«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Հայաստան կայցելի Դմիտրի Մեդվեդևը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության միջոցառումների շրջանակներում:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: ՌԴ օրենսդիրը չմանրամասնեց այցի ժամկետները, սակայն նշեց, որ վարչապետի այցի մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ նման որոշում կայացվի:
***
Կառավարության պարտքը 4 միլիարդ 604 միլիոն դոլար է
Հայաստանի պետական պարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կկազմի 49.4 տոկոս:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:
«2015թ. պետական պարտքը համախառն ներքին արդյունքի համեմատ լինելու է 48.3 տոկոս, 2016թ. պետական բյուջեի նախագծով՝ 49.4 տոկոս: Կառավարության պարտքը 4 միլիարդ 604 միլիոն դոլար է, իսկ 2016թ. կլինի 5 միլիարդ դրամ»,- նշեց Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ ընդհանուր պետական պարտքը կազմում է 5 միլիարդ 122 միլիոն դոլար, իսկ 2016թ. կլինի 5 միլիարդ 565 միլիոն դոլար: «Արտաքին պարտքն այս տարի ՀՆԱ-ի նկատմամբ կլինի 42.3 տոկոս, հաջորդ տարի՝ 42.8 տոկոս, որից Կենտրոնական բանկի պարտքը 4.7 տոկոս է»,- եզրափակեց Պավել Սաֆարյանը:
***
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
***
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում հարկային ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել
Ֆինանսների նախարարությունը Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին առնչվող ձեռնարկություններում ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ չի հայտնաբերել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող 6 տնտեսություններում հարկային ստուգումներն արդեն ավարտել են, մեկում աշխատանքները դեռևս շարունակվում են: «Մենք այդ 6 տնտեսություններում ստուգումների արդյունքում առանձնակի խոշոր չափերով խախտումներ չենք հայտնաբերել: Ասեմ, որ այդ ստուգումներին մասնակցել են պետական այլ մարմինների անդամներ, մեծ թվով փորձագետներ, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները: Այդ ընթացքում հաշվապահական հաշվառման, ինչպես նաև հարկային եկամուտների ապահովման ճշգրտումներ են տեղի ունեցել հաշվանցումների միջոցով: Ստուգումները հիմա շարունակվում են միայն մեկ ձեռնարկությունում. խոսքն «Արարատ» ցեմենտի գործարանի մասին է»,- ասաց նախարարը:
Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ ստուգումներն սկսել են' ունենալով չարաշահումների մասին չստուգված տեղեկություններ: «Մենք ստացել ենք հանձնարարություն, ստուգել ենք այդ տեղեկությունները, սակայն խախտումներ չենք արձանագրել: Ես ասեմ նաև, որ մենք այդ ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի սահմաններում»,- հավելեց նախարարը:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանին առնչվող ձեռնարկություններում լուրջ խախտումներ չհայտնաբերելն ո՞ւնի քաղաքական բաղադրիչ, Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին հարկային և մաքսային մարմինները քաղաքական գործընթացներին չեն ունենում այնպիսի մասնակցություն, որը կհակասի օրենքին: «Այս դեպքում մենք ստացել ենք համապատասխան հանձնարարություն 7 ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու մասին: Դրանցից 6-ում ստուգումներն արդեն ավարտվել են, մեկում դեռ շարունակվում են»,- եզրափակեց Խաչատրյանը: