«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.


Հայտնի են «Գազելի» պայթյունի հետևանքով զոհվածներից վեցի անունները

 

NEWS.am-ին հայտնի է դարձել նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 7 քաղաքացիներից վեցի ինքնությունը։ Նրանցից ամենամեծը 60 տարեկան է, ամենափոքրը՝ 20։

 

 

Մահացածներն են՝ «Գազելի» վարորդը՝ Ռազմիկ Մկրտչյան (1955թ.), Մարինե Նազարյան (1959թ.), Արամայիս Շիրազունի (1954թ.), Վանիկ Սարգսյան (1994թ.), Հաբեթ Սեդրակյան (1962թ.) եւ Գայանե Սեդրակյան (1965թ.): Վերջին երկուսը ամուսիններ են:

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

***

 

«Քայլերից է երևում». Արագած Ախոյանի համար Գագիկ Ծառուկյանն ընդդիմադիր գործիչ է

 

 

«Իմ կարծիքը ոչինչ չի ասի, որովհետև դա կարող է լինել զուտ անձնական, իսկ մնացած որոշումները կայացվում են»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն՝ անդրադառնալով պարբերաբար հանրահավաքներ անելու ՀԱԿ հայտարարությանը:

 

«Գրասենյակում կան մարդիկ, ովքեր կարող են պատասխանել դրան, ես կարող եմ միայն ասել, որ պայքարի տարբեր ձևեր կան, կան տարբեր մոտեցումներ, իմ մոտեցումները լրիվ այլ են»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանին շատերը չեն տեսնում որպես ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ովքեր ասում են, հարցեք իրենց, ձեզ ի՞նչ է թվում, ես ինչ պետք է պատասխանեմ, ասելով-չասելով չէ, քայլերից է երևում:

 

Հարցին, թե արվող քայլերը տանո՞ւմ են ընդդիմության, Ախոյանն ասաց. «Ինքներդ գնահատեք՝ տանում են, թե չէ, եթե այսօր իշխանափոխության խնդիր է դրված՝ իհարկե: Մի բառով ասված է ամեն ինչ»:

 

***

 

Պուտինը սպառնացել է Էրդողանին

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջինիս խնդրանքով օրերս ունեցած հեռախոսազրույցի ժամանակ զգուշացնելու տոնով հասկացնել է տվել նրան, որ Թուրքիան այսուհետ չպետք է միջամտի Սիրիայի ներքին գործերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ռուսաստանյան անգլիալեզու Moscow Times թերթը:

 

Թերթը հայտնում է, որ հեռախոսազրույցում Էրդողանը հերթական անգամ Պուտինին ասել է, թե Թուրքիան այնպիսի սահմանի է հասել, որ սրանից հետո չի կարող «անտարբեր մնալ Սիրիայում մարդկանց զանգվածային սպանությունների նկատմամբ»:

 

Էրդողանի այս խոսքը չափազանց զայրացրել է Պուտինին, ով խիստ տոնով նրան զգուշացրել է չմիջամտել Սիրիայի ներքին գործերին եւ հավելել, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կկանխի տարածաշրջանում աղետալի պատերազմը բորբոքելու Թուրքիայի ցանկությունը:

 

Ըստ թերթի' Ռուսաստանի նախագահի այս խոսքից շփոթված Էրդողանը Պուտինին հարցրել է, թե նրա այդ արտահայտությունը կարո՞ղ է Թուրքիայի դեմ անմիջական սպառնալիքի իմաստ կրել: Պուտինն իր պատասխանում ասել է. «Պարոն նախագահ, Դուք իմ խոսքերն ինչպես ցանկանում եք, այնպես էլ ընդունեք»:

 

Թերթը գրում է, որ Ռուսաստանի նախագահը Էրդողանին հիշեցրել է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած Սիրիայի ճգնաժամում Թուրքիայի վարած «սխալ եւ ագրեսիվ» քաղաքականությունը, ինչպես նաեւ «վեհության մոլուցքով տարված նախագահ Էրդողանի» կողմից ջիհադական ահաբեկիչների համար Թուրքիայի տարածքում գտնվող անվտանգության գոտիներում ճամբարներ ստեղծելու փաստը:

 

 

***

 

Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

 

Նախագահի ցավակցության մեջ ասված է.

 

«Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

 

Վստահ եմ՝ իրավապահ մարմինները կկատարեն դեպքի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննություն, կպարզեն այս ողբերգության բոլոր պատճառները, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»:

 

 

***

 

«Սուրեն Գալստյանի համար ամենակարևորը դարձավ հայրենիքի պաշտպանությունը»

 

Արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նվիրյալները» հաղորդումն այս անգամ պատմում է ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ Սուրեն Գալստյանի մասին:

 

«Ղարաբաղի երիտասարդ հրամանատարը, տեսնելով հայրենական տան փլատակներն ու ավերված Մարտակերտը, հասկանում էր, որ այլևս չի զբաղվի շինարար-ինժեների իր մասնագիտությամբ: Սուրեն Գալստյանի համար ամենակարևորը դարձավ հայրենիքի պաշտպանությունը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

***

 

Բեռլինում տեղի է ունեցել Մերկելի և Գորբաչովի հանդիպումը

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 10-ին Բեռլինում հանդիպել է ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը:

 

Գերմանիայի վերամիավորման գործում մեծ ներդրում ունեցած 83-ամյա քաղաքական գործիչը, այդ երկիր էր ժամանել Բեռլինի պատի անկման 25-րդ տարեդարձի տոնակատարությունների առիթով:

 

Ավելի վաղ, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա կանցլերի գրասենյակում, փոխվստահության մթնոլորտում և չի բացառվում Ուկրաինայի հարցի քննարկումը:

 

***

 

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ հանդիպում եղել է: Այս մասին նոյեմբերի 11-ին«Հենարան» մամուլի ակումբում ասել է ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Թե երբ է եղել այդ հանդիպումը եւ ինչ հարցեր են քննարկվել, Ռազմիկ Զոհրաբյանը չի մանրամասնել:

 

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ծառուկյանը որպես Ազգային անվտանգության խորհդրի անդամ կարող է հանդիպել նախագահի հետ:

 

 

 

***

 

 

Ոստիկանությունը՝ Շիրակում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

 

 

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.20-ին, 1970 թ. ծնված Մանվել Վարդանյանի վարած «ԿամԱԶ-53202» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 107-րդ կմ-ին բախվել է անհայտ վարորդի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:

 

Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ն այրվել է, հայտնաբերվել է 7 կիսաայրված դիակ, իսկ ուղևորներ՝ 1975 թ. ծնված Կարեն Բաղդասարյանը, 1997 թ. ծնված Հովհաննես Չախոյանը, 1997 թ. ծնված Սամվել Հակոբյանը, 1992 թ. ծնված Ալբերտ Շախնազարյանը, Զարուհի Սիմոնյանը, Էդմոն Սիմոնյանը և Զարուհի Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

 

Մանվել Վարդանյանը կալանավորված է:

Կատարվում է նախաքննություն:

 

 

***

 

 

Մահվան ելքով պատահար' Նոր Արեշում. վարորդը դիմել է փախուստի

 

Երևանի Նոր Արեշի 48-րդ փողոցի թիվ 45/1 տան դիմաց նոյեմբերի 10-ին' ժամը 22.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1963թ. ծնված Լիլիթ Փարսյանին և դիմել փախուստի: Լ. Փարսյանը բախվել է ճամփեզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենային և տեղում մահացել:

Կատարվում է քննություն:

 

***

 

 

ԱՄՆ-ում զինված հանցագործը մարդկանց է պատանդ վերցրել

 

 

Երկուշաբթի օրը զինված տղամարդն ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Նորման քաղաքում երկու մարդու է պատանդ վերցրել: Ավելի ուշ հանցագործը հանձնվել է ոստիկանությանը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Թոմ Իսլին:

 

Նրա խոսքով՝ տղամարդ և կին պատանդներին գերի է վերցրել 29-ամյա Դևին Ռոջերսը, ով ատրճանակ է ունեցել: Հանցագործը տեղական ժամանակով ժամը 12:30-ին մտել է եռահարկ շինություն, բարձրացել երկրորդ հարկ և ներխուժել գրասենյակներից մեկը:

 

Ոստիկանության հատուկջոկատայինները դեպքի վայր են մեկնել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները փակել են դեպի գրասենյակ տանող ճանապարհներն ու տարհանել են մարդկանց:

 

Իշխանություններին հաջողվել է անմիջապես կապ հաստատել հանցագործի հետ, և 4 ժամ բանակցելուց հետո նա հանձնվել է: Նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն, որևէ պահանջ չի ներկայացրել:

 

***

 

Հայ գործարարի սպանության գործով ադրբեջանցի է ձերբակալվել

 

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի դատարանը քննել է «Աստրեա» կոշիկ արտադրող ընկերության սեփականատեր Արսեն Սարգսյանի՝ 2012թ.-ի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած սպանության գործը: Այս մասին հայտնել է «Коммерсант»-ը:

 

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները 2013թ.-ի գարնանը ձերբակալել էին 34-ամյա Ռամիլ Հուսեյնովին, ով մարդասպանին հասցրել էր դեպքի վայր և հետ տարել: Նրան դատապարտել են 8 տարվա ազատազրկման: Ըստ որոշ տվյալների՝ նրանք թաքնվում են Ադրբեջանում:

 

Հետախուզում է հայտարարվել ենթադրյալ մարդասպան Ջավիդ Նիֆթիևի և սպանության կազմակերպման միջնորդ Ռաիմ Հալիլովի նկատմամբ:

 

Հանցագործության շարժառիթը և սպանության պատվիրատուին պարզել դեռևս չի հաջողվել: Հայտնի է միայն, որ սպանության համար 450 հազար դոլար են վճարել, իսկ Հուսեյնովին վճարվել է 1.2 մլն ռուբլի:

 

***

 

Գյումրու ԲԿ-ում բուժվող' ավտովթարից վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում

 

Գյումրու բժշկական կնտրոնում այս պահին բուժում ստացող' Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ավթովթարից վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

 

Այս պահի դրությամբ' կենտրոնում շարունակում է բուժում ստանալ նոյեմբերի 10-ի ողբերգական վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածներով ու այրվածքներով այդտեղ տեղափոխված 4 հիվանդ:

 

Կենտրոն տեղափոխված 7 հիվանդից 1-ը դուրս էր գրվել նույն օրը, 2-ը' նոյեմբերի 11-ին, իսկ մեկին տեղափոխել էին Երևան: «Այս պահի դրությամբ' կենտրոնում բուժում է ստանում 4 հիվանդ: Բոլորին օգնություն է ցուցաբերվել, և նրանցից ոչ մեկին բարդություն կամ կյանքին վտանգ չի սպառնում: Ընդամենը պետք է կազմակերպել պլանային վիրահատություններ, բուժումներ, այրվածքների բուժումներ»,- նշեց Արմեն Իսահակյանը:

 

Վիրավորներին բուժօգնության աշխատաքները համակարգում են ՀՀ առողջապահության նախարարն ու Շիրակի մարզպետը:

 

Արմենուհի Մխոյան


***


«Հայ խաղաղապահների առաքելությունը պակաս կարևոր չէ, քան ՀՀ և ԼՂՀ սահմանները պաշտպանողներինը». Սեյրան Օհանյան



Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները հեռուստակամրջի միջոցով կապ հաստատեցին իրենց ընտանիքների և ծառայակից ընկերների հետ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում նոյեմբերի 10-14-ը Հայաստանում անցկացվում է «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարք, որի ընթացում էլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 11-ին կազմակերպվեց հեռուստակամուրջ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար:

 

Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հայ խաղաղապահներին առցանց կապի միջոցով փոխանցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը: «Կարծում եմ, որ դուք անչափ կարևոր առաքելություն եք իրականցնում:

 

Այս օրերին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում Հայաստանում անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնք ևս մեկ անգամ փաստում են մեր համագործակցության արդյունավետ պատմությունը և հեռանկարները:Շարունակությունն՝ այստեղ: