը դրանում մի փոքր ճշտումներ անի ու թանկացման չափը նվազեցնի: Բայց դա այնպես կանեն, որպեսզի մարդիկ ոչ թե իրենց հայհոյեն, այլ մի բան էլ շնորհակալություն հայտնեն, որ ոչ թե 16, այլ 10 դրամ են թանկացնում: Իսկ թե ինչպես է ՀԷՑ-ը հիմնավորում իր առաջարկը, պարզ կդառնա առաջիկա օրերին՝ հայտում բերված տվյալները հրապարակվելուց հետո» ։

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։