«Mediamall.am»  լրատվականը  ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.


Կաշառք վերցնելու պահին բռնվել են ոստիկանության ավագ տեսուչն ու ոստիկանության մայորը

 

Նոյեմբերի 6-ին մի քաղաքացի է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և հայտնել, որ փաստացի հաշվառման նպատակով բնակության հանգամանքը հաստատող տեղեկություն անձնագրային բաժանմունք ներկայացնելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Հարությունյանն, օրեր առաջ, իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար կաշառք: Սակարկելուց հետո թիվը նվազել է 50 դոլարով:

 

Նոյեմբերի 5-ին քաղաքացին Հարությունյանին արդեն տվել է 200 դոլար և 50 հազար դրամ, ինչից հետո պայմանավորվել են մնացած 200 դոլարը հանձնել նոյեմբերի 7-ին:

 

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 7-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում, 80 հազար դրամ կաշառք վերցնելու պահին բռնվել են համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ա. Հարությունյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը:

 


Երկուսի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:

 

 

***

 

 

Բրիտանիայում կանխվել է թագուհու վրա հարձակումը. The Epoch Times

 

Բրիտանիայի ոստիկանությանը հաջողվել է կանխել թագուհի Էլիզաբեթ II-ի դեմ նախատեսվող հարձակումը: Այս մասին հայտնել է The Epoch Times-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:

 

Նախատեսվող հարձակումը պետք է իրականացվեր այսօր՝ նոյեմբերի 8-ին, պատերազմների և զինված հակամարտությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։

 

Ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար, ոստիկանությունը ձերբակալել է 19-27 տարեկան 4 կասկածյալի:

 

Թագուհին տեղեկացվել է հարձակման մասին, սակայն չի հրաժարվել նախատեսված միջոցառումներին մասնակցելուց:

 

 

***

 

 

Հրդեհ Սվերդլով գյուղում

 

Նոյեմբերի 8-ին, ժամը 03.45-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սվերդլով գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

 


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 10-րդ փողոցի Կ.Պ.-ի թիվ 3 տան բակում՝ ծածկի տակ, այրվում է 1000 հակ պահեստավորված անասնակեր և Վ. Մ.-ին պատկանող մոտակա փայտե չբնակեցված շինության տանիքը:

 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին: Հրդեհի հետևանքով Կ.Պ,-ին պատկանող հավաբնում ծխախեղդ է եղել 10 հավ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

***

 

Իշխանափոխության պետպատվեր

 

Երեկ Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու մասին որոշումը:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց, որ այդ որոշումը տրամաբանական էր:

 

«Դա տրամաբանված որոշում էր, որովհետև եթե դու ցանկանում ես համաժողովրդական շարժում ծավալել, բնական է, որ այդ համաժողովրդական շարժումը պետք է ղեկավարվի, իսկ ղեկավարելու համար պետք են համապատասխան կառույցներ: Պետք է համապատասխան աշխատանք կատարվի, որի վերաբերյալ էլ ԲՀԿ-ն տվեց իր հանձնարարականները:

 

Առաջինը, սա տրամաբանական հանձրակական էր: Երկրորդ, բնական է, որ այդ գործընթացի ժամանակ հանձնարարություն ստացած կուսակցական գործիչները նույնպես փորձություն կանցնեն: Կճշտվի՞ արդյոք՝ նրանք կարո՞ղ են կատարել հանձնարարությունը, թե՞ ոչ, և ըստ այդմ էլ արդյո՞ք նրանք համապատասխանում են իրենց զբաղեցրած կուսակցական պաշտոնին, թե ոչ:

 

Եվ, ամենակարևորը, կարո՞ղ ենք ասել, որ կարող են ստեղծել տարբեր տեսակի կառույցներ համաժողովրդական շարժումը զարգացնելու համար: Սակայն ամենակարևորը դա չէ: Ամենակարևորն այն է՝ արդյո՞ք Մոսկվայից կա Հայաստանի իշխանությունները փոխելու պետպատվեր», - ասաց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ, եթե կա, ապա այդ կառույցները կարող են շատ արդյունավետ աշխատել:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 Կինը տաքսու սրահից հեռախոս էր գողացել և վաճառել

 

Ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 27-ին հաղորդում էր ստացվել տաքսի ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս գողանալու մասին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները պարզել են, որ հեռախոսը մեքենայի սրահից գողացել է Երևանի բնակչուհի, 1976 թ. ծնված Ռուզաննա Թ.-ն և վաճառել անհայտ անձի:

Կատարվում է քննություն:

 

 

***

 

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարը խախտել է 300 անգամ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ:

 

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

***

 

17-ամյա աղջիկը գողություն կատարելու նպատակով տուն էր մտել պատուհանով

 

Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գոհար Ա.-ին և նույն թվականին ծնված Մարիամ Մ.-ին:

 

Պարզվել է, որ Գոհար Ա.-ն օգոստոսի վերջերին պատուհանը հրել բացելով՝ մուտք է գործել Արմավիր քաղաքի տներից մեկը և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային և էլեկտրական սարքավորումներ' պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
Տանտերը գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել:

 

Ոստիկանները նրանից հաղորդում են ընդունել:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն:

 

 

***

 

 

Իրական հրամանատարն իր բարձրության վրա է ու կների ձեր մոլորությունը

 

Երեկ «Սև հովազ» ջոկատի հիմնադիր հրամանատար Սմբատ Սրեյանի հարցազրույցն էի կարդում: Սմբատը ղարաբաղյան պատերազմի իրական նվիրյալներից մեկն է, համեստ ու առաքինի մի անձնավորություն, ով իր անցած ուղու մասին համեստորեն լռում է՝ հայրենիքին մատուցած ծառայությունը համարելով սրբազան պարտականություն, հոգու և սրտի կանչ:

 

Սմբատը խախտել էր լռությունը, որովհետև այս օրերին ոմանք ցեխ են շպրտում ԵԿՄ-ի, նրա ղեկավարության, պատերազմում հերոսացած հրամանատարի, իր կյանքը վտանգած տղաների ուղղությամբ:

 

Սմբատի կարճ խոսքը կարդալուց հետո, մի քանի մտահոգությամբ ընթերցողի հետ կիսվելու ցանկություն առաջացավ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

Ողբերգական ավտովթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ և տուժածներ

 

 

Նոյեմբերի 8-ին' ժամը 17.19-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Վայք-Եղեգնաձոր հատվածում (2-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում (134-րդ կմ) բախվել են «Մերսեդես» մակնիշի 19 SL 325 (վարորդ՝ Ա. Ո., ծնվ. 1994թ.) և «ՎԱԶ-2101» մակնիշի 65 SO 913 պետհամարանիշերով (վարորդ՝ Գ. Խ., ծնվ. 1970թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

 

 

Վարորդը և ուղևորներ՝ 1971 թ. ծնված Ա. Մ.-ը և 1966 թ. ծնված Ս. Խ.-ը հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, որտեղ Ա. Մ.-ը մահացել է:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: