ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մտադիր չէ պատգամավորական մանդատը վայր դնել։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Օհանյանը, պատասխանելով մեր հարցին, թե Ազգային Ժողովում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո հատկապես չե՞ք մտածել մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում հերթական նիստի ընթացքում մի շարք ՔՊ–ական պատգամավորներ անդադար գոռում էին ընդդիմադիրների վրա, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երբ Սեյրան Օհանյանը բարձրացրել էր նրա աթոռի մոտ, հրահանգել էր արագ իջնել։ «Դուք ստում եք, անձամբ ինձ չեն թողել»։ «Դու ես ստում, մի հատ գնա ստեղից, հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողնի, իջի ամբիոնից։ Հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողնի, գնա ստեղից»,- արձագանքել էր Ալեն Սիմոնյանը։ Սեյրան Օհանյանն ասել էր, որ իշխանական պատգամավորները ստում են, իրեն անձամբ չեն թողել իր ուզած մուտքով տեղաշարժվել։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ շարունակել էր նույն ոճով պատասխանել Սեյրան Օհանյանին․ «Արա, գնա ստեղից»։
Հարցին, թե ցանկացել ե՞ք մանդատը վայր դնել, բայց ձեր խմբակցության պատգամավորները դեմ են եղել Օհանյանն ասաց․ «Այդպիսի բան չկա։ Ես կարող է, որ մի երկու անգամ Ալենը (նկատի ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին), որ ասել է թող մանդատները վայր դնեն, մի երկու անգամ հարց եմ տվել, թող ինքը դնի, ես նույն վարկյանին դնեմ»։
Դիտարկմանը, թե խորհրդարանում վերջին միջադեպից հետո ձեզ շատ են դիմում ասելով վայր դրեք մանդատը, հաշվի առնելով ձեր կոչումն ու մարտական ուղին։ «Չէ, դե ոնց բոլորին ինձ էլ են ասում։ Այնպես չէ, որ այս մանդատը ինձ համար ինքնանպատակ է, որովհետև 2021 թվականի ընտրությունների ժամանակ ժողովուրդը տվել է այդ մանդատը, որպեսզի մենք աշխատանեք և պայքարենք հանուն հայրենիքի և այս իշխանության դեմ։ Գիտեք, որ նաև անձեռնամխելիությունից զրկել քրեական գործ են հարուցել, մանդատները դնելը ինքնանպատակ չէ, այդ մասին բազմիցս ենք խոսել»,– ասաց Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, թե ԱԺ է, աշխատանք է և բախումներ կլինեն, իսկ ինքը երբեք չի սիրում իր անձի մասին խոսել։
Միաժամանակ Օհանյանը կարծիք հայտնեց, թե վերջին միջադեպերը խոսում են այն մասին, որ ՔՊ–ում էլ են հասկացել, որ իրենց վարկանիշը ընկնում է, մի բան կատարվում է։ «Մենք Արցախ կորցրեցինք, փողոցում մարդկանց նկատմամբ են բիրտ ուժ կիրառում, իմ անձի նկատմամբ կատարվողը մանրուքներ են, իհարկե հետևություններ անում եմ, բայց չեմ ընկճվում»,– ասաց Սեյրան Օհանյանը, հավելելով, որ մտադիր չէ պատգամավորական մանդատը վայր դնել։ «Ես էդպիսի նպատակ չունեմ»,– ասաց նա։