«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մենք միշտ համագործակցել ենք, և շատ առաջարկություններ օգտագործել ենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՏՏ ոլորտի մասնագետներն ասում են, որ ՊՆ-ն իրենց ներուժը չի փորձում օգտագործել:
Նա նշեց, որ սկսած 1994 թ-ից՝ ռազմական արդյունաբերությունը շարունակական զարգացման միտում ունի:

 

«Իհարկե մենք կուզենայինք, որ տեմպերն ավելի արագ լինեին, բայց այն իրականացվում է մեր հնարավորության շրջանակներում»,- նշեց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ եթե լուրջ առաջարկներ են լինում, իրենք իրականացնում են. «Սակայն մենք նաև պետք է հաշտվենք այն իրականության հետ, որ շատ մարդիկ ուզում են բանակի ծրագրերի շրջանակներում իրենց շահույթն ունենալ»:
Միաժամանակ Սեյրան Օհանյանն ասաց, որ երբեք չի եղել, որ այս կամ այն կազմակերպությունը ինքնուրույն տարբեր մշակումներ, արդեն պատրաստի արտադրանքը ներկայացնի և, եթե դա համապատասխանի տեխնիկական միջոցներին և այսօրվա պահանջներին, իրենք մերժեն:

 

Նախարարը նշեց, նաև, որ եթե կառուցողական առաջակություններ լինեն, ապա ՏՏ ոլորտի մասնագետները անմիջապես թող իրեն դիմեն: Սեյրան Օհանյանն ասաց, որ պաշտպանության նախարարի մոտ բազմաթիվ մարդիկ են գալիս և թող հարցնեն նրանց՝ կարողանում են շփվել նախարարի հետ, թե ոչ:

 

Դիտարկմանը, թե դժգոհությունը կոնկրետ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանից է եղել, նախարարը չցանկացավ քննադատել նաև Ալիկ Միրզաբեկյանին՝ հավելելով, որ նա իր ներուժի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատում է:

Աղբյուրը՝ panorama.am