Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները հեռուստակամրջի միջոցով կապ հաստատեցին իրենց ընտանիքների և ծառայակից ընկերների հետ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում նոյեմբերի 10-14-ը Հայաստանում անցկացվում է «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարք, որի ընթացում էլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 11-ին կազմակերպվեց հեռուստակամուրջ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար:

 

 

Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հայ խաղաղապահներին առցանց կապի միջոցով փոխանցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը: «Կարծում եմ, որ դուք անչափ կարևոր առաքելություն եք իրականցնում: Այս օրերին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում Հայաստանում անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնք ևս մեկ անգամ փաստում են մեր համագործակցության արդյունավետ պատմությունը և հեռանկարները:

 

Ակնհայտ է, որ այս համագործակցության լավագույն ապացույցը հայ խաղաղապահն է: Մարտահրավերներով լի ժամանակակ ից իրականությունում յուրաքանչյուրն իր անվտանգությունն ապահովում է՝ հաշվի առնելով նաև ընդհանուր անվտանգության միջավայրը՝ իր հնարավորությունների շրջանակներում իր ներդրումն ունենալով դրա ձևավորման վրա: Հայաստանն իր փոքր հնարավորություններով, բայց և բանակային մեծ փորձով բավականին լուրջ խնդիր է իրականացնում՝ ծառայելով աշխարհի տարբեր կետերում՝ Աֆղանստանում, Կոսովոյում, մի քանի օր հետո՝ նաև Լիբանանում:

 

Դուք ոչ պակաս առաքելություն եք իրականացնում, քան Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող զինվորները»,- նշեց ՀՀ պաշտպանության նա խարարը՝ ցանկանալով անտվանգ ծառայություն և բարի վերադարձ:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հարցին, թե ինչպես է անցնում ծառայությունը, մեր խաղաղպահները հաղորդեցին, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և ծառայությունն ընթանում է պլանավորվածին համապատասխան:

 

Միջազգային խաղաղության հաստատմանն իրենց անվանդը բերող հայ զինվորներին ողջույննի խոսքեր հղեցին նաև Հայաստանում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները:

 

Հայաստանում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատունը հանդիսացող Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը հայրերենով ողջունեց զինվորներին և նրանց ընտանիքներին, հարցրեց Աֆղանստանում առաքելություն իրականացնող զինծառայողների որպիսությունը, մասնավորապես, սննդի առումով, ապա շնորհակալություն հայտնեց նրանց ընտանիքներին՝ իրենց համբերության և անձնազոհության համար: «Գիտեմ, թե որքան մեծ անձնազոհություն է ձեր կողմից: Ցանականում եմ շնորհակալություն հայտնել ձեր սիրելիներին աջակցելու համար, որը նրանց համար շատ կարևոր է»,- ասա ց դեսպանը:

 

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հատնեց, որ մեծ տեղ է տրվում նաև կանանց մասնակցությանը խաղաղապահ առաքելություններին: «Համոզված եմ, որ մի քանի ռոտացիոն շրջաններից հետո մենք կկարողանանք գործուղել նաև կին զինծառայողների»,- ընդգծեց նա:

 

Մոտ երեք ամիս Մազարի Շարիֆում ծառայություն իրականացնող Հայկ Ազիզյանի հարազատներն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին, որ վատ կապի պատճառով հաճախակի չեն կարողանում շփվել Հայկի հետ: Նրանց խոսքով՝ զինվորի համար ամենդժվարը բաժանումն էր ընտանիքից, մանավանդ, նորածին որդուց, իսկ ծառայությունն անցնում է լավ պայմաններում: