«Mediamall.am»  լրատվականն առաջարկում է ծանոթանալ անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությանը.


Պուտինը Պան Գի Մունի հետ քննարկել է Ուկրաինան և Սիրիայի ռմբակոծումները

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում միջազգային հանրակցության ջանքերը միավորելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի լույս 23-ի գիշերը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Ուկրաինայի իրադրության կապակցությամբ կողմերը դրական գնահատական են տվել երկրի հարավ-արեւելքում հրադադարի վերաբերյալ Շփման խմբի Մինսկի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին: «Պատրաստակամություն է հայտնվել ամեն կերպ օժանդակել խաղաղ գործընթացի ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Դրա հետ մեկտեղ Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայտարարել է «Իսլամական պետության»՝ Սիրիայի տարածքում գտնվող հենակետերին առանց սիրիական կառավարության համաձայնության հարվածներ հասցնելու անթույլատրելիության մասին:

 

***

 

Վրաստանը և Ուկրաինան քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

 

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ մայոր Վախթանգ Քափանաձեն, որը Կիեւի հրավերով երկօրյա այցով գտնվում է Ուկրաինայում, ծանոթացել է Rapid Trident 2014 միջազգային զորավարժությունների ընթացքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

 

Զորավարժություններին մասնակցում է Վրաստանի զինուժերի առաջին հետեւակային բրիգադի ստորաբաժանումներից մեկը:

 

Այցի շրջանակներում Քափանաձեն հանդիպում է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հետ: Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցերն ու հեռանկարները, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

 

***

 

Սիրիայում սպանվել է մի քանի տասնյակ գրոհային

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի տասնյակ գրոհային սպանվել կամ վիրավորվել է Միացյալ Նահանգների կողմից սիրիական Ռաքքա քաղաքի իսլամիստների դիրքերին հասցրած օդային հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է Reuters-ը:

«Կան տասնյակ վիրավորներ և զոհեր»,- ասել է խմբի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները հարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններին մի շարք արաբական երկրների աջակցությամբ:

 

***

 

Հայտնաբերվել է դի

 

Սեպտեմբերի 22-ին, ժամը 21.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի 59-րդ բնակարանի բնակիչ՝ 1927թ. ծնված Լ. Պ.-ն չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Լ. Պ.-ի դին:

 

***

 

Ուկրաինայում աշխարհազորը հրետանին հետ Է քաշել շփման գծից

 

Ուկրաինայի արեւելքում աշխարհազորայինները, Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան, հրետանային ստորաբաժանումները հետ են քաշել ուկրաինական զորքերի հետ շփման գծից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շտաբում:

 

«Աշխարհազորի զորախմբերը, պայմանավորվածություններին համապատասխան, հրետանային ստորաբաժանումների հետքաշում են իրականացնել կողմերի շփման գծից»,-հայտարարել են շտաբում:

Լուգանսկի մարզում ուկրաինացի ուժայինները նույնպես ձեռնամուխ են եղել ավելի վաղ զբաղեցրած դիրքերից ռազմական տեխնիկայի ու հրետանու մասնակի հետքաշմանը:

 

Կիեւի իշխանությունները եւ Դոնբասի աշխարհազորայինները Մինսկում բանակցություններ են վարում Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Սեպտեմբերի 5-ին նրանք համաձայնեցրել են հրադադարը եւ տարածաշրջանի կարգավիճակին վերաբերող մի շարք հարցեր, իսկ սեպտեմբերի 15-ին դրա իրագործման համար մշակել են ինը կետից բաղկացած հուշագիր: Այն պայմանավորվածություններ Է ներառում համընդհանուր հրադադարի, շփման գծում անվտանգության գոտու ստեղծման, այդ գոտուց եւ բնակավայրերից ծանր սպառազինությունների դուրսբերման եւ ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության ծավալման մասին:

 

***

 

Տոկիոն հրաժարվում Է Ճապոնիա այցելելու՝ Պուտինին արված հրավերից

 

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշել Է հետաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ճապոնիա, որը նախատեսված Էր այս տարվա աշնանը, ուստի այժմ քաղաքական գործչի պետական այցը կտեղափոխվի 2015 թվականի գարուն կամ Էլ ավելի ուշ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:

 

Ըստ նրա տվյալների՝ Վաշինգտոնը խնդրել Է Տոկիոյին՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում Արեւմուտքի հետ Մոսկվայի հարաբերությունների սրվելու կապակցությամբ հետաձգել Պուտինի այցը: Այդուամենայնիվ, Աբեն եւ Պուտինը մտադիր են բանակցություններ վարել Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության նոյեմբերյան գագաթնաժողովի շրջանակներում:

 

Ճապոնիան, հետեւելով Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին, մոտ ժամանակներս կարող Է պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ռուսաստանի դեմ:

Աբեն տակավին 2013 թվականի ապրիլին Պուտինին առաջարկել Էր այցելել Ճապոնիա: Ինն ամիս անց ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել Էր, որ հրավերն ընդունված Է:

 

***

 

Պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում. Իշխան Զաքարյանը' առողջապահության ոլորտի մասին

 

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության արդյունքները:

ՎՊ ներկայացուցիչ Վարդան Գևորգյանը ներկայացրեց ոլորտում արված ուսումնասիրությունների արդյունքները:

 

Անդրադառնալով ներկայացված ոլորտներում արված ուսումնասիրություններին՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում:

«Բազմաթիվ փաստեր կան ներկայացված»,- ասաց Իշխան Զաքարյանը և անդրադարձավ անվճար բուժօգնություն ստացող խմբերին:

 

«Նման 21 խմբեր կան, բայց մենք տեսանք, որ իրականում նրանց թիվը 24 է: Այդ խմբերի համար պետությունը կազմակերպում է ձրի բուժօգնություն: Մենք շատ հստակ դրել ենք խնդիրը, որ այդ ծառայությունից պետք է օգտվեն 36 և ավել միավոր ունեցողները: Վեց բժշկական հաստատություններում կատարել ենք ուսումնասիրություն, և բազմաթիվ խախտման դեպքեր են հայտնաբերվել՝ մոտ 72 դեպք, ընդհանուր գումարը՝ 25 մլն դրամի սահմաններում: Ընդհանուր ծառայությունը 330 մլն է, մենք ստուգել ենք 164 միլիոնը»,- ասաց ՎՊ նախագահը:

 

Նշենք, որ միավորների վերաբերյալ տեղեկանքները շատ դեպքերում չեն համապատասխանել իրականությանը: Արձանագրվել են դեպքեր, երբ բժշկական հաստատություն ներկայացված տեղեկանքն անապահովության միավոր ունենալու մասին բարձր են եղել, սակայն պատկերը եղել է հակառակը:

 

«Մենք բժշկական հիմնարկներին շատ չենք մեղադրել, քաղաքացին ներկայանում է և ցույց է տալիս տեղեկանք, որն էլ կեղծվում է տարբեր տեղեր: Բայց քանի որ այդ միասնական համակարգը չի աշխատում, բժշկական կենտրոնի ղեկավարը չի կարող ստուգել այդ տվյալների իսկությունը: Բայց միաժամանակ ասում ենք, որ անկատար համակարգ կա, որ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ արձանագրված փաստերն իրականությունն են, և պետք է գտնել դրանց լուծումները:

 

Երկրորդը «Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրն էր: «Այս բնագավառում մենք վերահսկողություն արել ենք 7 կամ 10 օր, որովհետև հենց ընթացքում ծանրակշիռ փաստեր ի հայտ եկան: Հիվանդն ընդամենը 7 օր է մնացել, բայց ձևակերպվել է 61 օր, ոչ մի օր չի մնացել, 33 օր է ձևակերպված: Ակնհայտ երևում է, որ քաղաքացին չի օգտվել այդ ծառայություններից, բայց դրա դիմաց պետական բյուջեից գումարները դուրս են եկել և գնացել են համապատասխան բժշկական հաստատություն՝ իր բոլոր հետևանքներով»,- ասաց ՎՊ նախագահը:

 

Երրորդ ծրագիրը, որին անդրադարձավ Իշխան Զաքարյանը «Հեմոդիալիզի անցկացման ծառայությունների» ծրագիրն էր: «Այստեղ որոշակի խնդիրներ կան հատկապես ֆիլտրերի ձեռքբերման հետ. մեկ անգամ, երեք, չորս օգտագործեն և այլն: ՎՊ-ն հիմք է ընդունել տվյալ պահին նախարարի հրամանը, որը հստակ ասում է, որ պետք է դրանք օգտագործվեին մեկ անգամ, մասնագիտական դաշտ չենք ուզում մտնել, մենք այս վերլուծությունները, որոնք արել ենք, հիմք ենք ընդունել միայն այդ պահին գործող հրամանը»,- նշեց նա:

 

Իշխան Զաքարյանի գնահատմամբ՝ հաջորդ չափազանց կարևոր խնդիրը դեղերի շրջանառությունն է: «Այս ոլորտը 2014 և 2015 թվականներին ևս կլինի ՎՊ-ի ուսումնասիրության դաշտում: Այստեղ մենք երկու խնդիր ենք դնում. առաջին՝ արդյոք իրատեսակա՞ն են ձեռք բերված դեղերի գները, և երկրորդը՝ արդյոք այդ դեղերը համապատասխանո՞ւմ են այն որակին, ինչ որ մենք ակնկալում ենք: Այսօր գաղտնիք չէ, որ ՀՀ-ում քաղաքացիները դժգոհում են դեղերի որակից»,- ասաց ՎՊ նախագահը:

 

***

 

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը մեծ ողբերգություն է. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը ցավում է օրեր առաջ Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցում կատարված պայթյունի համար: Վերջինս տեղի ունեցածը որակում է մեծ ողբերգություն' հավելելով, որ Սիրիայում նման դեպքերի թիվը օրեցօր շատանում է:

 

«Իհարկե, Դեր Զորում կատարվածը ողբերգություն է: Իմ մտահոգությունն այն է, որ կրոնական մոզաիկան, որ առկա է Սիրիայում, վտանգված է: Մենք պատկերացնում ենք, թե ինչպես է վտանգված նաև այնտեղ ապրող ժողովուրդների անվտանգությունը: Հենց դա է պատճառը, որ միջազգային հանրությունը փորձում է գտնել հնարավոր կիրառելի ռազմավարություն այս իրավիճակից դուրս գալու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Քեթրին Լիչը:

 

***

 

Խորհրդարանում մեկնարկեց ոչ իշխանական եռյակի հանդիպումը

 

Ազգային ժողովում մեկնարկեց ոչ իշխանական եռյակի նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նիստին ԲՀԿ-ից մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ-ից' խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը:

 

Նիստի օրակարգը որոշվելու է տեղում: Սպասվում է, որ այսօր եռյակը կհստակեցնի մարզային հանրահավաքների ժամանակացույցը:

 

***

 

Ռուսաստանն ահաբեկումների պատճառով չի փոխի քաղաքականությունը. The Atlantic

 

Արեւմտյան ղեկավարները, հատկապես ամերիկացիները, պետք է փորձեն հասկանալ Ռուսաստանին եւ ընդունեն այն փաստը, որ դա այն երկիրը չէ, որին կարելի է ահաբեկումների միջոցով ստիպել փոխելու իր քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է The Atlantic-ի լրագրող Ջեֆրի Թեյլերը:

«Իրադրությունը, որում մենք հայտնվել ենք, մեծապես պայմանավորված Է արեւմտյան ղեկավարների մի մասի, հատկապես ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին հասկանալու փորձի ձախողմամբ, իսկ դա, այնուամենայնիվ, հարկ Է, որ նրանք փորձեն անել՝ հաշվի առնելով նրա ռազմավարական կարեւորությունը, միջուկային զինանոցը, մայրցամաքային մասշտաբները, բնական ռեսուրսները»,-գրում Է Թեյլերը:

Հեղինակը հավելում Է, որ ներկայիս լարվածությունը կապված Է նաեւ այն բանի հետ, որ Արեւմուտքը չի ցանկանում ընդունել Ռուսաստանի արեւմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի բազաների ծավալման կապակցությամբ Ռուսաստանի անհանգստությունը:

Կուբայում ԽՍՀՄ-ի բազաների տեղաբաշխումից հետո ծագած նմանօրինակ առճակատումն ավարտվեց գործարքով, որն անհրաժեշտ Է նաեւ այժմ, նշում Է լրագրողը: «Բայց ինչ-որ բան կնքելու համար արեւմտյան ղեկավարները պետք Է վերանայեն Ռուսաստանի նկատմամբ իրենց տեսակետը եւ քաղաքականությունը, շարունակել Է նա:

Ռուսաստանն այն երկիրը չԷ, որին ահաբեկման միջոցով կարելի Է ստիպել փոխելու քաղաքականությունը, նշում Է The Atlantic-ի լրագրողը: Դա մի երկիր Է, որը չափազանց շատ բան Է վերապրել, ուստի տնտեսական պատժամիջոցների սպառնալիքները «դատարկ հնչյուն են» ռուսների ականջների համար, ընդհակառակը, դրանք միայն ամրապնդում են Վլադիմիր Պուտինի աջակցությունը բնակչության կողմից:

Թեյլերի համոզմամբ՝ կայուն խաղաղության հասնելու միակ հնարավորությունը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային չեզոքություն առաջարկելն Է եւ գրավոր ձեւով խոստում տալը, որ նրան չեն ընդունի ՆԱՏՕ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

Գարիկ Ավագյանը' Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի նախագահ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները: Նախագահի հրամանագրով Գարիկ Ավագյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:

 

ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունել Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 12-ի առաջարկությունը:

 

***

 

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է երկու զինվորի կորստի մասին

 

Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 23-ին երկու զինվորի կորուստ է տվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, զինվորներից մեկը' Սադիգով Փարվիզ Վիդադին մահացել է «ինֆեկցիոն հիվանդությունից», իսկ մյուսը' Շաբիև Քերամետ Շամքիրը' սահմանային առաջնագծում:

 

Սեպտեմբերի 18-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զոհվել էր զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ հայ զինվորի մահվան դեպքն անպատիժ չի մնա:

 

***

 

Ուկրաինայում զոհերի թիվը գերազանցել է 3500-ը

 

Ուկրաինայում ընթացող հակամարտության հետևանքով զոհվել է 3543 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների պաշտպնության գծով օգնական Իվան Շիմոնովիչը:

 

«Սեպտեմբերի 21-ի դրությամբ գրանցված զոհերի թիվը կազմում է 3543 մարդ, այդ թվում Ուկրաինայի արևելքում վթարի ենթարկված մալայզիական ինքնաթիռի 298 զոհերը»,- ասել է Շիմոնովիչը:

Միաժամանակ, վերջինը տեղեկացրել է, որ զոհերի վերաբերյալ տվյալները ստացվել են իրենց հասանելի աղբյուրներից, «դրա համար էլ իրական զոհերի թիվը զգալիորեն ավելի է»: