Ֆինանսների նախարարությունը Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին առնչվող ձեռնարկություններում ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ չի հայտնաբերել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող 6 տնտեսություններում հարկային ստուգումներն արդեն ավարտել են, մեկում աշխատանքները դեռևս շարունակվում են: «Մենք այդ 6 տնտեսություններում ստուգումների արդյունքում առանձնակի խոշոր չափերով խախտումներ չենք հայտնաբերել: Ասեմ, որ այդ ստուգումներին մասնակցել են պետական այլ մարմինների անդամներ, մեծ թվով փորձագետներ, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները: Այդ ընթացքում հաշվապահական հաշվառման, ինչպես նաև հարկային եկամուտների ապահովման ճշգրտումներ են տեղի ունեցել հաշվանցումների միջոցով: Ստուգումները հիմա շարունակվում են միայն մեկ ձեռնարկությունում. խոսքն «Արարատ» ցեմենտի գործարանի մասին է»,- ասաց նախարարը:

 

Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ ստուգումներն սկսել են' ունենալով չարաշահումների մասին չստուգված տեղեկություններ: «Մենք ստացել ենք հանձնարարություն, ստուգել ենք այդ տեղեկությունները, սակայն խախտումներ չենք արձանագրել: Ես ասեմ նաև, որ մենք այդ ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի սահմաններում»,- հավելեց նախարարը:

 

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանին առնչվող ձեռնարկություններում լուրջ խախտումներ չհայտնաբերելն ո՞ւնի քաղաքական բաղադրիչ, Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին հարկային և մաքսային մարմինները քաղաքական գործընթացներին չեն ունենում այնպիսի մասնակցություն, որը կհակասի օրենքին: «Այս դեպքում մենք ստացել ենք համապատասխան հանձնարարություն 7 ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու մասին: Դրանցից 6-ում ստուգումներն արդեն ավարտվել են, մեկում դեռ շարունակվում են»,- եզրափակեց Խաչատրյանը: