mediamall.am-ն առանձնացրել է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.
Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել
Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
***
Boeing 777-ի կործանման համար մեղավոր է Կիևը․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ընկած է ուկրաինական իշխանությունների ուսերին։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
«Անկասկած, պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել ողբերգությունը, պատասխանատվություն է կրում այդ սարսափելի միջադեպի համար։ Նման բան տեղի չէր ունենա, եթե երկրում խաղաղություն լիներ և Ուկրաինայի հարավ-արևելքում չվերսկսվեին ռազմական գործողությունները»,- ասել է Պուտինը։
ՌԴ առաջնորդը հանձնարարել է կառավարությանն անել ամեն ինչ իրադարձության մանրակրկիտ հետաքննության համար։
«Մենք պետք է անենք ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի ողբերգական իրադարձության օբյեկտիվ պատկերը տեսանելի լինի և մեզ, և Ուկրաինային, և ամբողջ աշխարհին»,- ասել է Պուտինը։
***
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի Ուկրաինայում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 18-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով' ժամը 18:00-ին) արտակարգ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունում, որը պահանջել է ԱԽ-ի նիստ գումարել:
«Մենք ստացել ենք այն բանի հաստատումը, որ հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին' առավոտյան ժամը 10-ին, եւ կլինի բաց»,- ասել է մշտական ներկայացուցչության մամուլի կցորդ Դայանա Սանտանան: Նրա խոսքով' սպասվում է, որ Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հաշվետվությամբ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քրատուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:
Ենթադրվում է, որ նիստում քննարկման գլխավոր թեման կլինի հուլիսի 17-ին Ուկրաինայում «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանումը:
Ուկրաինայի իշխանությունները եւ երկրի արեւելքում գործող աշխարհազորայինները ժխտում են իրենց մասնակցությունն ինքնաթիռի կործանմանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջադեպի համար պատասխանատվություն է կրում Ուկրաինան, քանի որ այն տեղի է ունեցել նրա տարածքում: «Այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե ուկրաինական հողում խաղաղություն լիներ, չվերսկսվեին մարտական գործողություններն Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- ասել է պետության ղեկավարը:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել ավիաաղետի միջազգային փորձաքննություն անցկացնելու օգտին: Կազմակերպության վարչական ղեկավարը հայտնել է, որ ուշադիր հետեւում է իրադրության զարգացմանը, ինչպես նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Ինքնաթիռը տեղական ժամանակով ժամը 18:00-ին ընկել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սնեժնոյե բնակավայրի մերձակայքում: Ավիափոխադրողի ճշտված տվյալների համաձայն' աղետի հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 283 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները: Ինքնաթիռում եղել են Նիդեռլանդների 154 քաղաքացիներ, 27 ավստրալացիներ, 23 մալայզիացիներ, 11 ինդոնեզացիներ, 6 բրիտանացիներ, չորսական քաղաքացիներ Գերմանիայից եւ Բելգիայից, երեք ֆիլիպինցիներ եւ մեկ կանադացի: Մնացածների քաղաքացիական պատկանելությունը հայտնի չէ:
***
Ուկրաինայի երկնքում փորձել են խփել Վլադիմիր Պուտինի օդանավը. աղբյուր
Ուկրաինական հրթիռների նպատակակետը կարող էր լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող օդանավը: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Ռոսավիացիայի աղբյուրները:
Օդանավերն, ընդհանուր առմամբ, նման են միմյանց, գծաչափերը և հեռավորության պատկերը համընկնում են: Համար մեկ բորտը և մալայզիական Boeing 777-ը հատվում էին Վարշավայի մոտակայքում՝ 330-րդ էշելոնում, 10.100 մ բարձրության վրա: Համար մեկ բորտն այնտեղով անցել է ժամը 16:21-ին, իսկ Boeing 777-ը՝ ժամը 15:44-ին:
Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկից 80 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, ովքեր բոլորն էլ մահացել են:
***
Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար
Մոսկվայում կալանավորված հայազագի գործարար, բարերար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Գործարարի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ' հուլիսի 17-ի երեկոյան Հայրապետյանին մեկուսարանում զննել է բուժաշխատողը: «Նրան հատկացրել են անհրաժեշտ ինսուլինը, առողջությունը բավարար է»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Լեւոն Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, իսկ վերջերս տարել է նաեւ ինսուլտ:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել: Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարա ծ «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:
Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:
***
Աղվան Հովսեփյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Աղվան Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ:
***
Փրկարարները հայտնաբերել են Ուկրաինայում կործանված Boeing-ի երկրորդ սև արկղը
Փրկարարները հուլիսի 18-ին հայտնաբերել են Ուկրաինայում կործանված մալայզիական Boeing-ի երկրորդ սև արկղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին: Ավելի վաղ, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, հանրապետության հարավարևելյան տարածաշրջանում գործող աշխարհազորայինները գտել էին աղետյալ ինքնաթիռի առաջին ինքնագրիչը:
Ինքնահռչակ Դոնեցիկ ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը հայտարարել է, թե Boeing 777-ի կործանման պատճառների օբյեկտիվ հատաքննության համար զինադադար չի պահանջվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել է «Նովոռոսիա» գործակալությունը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել Ուկրաինայի արևելքում մալայզիական մարդատար հանրանավի աղետի հանգամանքների «անկախ միջազգային հետաքննություն» անցկացնելու պահանջով:
Նրա կարծիքով՝ «առաջին տպավորությունն այն է, որ ինքնաթիռը խփվել է»: Նա ցավակցություն է հայտնել առնվազն 298 մարդու զոհվելու կապակցությամբ, որոնցից չորսը, ենթադրաբար, գերմանացիներ են:
Ուկրաինայում կործանված Boeing 777-ը սարքին վիճակում էր և սահմանված ժամկետում անհրաժեշտ տեխստուգում էր անցել: Այդ մասին հայտարարել են «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերությունում, որին պատկանում էր հանրանավը: Ավիաընկերության տվյալներով՝ Boeing 777-200-ը՝ 9M-MRD գրանցման համարով, վերջին անգամ տեխստուգում է անցել 2014 թվականի հուլիսի 11-ին:
Դոնեցկի մարզում Boeing 777-ի աղետից հետո Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն կարգադրել է, որ երկրի ավիաընկերություններն անհապաղ դադարեցնեն թռիչքները զինված հակամարտությունների բոլոր գոտիների վրայով, ներառյալ Ուկրաինան:
«Պետության ղեկավարն անհանգստություն է հայտնում ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են նաև Ինդոնեզիայի քաղաքացիներ»,- հայտարարել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ջուլիան Ալդրին Փաշան: Նախնական տվյալներով Ամստերդամից Քուալա Լումպուր ընթացող հանրանավում եղել են 12 ինդոնեզացիներ:
Միջպետական ավիացիոն կոմիտեում հանդես են գալիս Ուկրաինայում Boeing 777-ի աղետը հետաքննելու համար ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) հովանու ներքո միջազգային հանձնաժողով ստեղծելու օգտին, որին պետք է հանձնվեն ինքնաթիռի «սև արկղերը»:
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ ԴԺՀ-ում համակարգող շտաբ է ստեղծվում «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-200-ի աղետի հանգամանքները հետաքննելու համար:
ԴԺՀ-ի մամուլ ծառայությունն, իր հերթին, հայտնել է, որ որոնողական գործողության վայրը պահպանում են ժողովրդական հանրապետության «Վոստոկ» գումարտակի մարտիկները: Ճշտվում է, որ ինքնաթիռի բեկորները, ուղևորների մարմիններն ու բեռները ցրված են երեք կիլոմետր շառավղով:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել է, որ «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-ի կործանման վայրում հայտնաբերվել է 121 մարդու մարմին:
«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության բաժնետոմսերը Boeing 777-200-ի աղետից հետո էժանացել են 11 տոկոսով: ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայում Boeing 777-ի աղետի հանգամանքների հետաքննությանն օգնել Հետաքննությունների համերկրային բյուրոյի մասնակցությամբ:
***
Ադրբեջանցի պաշտոնյան սպառնում է ավելի ուժեղացնել հայերի դեմ ատելությունը
Ադրբեջանական կողմը շարունակում է ԼՂՀ անվտանգության ուժերի կողմից Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին իրենց ժողովրդին ներկայացնել «հայրենասերներ», «հերոսներ»' քողարկելով նրանց ԼՂՀ տարածք մուտքը անհեթեթ պատճառաբանություններով' պաշտոնական մակարդակով հայտարարելով, թե նրանք, իբր, Քարվաճառ են գնացել իրենց հայրենի վայրերը տեսնելու համար:
ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության եւ ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից 214 թվականի հուլիսի 11-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիեւը (ծնվ.1968 թ.) եւ Դիլհամ Գարդաշխան օղլը Ասքերովը (ծնվ.1960 թ.), եւս մեկ դիվերսանտ' Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է:
Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա' 1972 թ. ծնված Մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թ. ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: ԼՂՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ պետական սահմանն ապօրինաբար հատելու, սպանություն կատարելու, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձ իրագործելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակների պետական կոմիտեի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում սպառնացել է, որ եթե «հայերը ազատ չարձակեն եւ նրանց նկատմամբ վատ վերաբերվեն, ապա հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանում ավելի կուժեղացվի»:
Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհել է, որ Ստեփանակերտում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները չեն կարողացել հանդիպել ադրբեջանցի դիվերսանտների հետ: Նա հայտարարել է, որ հայկական կողմը, իբր, խախտում է գերիների եւ պատանդների վերաբերյալ միջազգային նորմերը' խուսափելով նշել, որ դիվերսանտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ադրբեջանի փոխվարչապետի խոսքով, դիվերսանտներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասքերովը «իսկական հայրենասերներ են»: «Ափսոս, որ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք դատապարտում են Դիլգամին եւ Շահբազին, բայց նրանք շատ հայրենասեր մարդիկ են: Կոչ եմ անում վերջ դնել նրանց դատապարտումներին», -ասել է նա:
Ալի Հասանովը հայտարարել է, որ եթե հայկական կողմը վատ վերաբերվի իրենց քաղաքացիների նկատմամբ, ապա իրենք էլ նույն կերպ կվարվեն հնարավոր հայ գերիների նկատմամբ: Հայտնի է, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ինչպիսի դաժան խոշտանգումների են ենթարկել մոլորությամբ ադրբեջանական տարածքում հայտնված ՀՀ Տավուշի շրջանի տարեց եւ երիտասարդ բնակիչներ Մամիկոն Խոջոյանի եւ Արսեն Խոջոյանի հետ, եւ կալանավայրում սպանել հովիվ Մանվել Սարիբեկյանին:
Արդրբեջանում ստեղծված' Քարվաճառում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների «Իրավունքների պատպանության կոմիտեի» ղեկավար Էլխան Սալահովը երեկ Բաքվում հայտարարել է, որ ադրբեջանցիների այդ քայլը «պետք է գնահատել որպես հերոսության օրինակ, ինչպես դա արվել է Ռամիլ Սաֆարովի, Մուբարիզ Իբրահիմովի դեպքերում» (Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարելով սպանել էր քնած հայ սպային, իսկ Մուբարիզ Իբրահիմովը ներխուժել էր ԼՂՀ տարածք եւ սպանել մի քանի խաղաղ բնակչի):
***
Անգելա Մերկելը պահանջել Է շտապ զինադադար հաստատել Ուկրաինայում
Ուկրաինայի արեւելքում պետք Է հրադադար հաստատվի, որպեսզի մալայզիական հանրանավի աղետի անկախ հետաքննություն անցկացվի եւ հակամարտության քաղաքական լուծում գտնվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Անհրաժեշտ Է, որ անկախ հետաքննություն անցկացվի: Դրա համար հրադադար Է հարկավոր»,-ասել Է նա:
Հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում կործանվել Է «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերության Boeing-777 ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր: Օդանավում եղել Է 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա եւ անձնակազմի 15 անդամները: Ավիաաղետից փրկվածներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
***
Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալայզիական հանրանավի կործանման վայրում հայտնաբերվել Է 181 զոհվածի մարմին
Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալայզիական հանրանավի կործանման վայրում հայտնաբերվել Է 181 զոհվածի մարմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:
«Այսօրվա դրությամբ գտնվել Է 181 մարմինե,-հուլիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Ուկրաինայի ԱԳ նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Սիբիգան, հաղորդել Է «Ինտերֆաքսե-ը:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ուկրաինան պատասխանատվություն Է կրում մալայզիական ինքնաթիռի կործանման հետաքննության համար, սակայն նա կարող Է հրաժարվել դրա անցկացումից՝ այն հանձնելով ուրիշ երկրի կամ պրոֆիլային կազմակերպության:
Ավիացիոն իրադարձությունների եւ քաղաքացիական օդանավերի հետ կապված միջադեպերի հետաքննության ազգային բյուրոն աղետը հետաքննելու համար հրավիրել Է «Մալայզիայի ավիաուղիներե ավիաընկերությանը, միջազգային ավիացիոն կազմակերպությունների՝ Քաղաքացիական ավիացիայի եվրոպական խորհրդաժողովին, Եվրահսկողությանը, Եվրահանձնաժողովին եւ Մալայզիայի ու Նիդեռլանդների ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչներին:
Ողբերգության հանգամանքները պարզելու համար հուլիսի 17-ին Ազգային բյուրոն հանձնաժողով Է ստեղծել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կլիմկինի գլխավորությամբ: Խմբի կազմում ընդգրկվել են նաեւ հանրապետության Պետական ավիացիոն ծառայության ներկայացուցիչները: Հանձնաժողովն ուղարկվել Է դեպքի վայր:
Ավելի վաղ նշվել Է, որ Մալայզիան Կիեւ կուղարկի 62 մարդուց բաղկացած պատվիրակություն, որի մեջ կմտնեն մալայզիական ռազմաօդային ուժերի, ավիացիոն բնագավառի, բժշկական շրջանների ներկայացուցիչներ:
Հետաքննությանն օգնություն Է առաջարկել նաեւ Եվրամիությունը: Եվրահանձնաժողովը նշում Է, որ հետեւում Է ողբերգական պատահարի շուրջ ստեղծված իրադրությանը եւ սպասում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստի արդյունքներին: Հուլիսի 18-ին նաեւ նշանակված Է ԵԱՀԿ-ի արտահերթ հանդիպում:
Կործանված ինքնաթիռի ուղեւորների նորացված ցուցակում են՝ Նիդեռլանդների 173 հպատակ, 44 մալայզիացի, 27 ավստրալացի, 12 ինդոնեզացի, տասը բրիտանացի, Գերմանիայի չորս քաղաքացի, Բելգիայի չորս հպատակ, երեք ֆիլիպինցի, մեկական կանդացի եւ նորզելանդացի: Եվս 20 ուղեւորի քաղաքացիությունն առայժմ չի պարզվել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը պնդելու Է Boeing-777-ի աղետի բաց ու անկախ հետաքննությունը:
«Մալայզիայի ավիաուղիներիե ինքնաթիռը Նիդեռլանդներից Կիեւ կհասցնի Boeing-777-ի կործանման հետեւանքով զոհվածների ազգականներին եւ նրանց հնարավորություն կընձեռվի այցելելու աղետի վայր: Այդ մասին հայտարարել Է Նիդեռլանդներում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Օդրի վան Վերդենբուրգը:
***
Մարտական հենակետում զոհված զինվորի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը
18.07.2014թ., ժամը 07.00-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արտեմի Ավագյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
***
Խորտակված հարավկորեական «Սևոլ» լաստանավի զոհերի թիվը հասել Է 294-ի
Հարավկորեացի փրկարարները կնոջ մարմին են հանել խորտակված «Սևոլ» լաստանավի ճաշարանից: Այսպիսով, զոհերի թիվը հասել Է 294-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
476 ուղեւորների փոխադրող «Սեւոլը», որոնց մեծ մասը դպրոցականներ Էին, խորտակվել Է ապրիլի 16-ին Հարավային Կորեայի ափերի մոտ: Մինչ այժմ 20 մարդ համարվում Է անհայտ կորած:
Ողբերգության գլխավոր պատճառը համարում են պաշտոնատար անձանց անփութությունը եւ կոռուպցիան:
Լաստանավի հրամանատարի եւ անձնակազմի 14 անդամների նկատմամբ դատավարությունը շարունակվում Է:
***
ԼՂՀ դատախազությունը հաստատում է. Սմբատ Ցականյանին սպանել են ադրբեջանցի դիվերսանտները
ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 4-ից անհայտ կորած՝ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած' Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված' նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից:
Ս. Ցականյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը 17.07.2014թ. ուղարկվել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում 09.07.2014թ. հարուցված թիվ 341001.14 քրեական գործին կցելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար:
***
Ուկրաինան թռիչքների համար փակել է Դոնեցկի, Լուգանսկի ու Խարկովի մարզերի օդային տարածությունը
Ուկրաինայի պետավիածառայությունը թռիչքների համար փակել է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի, ինչպես նաև Խարկովի մարզի մի մասի օդային տարածությունը: Այս մասին հայտնում է gazeta.ua-ն։
Ուկրաինայի պետավիածառայությունը նաև հայտնում է, որ կառավարական հանձնաժողովի կազմում, որը մասնակցելու է Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությանը, ընդգրկվել են նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Բոչկովսկին:
Նշենք, որ Ռոսավիացիան հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածության օգտագործումը տարանցիկ թռիչքների համար:
***
Սեյրան Օհանյանը պարգևատրել է հակառակորդի դիվերսիան կանխած զինծառայողներից մեկին
Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու և մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք է ստանա արտերկրում:
Իր երախտագիտությունը հայտնելով զինծառայողին և նրա հարազատներին' պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր աջակցությունը կցուցաբերի արտերկրում Ռուզվելտ Թորոսյանի հետագա բուժման կազմակերպման համար:
***
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է մալայզիական օդանավի կործանումը
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կարծում է, որ Ուկրաինաում վթարված մալայզիական օդանավը ռմբակոծվել է: ՄԱԿ-ի արտահերթ նիստի ժամանակ նա դատապարտել է միջադեպը:
Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը' վակայակոչելով ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Պան Կի Մունը կոչ է արել լիարժեք և բաց միջազգային հետաքննություն անցկացնել և առաջարկել է համագերծակցել ՄԱԿ-ի հետ: «Այս միջադեպի համար համար պետք է պատասխանատվություն սահմանվի»,- ասել է նա:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ է հրավիրել' քննարկելու մալայզիական Բոինգ-777 ինքնաթիռի վթարի պատճառները:
Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ուկրաինա-ռուսաստանյան սահմանից ոչ հեռու հուլիսի 17-ի երեկոյան վթարի է ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing 777 օդանավը: Ինքնաթիռում եղել է 295 մարդ, բոլորը զոհվել են:
Ավիավթարից հետո հայտարարվեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացման հատվածներում կարող են փակվել օդային միջանցքները քաղաքացիական ավիացիայի համար։ Իսկ ավելի ուշ որոշ ավիաընկերություններ հայտարարեցին, որ դադարեցնում են չվերթները Ուկրաինայի տարածքով:
***
Մեկնարկել է ՕԵԿ հանրահավաքը. ՕԵԿ-ականը ջուր է լցրել «դավաճան» բղավող կնոջ վրա
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է ՕԵԿ հանրահավաքը: Հանրահավաքին մինչդեռ ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը պատրաստվում էր ելույթ ունենալ, առաջին շարքից քաղաքացիներից մեկը բղավեց՝ «դավաճան»:
Ինչպես հայտնում է Լուրեր.com-ի լրագրողը, ՕԵԿ-ականների շարքից մի աղջիկ սառ ջուր լցրեց «դավաճան» բղավող կնոջ վրա:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: