«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Հակառակորդը գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպել:
***
Պարզվել է 6 անձի սպանության մեջ մեղադրվողի՝ Ավետիսյանների տուն մուտք գործելու եղանակը. Քննչական կոմիտե
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության և 6 ամսական երեխայի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական և դատավարական միջոցառումներ իրականացվել՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննչական խումբը գտնվում է Գյումրիում, որտեղ ի թիվս այլ քննչական գործողությունների՝ հունվարի 16-ին փորձագետների հետ կատարվել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ նյութագիտական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև' դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն։Շարունակությունն՝ այստեղ:
***
«Ների´ր Հայաստան». ռուսական լրատվամիջոցները սկսել են ներողություն հայցել
«Ներիր, Հայաստան». այսպիսի վերտառությամբ է իր հոդվածն սկսել «Московский Комсомолец»-ի լրագրող Սերգեյ Գապոնովը' համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը և ժողովուրդը պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից, ծաղիկներ դնեն և հիշատակի մոմեր վառեն Հայաստանի դեսպանատան դիմաց' հարգելով Գյումրիում ընտանիքի սպանված անդամների հիշատակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ռուս լրագրողը նկատում է, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի քննիչներին և դատարանին հանձնելը դեռ քիչ է:
Լրագրողը կոչ է անում իր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին այցելել Հայաստան և ներողություն խնդրել հայ ժողովրդից: «Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն Հայաստանի նախագահի և ժողովրդի հետ: Եվ ոչ միայն դա:
Ռուսական զինվորական համազգեստ կրող հանցագործի կողմից սպանվածների հարազատները ցմահ պետք է արժանան Ռուսաստանի օժանդակությանը: Եվ վերջապես դեսպանատան (ՌԴ-ում Հայաստանի) մոտ պետք է գնան մարդիկ, այնտեղ պետք է ծաղիկների բլուրներ առաջանան և վառվեն մոմեր»,- գրում է լրագրողը և հավելում. «Ահա այդ ժամանակ մենք չենք կորցնի մեր ընկերներին: Եվ այնժամ ես կտեսնեմ, որ իմ Ռուսաստանը մեծ պետություն է»:Շարունակությունն՝ այստեղ:
***
Ողբերգական վթար՝ Մեղրի-Երևան ճանապարհին. կա երկու զոհ
Հունվարի 16-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.00-ի սահմաններում, 1981 թ. ծնված Ռոման Հովհաննիսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 127-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձախակողմյան ձորը:
Պատահարի հետևանքով Ռ. Հովհաննիսյանը և ուղևորուհին՝ 1979 թ. ծնված Հասմիկ Թորոսյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
***
Էրեբունիում 5 խանութ է քանդվել
Հունվարի 17-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ «Էրեբունու» շուկայի մոտակայքում ջրագծի վթարի հետևանքով տեղի է ունեցել փլուզում (մոտ վեց խանութ). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ ժամը 02.30-ի սահմաններում Էրեբունու փողոցի թիվ 17 հասցեում՝ «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել փլվածք. նախնական տվյալներով շինության համար փորված հիմքի եզրաշերտի հողազանգվածը սահել է, ինչից Էրեբունու փողոցի երկայնքով կառուցված խանութներից 5-ը քանդվել և սահել են փոսը (մոտ 15 մ). առկա է ևս 3-ի սահելու վտանգ:
Դեպքի վայրում են գտնվել Էրեբունու համայնքային բաժնի պետ փ/ծ մայորը, Էրեբունու ՈԲ պետ ոստ. փոխգնդապետը և կոմունալ տնտեսության բաժնի պետը:
***
Գյումրու քաղաքապետարանը հաշվեհամար է բացելու փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար
Գյումրու քաղաքապետարանը հաշվեհամար է բացելու հունվարի 12-ի ողբերգական դեպքերից հետո ողջ մնացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը, հաշվեհամար է բացվելու՝ Գյումրու քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ:
«Հաշվի առնելով այն, որ առաջիկա օրերը բանկային համակարգում ոչ աշխատանքային են, հաշվեհամարը հասանելի կլինի հունվարի 19-ին, ինչի մասին կտարածվի համապատասխան հաղորդագրություն»,- նշեց Լիլիթ Մակարյանը:
Ի դեպ, ավելորդ շահարկումներից, ինչպես նաև կեղծիքներից խուսափելու համար, քաղաքապետարանը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Խնդրում ենք զգուշանալ ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնող դրամահավաքի, հաշվեհամարներ բացելու տարբեր անհատների և կազմակերպությունների հայտարարություններից, քանի որ Գյումրու քաղաքապետարանն անմիջականորեն համագործակցում է Ավետիսյանների ազգականների հետ և բոլոր քայլերը փոխհամաձայնեցված են նրանց հետ»,- նշված է հայտարարության մեջ:
***
Ոսկեվանում պայմանագրային զինծառայող է զոհվել
Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում զոհվել է նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը ադրբեջանական կողմի կրակոցին զոհ է գնացել հունվարի 17-ին:
Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: