Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումն օդից չի վերցվել և մասնագիտական մոտեցումները, որոնք ներկայացվել են, պարզաբանում են, թե ինչու է կայացվել այդ որոշումը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

 

Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը' պատասխանելով NewsBook-ի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ վերջինս շատ քաղաքական գործիչների նման չի միացել Բաղրամյան պողոտայում երիտասարդների պայքարին, նշել է, որ ինքը դրա կարիքը չունի:

 

«Ես ամեն օր նայում եմ, հետևում եմ մինչև ուշ գիշեր, մինչև առավոտ, և ինձ համար շատ անցանկալի են այն պահերը, երբ երիտասարդների պայքարի գործողությունների վրա մարդիկ են հայտնվել, վերականգնում են իրենց իմիջը, ուզում են հերոսանալ նորից»,- եզրափակեց Գագիկ Բեգլարյանը:

 

«Մանրամասներն իմանալու դեպքում ժողովրդի մեծ մասը կհամոզվի, որ ռեալ տրամաբանություն կա թանկացման մեջ: Բաղրամյան փողոցում բողոքի ցույցի ելած մարդկանց պետք է մանրամասն, մասնագիտորեն ներկայացվեն պատճառները, քննարկումներ ծավալվեն, հետո ժողովուրդն ինքը որոշի' պետությունն է ճիշտ, թե երիտասարդները, պետության մոտեցումն է ճիշտ, թե երիտասարդների պայքարը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

Միաժամանակ, Բելգարյանն ասաց, որ եթե երկրում որոշում է կայացվել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին, ապա ինքը պատրաստ է վճարել նոր գնով:

 

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում'Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա'հանրահավաք, այնուհետև' նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա' չենթարկվելով' հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: