Օրվա կարևորագույն տեղեկատվությունն՝ ամփոփ, ըստ «Mediamall.am» լրատվականի.
Բագրատունյաց պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է այրվել
ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 17-ին' ժամը 23.52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.04-ին, մարվել՝ 00.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Ֆորդ» մակնիշի 68 LT 049 պետհամարանիշով ավ տոմեքենան:
***
Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մհեր Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
***
Արփա գետում 29-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 17-ին' ժամը 21.24-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի 112-րդ կմ-ում՝ Արենի-Արփի գյուղերի մոտակայքում, հայտնաբերվել է կայանված ավտոմեքենա, որի վարորդը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերա տիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն Արփա գետում հայտնաբերել են 1985թ. ծնված Ն. Հ.-ի դին:
***
Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին
Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում հրապարակում կար այն մասին, թե ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը խուսափում է հարկերից: Իբրև աղբյուր նշվում էր Արշալույսի գյուղապետարանը:Լուրեր.com-ը հոդվածում մատնանշված ընկերություններից ճշգրտել է, թե ինչու են խուսափում հարկերի վճարումից և պարզել, որ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի ներկայացրած տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Ստորև ներկայացնում ենք մեր հետաքննության արդյունքները:
Եվ այսպես: Հրապարակման մեջ ներկայացված էր, թե իբր «Կուարլինի» ՍՊԸ-ն տեղական բյուջե տարեկան ընդամենը 5026 դրամ է վճարում: Ընկերության գլխավոր հաշվապահ Հայկ Պողոսյանը նշեց, որ 2013-ին Արշալույսի գյուղապետարանին հողի հարկ է վճարվել 101 614 դրամ, իսկ գույքահարկ՝ 9026 դրամ: Սակայն, ևս 229 000 դրամի գույքահարկ էլ վճարվել է Էջմիածնի քաղաքապետարանին:
Բանն այն է, որ «Կուարլինի» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է՝ քաղաք Էջմիածին, Չոբանքյարայի խճուղի 8: Իսկ իրավաբանական հասցեն Արշալույսից տեղափոխելն էլ իր նախապատմությունն է ունեցել: Այն պահից, երբ Արշալույսի գյուղապետ է կարգվել Զարզանդ Գրիգորյանը, նա, չարաշահելով պաշտոնական դիրքը, սկսել է արհեստականորեն արգելքներ ստեղծել ընկերության համար:
Մասնավորապես, գյուղապետարանը, չի հատկացրել զրոյական տեղեկանք, որպեսզի ՍՊԸ-ն չկարողանա մասնակցել մրցույթների: Իսկ եթե խոսում ենք «Կուարլինի» ՍՊԸ-ի հարկերի մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ 2013-ին այս ընկերությունը պետբյուջե է վճարել 128 մլն դրամից ավելի հարկ, բացի այդ 30 մլն դրամից ավելի վճարել է սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար: Ի դեպ, ընկերության հաշվապահն իր բոլոր փաստարկները հիմնավորում էր՝ ներկայացնելով համապատասխան վճարումների կտրոնները:
Մանվել Գրիգորյանի, իբր թե չվճարած հարկերի մասին հրապարակման մեջ անդրադարձ կար նաև «Արփենիկ» գինու գործարանին, թե իբր այս ընկերությունը վճարում է տարեկան ընդամենը 65 924 դրամ: Այստեղ էլ հաշվապահ Նունուֆար Ստեփանյանը պատասխանեց մեր հարցերին: Նա նշեց, որ ամսեկան միայն 250 000 դրամ աշխատողների սոցվճար է փոխանցում, 3 միլիոնի հարկեր և տուրքեր մուծում: Նույնիսկ ներկայացրեց տեղեկանք, որ հողի հարկի գերավճար ունի: Տիկին Ստեփանյանը խորհուրդ տվեց զրուցել տասնյակ այն գյուղացիների հետ, ովքեր հենց մեր զրույցի պահին գործարանին խաղող էին հանձնում: Արմավիրի մարզի տարբեր գյուղերի հողատերերի հետ զրույցից պարզվեց, որ այս գինու գործարանն ուղղակի փրկություն է մարդկանց՝ խաղող աճեցնողների համար:Շարունակությունն՝ այստեղ:
***
Ինչո՞ւ հենց Սուրիկ Խաչատրյանը
Ժամանակին, երբ Սուրեն Խաչատրյանը ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, բազմաթիվ թեկնածուների անուններ շրջանառվեցին: Սակայն Վահե Հակոբյանի թեկնածության կողմնակիցները պնդել են, որ Վահեի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, Սյունիքում տարեկան 1-1,5 միլիարդ դրամի ներդրում կանի, եթե Վահեն դառնա մարզպետ։ Սուրիկ Խաչատրյանը նույնպես խիստ շահագրգիռ է եղել Վահեի՝ մարզպետ դառնալու հարցում։
Այդ շահագրգռվածությունը պայմանավորված է եղել հենց այդ ներդրումների հնարավորության փաստով, որովհետև Սյունիքը այն մարզերից է, որտեղ միջազգային կազմակերպությունների և դոնորների կատարած ներդրումների ծավալը աննախադեպ է եղել հանրապետությունում: Միայն այդ եղանակով Սյունիքի մարզ մուտքագրվել է ավելի քան 100 միլիոն դոլար, և այդ ամենը՝ Սուրեն Խաչատրյանի ղեկավարման տարիներին: Ժամանակին հենց նա դեսպաններին հրավիրեց Սյունիք և կոչ արեց ներդրումներ անել մարզում:
Հակոբյանի մարզպետության ժամանակաշրջանում աննախադեպ ռեգրես արձանագրվեց. դոնորները, որոնք շարունակում էին մարզին զգալի հատկացումները շնորհիվ Սուրիկ Խաչատրյանի սերտ կապերի, դադարեցրեցին ներդրումները: Չկատարվեց նաև տարեկան 1-1.5 միլիարդի խոստումը, և մարզի համայնքներն ու ենթակառուցվածքները հաջորդ տարի կարող էին կրախի առաջ կանգնել: Իշխանությունները ստիպված էին պաշտոնանկ անել Վահե Հակոբյանին՝ քիչ թե շատ կայուն տնտեսություն ունեցող մարզում ճգնաժամը բացառելու համար:
Եթե Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի՝ Հակոբյանների ներկայացուցիչը չկարողացավ մարզում առաջընթաց գրանցել, ավելին, ցուցանիշները սկսել էին բացասական դիագրամներ նկարել, ինչպես կարող է անփորձ և լծակների չտիրապետող որևէ մեկը կանխել մարզի տնտեսության գահավիժումը: Այստեղ էր, որ իշխանությունների մոտ խնդիր առաջացավ հետ բերել Սուրիկ Խաչատրյանին, ով այդ տարիներին ներդրումներ բերելու և կապեր ստեղծելու մեծ փորձ ուներ և ամենամեծ ծավալի ներդրումներն էր ապահովել մարզում: Սա է ամբողջ ճշմարտությունը:
Պարզապես մեր հասարակությունը միանգամից տրվում է էմոցիաներին և չի ցանկանում տարբերակել թացը չորից: Սթափ վերլուծությունը ցույց է տալիս, որ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում հնարավոր է: Որպեսզի մարզի համայնքները շարունակեն զարգանալ, ոչ թե կանգնեն կոտրած տաշտակի առաջ:
Արամ Հակոբյան
***
Քո կարծիքն այնքան էլ կարևոր չէ. Հովիկ Աբրահամյանը՝ փոխնախարարին
Այսօր կառավարության նիստին Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն՝ այն բեռնափոխադրողներն, ովքեր սահմանված բեռից 40 տոննա ավել բեռ կտեղափոխեն, կվճարեն 10 հազար դրամ տուրք:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով փոխնախարարին, հարցրեց, թե ինչու է տուրքը սահմանվել 10 հազար դրամ: «Չեմ կարծում, որ դա կծանրաբեռնի, եզակի են լինելու դեպքերը»,- պատասխանեց Առաքելյանը:
Վերջինիս ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Քո կարծիքն այնքան էլ կարևոր չէ: Տասը հազարն ինչի՞ համար ենք սահմանում»,- կրկին հարցրեց Հովիկ Աբրահամյանը:
«10 հազար դրամ տուրքը կսահմանվի այն դեպքերի համար, որ կդիմեն չմասնատվող բեռներ տեղափոխելու համար, որոշակի աշխատանք է նախատեսված»,- պարզաբանեց փոխնախարարը:
Հովիկ Աբրահամյանն էլ հավելեց, որ պետք է քննարկել այդ հարցը, քանի որ անթույլատրելի է, որ սահմանված կարգը վնասակար ազդեցություն ունենա տնտեսության վրա:
***
Քննիչը մեղադրյալին ստիպել է կեղծ ցուցմունք տալ. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, նրան ստիպել է, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տա գործով մյուս մեղադրյալ Հովհաննես Ա.-ի կողմից իրեն թմրանյութ հյուրասիրելու վերաբերյալ և ցուցմունքը պնդի վերջինիս հետ առերեսման ժամանակ: Կատարվում է նախաքննություն:
***
Ավստրալիայում 15 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետության» հետ կապերի կասկածանքով
Ավստրալիայի ոստիկանությունը սեպտեմբերի 18-ի առավոտյան սկսված հակաահաբեկչական գործողության ընթացքում 15 մարդ է ձերբակալել այն բանից հետո, երբ հաղորդում է ստացվել երկրի տարածքում մի շարք բռնարարքներ կատարելու «Իսլամական պետություն» խմբավորման պլանների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Շուրջ 800 ոստիկան ավելի քան տասը օբյեկտ է ստուգել Սիդնեյում, Բրիսբենում և Լոգանում, հայտնել է համերկրային ոստիկանության կոմիսարի տեղակալ Էնդրյու Կոլվինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը կոալիցիա է ստեղծում «Իսլամական պետության» դեմ համատեղ գործողությունների համար, որին, մասնավորապես, միացել է Ավստրալիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
***
Հռոմի պապը հակված է գալ Հայաստան. La Repubblica
Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից նոյեմբերին Թուրքիա կատարելիք այցին կարող է հաջորդել այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է իտալական La Repubblica պարբերականը: Պարբերականն ընդգծում է աշխարհում դեռեւս առկա բաժանարար գծերի մասին ու փաստում տարբեր տարածաշրջաններում առկա արգելքնե րը վերացնելու կարևորությունը: La Repubblica-ն գրում է, որ նման արգելք' փակ սահմանների տեսքով գոյություն ունի նաև Անկարայի և Երևանի միջև, և Հռոմի պապն իր առաջիկա այցերի ժամանակ կփորձի շոշափել այս խնդիրը: Պարբերականը հայտնում է, որ Հռոմի պապի այցը Թուրքիա արդեն որոշված է:
Այն կտևի երկու օր և կկայանա նոյեմբերի 29-30-ը: Այցելությունը կիրականացվի հույների տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով: Ֆրանցիսկոս պապը նախ կլինի Անկարայում, ապա Ստամբուլում կմասնակցի Սուրբ Անդրեասի տոնակատարությանը: La Repubblica-ն հայտնում է, որ Թուրքիայում, որտեղ բնակչության 99,8 տոկոսը մուսուլման է, Հռոմի պապը կխոսի և հանդես կգա Իրաքում և Սիրիայում հալածվող և սպանվող քրիստոնյաների պաշտպանության դիրքերից:
«Սակայն Թուրքիա կատարելիք նրա այցելությունը հետապնդում է մեկ այլ նպատակ ևս. խոսքը Հայոց ցեղասպանության մասին է, որի 100-րդ տարելիցը կնշվի ապրիլին: Անկարան չի ճանաչում այն' կատարվածն անվանելով «ջարդեր» Օսմանյան կայսրությունում»,- գրում է իտալական պարբերականը' հիշեցնելով, որ նախքան Հռոմի պապ ընտրվելը Ֆրանցիսկոսն Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում բավական ջերմ հարաբերություններ է ունեցել հայկական համայնքի հետ, իսկ կատարված իրողություններն էլ որակել է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
La Repubblica-ն հիշեցնում է վերջերս հայտնի դարձած տեղեկությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հռոմի պապը կոգեկոչի Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում իրականացվելիք արարողությամբ: «Այդուհանդերձ, Հռոմի պապն ուզում է ավելին անել: Հայաստանը հրավիրել է նրան. Ֆրանցիսկոսը հակված է ընդունել հրավերը»,- եզրափակում է La Repubblica-ն:
***
Դոնեցկը կրկին ռմբակոծվել է. կան զոհեր և տուժածներ
Չորեքշաբթի օրը Դոնեցկի ռմբակոծության հետևանքով երկու մարդ զոհվել, չորսը վիրավորվել են: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Տեղական ժամանակով22:10-ին և 22:50-ին օդանավակայանի մոտ Դոնեցկի հրետանային ռմբակոծություն է իրականացվել: Վնասվել է 9 տուն, երկու մարդ զոհվել և 4 խաղաղ քաղաքացիներ վիրավորվել են»,- ասել են աշխարհազորայինները:
Նաև արձանագրվել է ուժայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտման 6-ը դեպք:
***
Լեյլա Յունուսը ազդեցիկ պարգեւի թեկնածու է առաջադրվել. «Ազադլըգ»
Եվրոպայի խորհրդարանի Կանաչների խմբակցությունն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին առաջդրել է «Սախարով»-ի պարգեւի թեկնածու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ»-ը:
Պարգեւը Եվրոպայի խորհրդարանը հիմնել է 1988 թվականին: Այն տրվում է մարդու իրավունքների պաշտպանության համար պայքար տանող եւ դրա համար իշխանությունների լուրջ ճնշումների ենթարկված անձանց:
Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսը Բաքվում ձերբակալվել է որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ' Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքի դավաճանության» հոդվածով:
Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ:
Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապoրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ դրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ:
***
ԱՄՆ-ում ևս մեկ հայ է բանտարկվել գումարներ շորթելու համար
Գլենդեյլաբնակ Ռաֆայել Փարսադանյանն այս շաբաթ վեց տարվա ազատազրկման է դատապարտվել դաշնային բանտում' 2 միլիոն դոլարի շորթման մեջ ներգրավված լինելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Glendale News-Press-ը, ենթադրվում է, որ Փարսադանյանը ԱՄՆ-ում գործող «Armenian Power» հանցավոր խմբավորման անդամ է:
Վեց տարվա բանտարկությունից հետո նա ևս հինգ տարի վերահսկողության տակ է գտնվելու: Ամբաստանյալը 14 կետով մեղավոր էր ճանաչվել ապրիլին' բանկային մեքենայությունների համար:
Դատախազները նշել են, որ նույն մեղադրանքով դատապարտվել է նաև Մհեր Դարբինյանը, ով հանցագործության կազմակերպիչն է եղել: Դարբինյանը և Փարսադանյանը հազարավոր զոհերի մասին գողացված տեղեկատվություն են հաղորդել հանցախմբի մյուս անդամներին, ովքեր կեղծ վարկային քարտեր օգտագործելով' ավելի քան 2 մլն դոլար գումար են շորթել նրանց բանկային հաշիվներից:
Հանցախումբը բաղկացած է եղել 90 անձից, որոնց մեծ մասը դատապարտվել է դեռ 2011 թվականին: