«Եթե իշխանության գան մարդիկ, որոնք կառավարման համակարգից լավ հասկանում են, և հասկանան ինչ է նշանակում մարտավարություն, ռազմավարական խնդրի ձևավորում, անվտանգություն, ապա լավ կլինի», - ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս տեսակետը հայտնեց Արցախի նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված։
Օհանյանի խոսքով' Արցախն այս իրավիճակից առանց Հայաստանի աջակցության դժվար կարողանա դուրս գալ, բայց եթե գաղափարը ձևավորվի Արցախից՝ Օհանյանը համոզված է, որ Հայ ժողովուրդը կմիանա դրան, եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները չուզեն։
«Բոլոր երեսուն տարիների ընթացքում, Արցախի ժողովուրդը սերտ կապի մեջ լինելով Հայաստանի իշխանությունների հետ կարողացել է իր առաջնահերթությունները, պնդումները ձևակերպել և իր շահերից ելնելով ձեռքը սեղանին խփել։ ՀՀ իշխանությունները այսօր մեր շահերը շատ դժվարությամբ են առաջ տանում, կարելի է ասել չեն տանում։ Եթե Արցախում իշխանության գան մարդիկ, որոնք կպնդեն Արցախի շահերը դեմ գնալով ՀՀ իշխանություններին, շատ լավ կլինի»:
Ըստ նրա՝ Արցախում, խնդիրները օրըստօրե ավելի են խորանում․ «Դա գալիս է նրանից, որ Արցախում այս իրավիճակից դուրս գալու հստակ ռազմավարություն, կամ ծրագիր չկա։ Ես մոտ լինելով Արցախին և 44-օրյա պատերազմին այնտեղ լինելով, սկսած 2020թ. նոյեմբերի 11-ից առաջարկություններ եմ արել Արայիկ Հարությունյանին՝ ծրագիր կազմելու, շարժում սկսելու և դիմադրության ոգին պահպահպանելու համար։ Այս տարի պետնախարարին եմ ուղարկել ռազմավարության հիմնական ուղղությունների առաջարկ, և՛ Ռուբեն Վարդանյանը, և՛ քաղաքական մի քանի ուժերի ներկայացուցիչներ ասել են, որ դա շատ օգտակար է։ Այս առումով պետք է գործենք՝ ոչինչ երբեբ ուշ չէ սկզբունքով։ Եթե կա ճգնաժամ, կառավարման խնդիրներ, մենք փոփոխություններ պետք է ակնկալենք»- ավարտեց Սեյրան Օհանյանը:
Զալիբեկյան Լիլիթ