Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացավ ՕՐՕ համաժողովը, որի ընթացքում ներկաներին իր խոսքը հղեց ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը.

 

«Այսօր հարցերի հարցը Արցախի անվտանգությունն է, և ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ քննարկումները տանել հենց անվտանգության տեսանկյունից և չգնալ պոպուրիզմի: Ես որոշեցի մտնել քաղաքականություն, քանի որ ՀՀ զարգացման հնարավորությունները սպառվել են: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կամ պետք է գիտակցենք իրավիճակի լրջությունը և դիմենք քայլերի, կամ կկանգնենք իրական աղետների առաջ»,-հայտնեց Սեյրան Օհանյանը՝ հայտարարելով, որ  իրեն առաջարկվել են բարձր պաշտոններ, որոնցից ինքը հրաժարվել է:

 

Սեյրան Օհանյանի բնորոշմամբ՝ ինքը մշտապես կանգնած է եղել հասարակ քաղաքացու կողքին՝ իր զբաղեցրած պաշտոններում երբեք չհանելով զինվորական համազգեստը:

 

Նախկին նախարարն իր ելույթում անդրադարձավ նաև իրեն հասցեագրված տարատեսակ մեղադրանքներին՝ նշելով. «Գործող իշխանության կազմում ես որևէ մեկի հետ անձնական խնդիր չեմ ունեցել և չունեմ,  ես նրանց հետ ճանապարհ եմ անցել, իհա՛րկե, ոմանց հետ ունեցել եմ նաև տարաձայնություններ: Այժմ ինձ չեմ տեսնում նույն համակարգի կազմում,  քանի որ մեզ նոր մոտեցում է հարկավոր»:

 

Սեյրան Օհանյանը ներկայացրեց դաշինքի ծրագրային դրույթները՝ մատնանշելով զինվորական ծառայության բարելավման, զինվորականների աշխատավարձերի բարձրացման և արցախյան հարցի կարգավորման ուղիները: