Հուլիսի 30-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին' Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել վեց հրշեջ-փրկարար և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Երևան հատվածի 35-րդ կմ-ում «Հյունդայի էլանտրա» մակնիշի 90 ZV 888 ավտոմեքենան (վարորդ' Ս. Պ., 28 տ., ք. Երևան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը (մոտ 50մ), ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

 

Հրշեջ-փրկարարները վարորդ Ս. Պ.-ին (ծնվ.1986 թ.), ուղևորներ Բ. Գ.-ին (ծնվ.1986 թ., ք. Երևան ), մոտ 35 տարեկան մի կնոջ և ուղևորներից մեկի դին (անձը չպարզված, մոտ 35 տարեկան) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 

Վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել' 05.41-ին: