Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ցանկացել է սրբագրել ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերի վերաբերյալ կառավարության պատասխանը և ցույց տալ, որ պետք չէ անտեսել ոչ իշխանական ուժերի բարձրացրած հարցերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը կառավարությանն առաջարկել է կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետերին: «Դա լավ նշան է, որ հանրապետության Նախագահը կրկին առաջարկել է անդրադառնալ այդ 12 կետերին, որովհետև այդ կետերում շատ լուրջ հարցեր են բարձրացված, և լավ է, որ Նախագահն էլ այդ լրջությունն արձանագրում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

 

Նա ընդգծեց, որ կառավարությունը պատասխանել է իրենց ներկայացրած 12 կետերին, ինչը, սակայն, ոչ իշխանական ուժերին չի բավարարել: Նրա խոսքով՝ այս դեպքում Նախագահն արձանագրել է, որ հարկավոր է, որ կետերից յուրաքանչյուրին հանգամանալից և ամբողջական պատասխան տրվի:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կառավարությանն առաջարկել է կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներից հետո կառավարությունը կանդրադառնա ոչ իշխանական ուժերի 12 կետերին: